«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#39, 2004-03-05 | #40, 2004-03-06 | #41, 2004-03-10


«ՄՈՌԱՑՎԱԾ ԱՆՈՒՆՆԵՐ» ԽՈՐԱԳՐՈՎ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ ԹԲԻԼԻՍԻՈՒՄ

Վրաստանում տեղի ունեցող իրադարձությունների ֆոնին հայ համայնքի գործունեությունը հատկապես մշակութային հարցերի առումով կարող է անժամանակ թվալ։ Վրաստանում սպասվող խորհրդարանական ընտրությունների նախաշեմին այս պետության մեջ հայերին վերաբերող հարցերի լուծումները կարելի է ակնկալել հենց պառլամենտում ակտիվ գործունեություն ծավալելու հնարավորություն ունենալու դեպքում։

Բայց այսքանով հանդերձ, ուշագրավ է, որ Վրաստանում հայերը շարունակում են մշակութային հարցերին պատշաճ ուշադրություն դարձնել։ Մարտի 3-ին Թբիլիսիում Կովկասյան Տանը (Վրաստանի մշակութային հարաբերությունների կենտրոնում) տեղի ունեցավ «Մոռացված անուններ» խորագրով ցուցահանդես։ Այն ներառում էր Թբիլիսիում ստեղծագործած եւ ստեղծագործող հայ նկարիչների աշխատանքները։ Ցուցահանդեսը կազմակերպել էին նկարների հավաքածուի հեղինակ Ալեքսանդր Պիրադովը, Վրաստանում Հայաստանի դեսպանատունը եւ Վրաստանի հայերի միությունըՙ Կովկասյան Տան տնօրինության աջակցությամբ։

Հիմնականում ներկայացված էին 19-րդ դարի վերջի, 20-րդ դարի սկզբի նկարներ, որ պատկանել են Մարիամ Բեկ-Մարմարչեւայի, Ռոբերտ Նալբանդյանի, Էմմա Լալաեւայի, Նադեժդա Ալեքսանյան-Շահազիզի, Խունունց Միքայելի եւ նրա դստերՙ Մարգարիտայի, Վասիլի Պիրադովի եւ էլի ուրիշների վրձնի գործերը։ Ներկա էին Վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն եպիս. Միրզախանյանը, Վրաստանում Հայաստանի դեսպան Գեորգի Խոսրոեւը, Հայերի միության նախագահ Հենրիխ Մուրադյանը, Թբիլիսիում հայ մտավորականության ներկայացուցիչներ, արվեստագետներ։

Ցուցահանդեսը բացեց Կովկասյան տան տնօրեն Նաիրա Գելաշվիլին։ Նա կարեւորեց հայ-վրացական մշակութային հարաբերությունների եւ հայ նկարիչների ստեղծագործությունների կարեւորությունը եւ արդիականությունը։ Այնուհետեւ Վրաստանում ՀՀ դեսպան Գեորգի Խոսրոեւն իր խոսքում անդրադարձավ Վրաստանի մայրաքաղաքին որպես յուրօրինակ մի երեւույթ, որտեղ ապրել ու ստեղծագործել են ռուսական մտավորականության կարկառուն ներկայացուցիչներ, այդ թվում նաեւ հայեր։ Նրանց ստեղծագործության, նրանց հասարակական գործունեության օրինակով դաստիարակվել ու մեծացել է ոչ միայն մեկ սերունդ ե՛ւ Թբիլիսիում, ե՛ւ Հայաստանում։

Վրաստանում հայերի միության նախագահ Հենրիխ Մուրադյանը նշեց, որ հենց Թբիլիսին է եղել այն քաղաքը, որտեղ, ամենայն հավանականությամբ, եղել են բոլոր բարենպաստ պայմանները ստեղծագործելու համար։ Ցուցահանդեսը դրա վկայությունն է։

Ցուցահանդեսում ներկայացված հավաքածուի հեղինակ Ալեքսանդր Պիրադովը ներկաներին հիշեցրեց, որ դեռեւս 19-րդ դարի 2-րդ կեսին Թբիլիսին մշակութային կենտրոն էր ողջ Անդրկովկասի համար եւ որ Թբիլիսիում են ստեղծագործել այնպիսի հայ արվեստագետներ, ինչպիսիք են Հակոբ Հովնաթանյանը, Գեւորգ Բաշինջաղյանը, Եղիշե Թադեւոսյանը, Ալեքսան Բաժբեուկ Մելիքյանը, Ալբերտ Դիլբարյանը եւ ուրիշներ։

Ալեքսանդր Պիրադովը հանդիսականներին ամենյան մանրամասնությամբ ներկայացրեց իր հավաքածուի յուրաքանչյուր նկարի հեղինակի կենսագրությունն ու ցուցադրված աշխատանքների պատմությունը։ Այնուհետեւ ներկաները հրավիրվեցին համերգի, որ ներկայացնում էին հայ երաժիշտները։

ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, Թբիլիսի


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4