«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#42, 2004-03-11 | #43, 2004-03-12 | #44, 2004-03-13


ԵՐԿՈՒ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ԱՌԱՋԻՆ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ

ԿԱՐԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Ճակատագրի բերումով նույն տարածաշրջանում կողք-կողքի ապրող երկու երկրների նախագահների առաջին հանդիպումը կայացավ Վրաստանի պատմության համար շրջադարձային ժամանակաշրջանում։ Ռոմանտիկական փայլով ու սցենարի ինքնատիպությամբ վարդերի հեղափոխությունը քաղաքական իրականության նոր ընկալումներ տվեց ոչ միայն Հայաստանի, այլեւ ԱՊՀ բազում երկրների ընդդիմադիր զանգվածին։ Վրացական իրադարձությունների արձագանքները դեռ լսելի են լինելու աշխարհի տարբեր անկյուններում։

Երկու նախագահները դեմ առ դեմ քննարկեցին ընդհանուր բնույթի տարածաշրջանային եւ մասնավորապես Հայաստանի ու Վրաստանի քաղաքական, տնտեսական, մշակութային ինտեգրմանը վերաբերող հիմնախնդիրներ։ Այս հանդիպումն ու քննարկումները, փաստորեն, անուղղակի ձեւով դարձան 2001 թվականի հոկտեմբերի 23-ին Հայաստանի եւՎրաստանի ստորագրածՙ բարեկամության, համագործակցության եւ փոխադարձ անվտանգության պայմանագրի վերահաստատումը։ Դրանք նաեւ փոխառնչությունների ձեւը որոշելու, երկկողմանի հարաբերությունների զարգացման հիմքերը ճշգրտելու փորձ էին։

Ռոբերտ Քոչարյանը, նրա «եռանդն ու լայնախոհությունը» լավ տպավորություն էին թողել Միխայիլ Սաակաշվիլու վրա, եւ նա ասաց, որ մտադիր է շատ հարցերում ընդօրինակել հայկական փորձը։

Գնահատելով Հայաստանի դերը իբրեւ մերձավոր հարեւանիՙ Մ. Սաակաշվիլին հույս հայտնեց, որ Հայաստանը կարող է լուրջ դերակատարում ունենալ Ռուսաստանի հետ Վրաստանի հարաբերությունները կարգավորելու խնդրում։

«Տարածաշրջանային հակասությունների առկայության դեպքում որքանով է հնարավոր վերականգնել, օրինակ, Կարս-Գյումրի երկաթգիծը, որը տնտեսական մեծ նշանակություն կարող է ունենալ նաեւ Վրաստանի համար» հարցին Սաակաշվիլին պատասխանեց. «Դրա իրականացման հնարավորությունը հիմնականում Թուրքիայի կամքն է, եւ բնականաբար ամեն ինչ կախված է նրա տրամադրվածությունից ու կամեցողությունից»։ Նա խոստացավ Անկարա իր առաջիկա այցի ընթացքում քննարկման դնել նաեւ այս խնդիրը, այս դեպքում միջնորդի դեր ստանձնելով Հայաստան-Թուրքիա հարաբերություններում։

Աբխազական երկաթուղու վերագործարկումը Վրաստանի հետ հարաբերությունների սերտացման կարեւոր միջոց կարող է դառնալ։ Միխայիլ Սաակաշվիլին նախորդ օրը «Ազգին» տված հարցազրույցում արտահայտած դիրքորոշումըՙ հիմնախնդիրը լուծելու համար ինքը պատրաստ է համարձակ քայլիՙ Աբխազիայի հետ տնտեսական համագործակցություն սկսել, անկախ այն իրողությունից, որ դեռ ճշտված չէ Աբխազիայի կարգավիճակը Վրաստանի հետ հարաբերություններում։

Վրաստանի նորընտիր նախագահը համակարծիք է ՀՀ նախագահի հետ, որ Վրաստանի հայկական համայնքի ներդաշնակ ու խոր ինտեգրումը այս երկրի քաղաքական, տնտեսական ու մշակութային կյանքին այն կարեւոր ու գլխավոր հիմքն է, որի վրա պիտի ծավալվեն համագործակցությունը եւ հետագա բոլոր գործողությունները։

Հետաքրքրական էր Ջավախքի քաղաքական կարգավիճակի վերաբերյալ Սաակաշվիլու արտահայտած տեսակետը. «Վրաստանի տարածքներից մեկի քաղաքական կարգավիճակի հարցը կարող է լուծվել բացառապես Վրաստանի ներսում, եւ ես շատ երախտապարտ եմ Հայաստանի նախագահին Վրաստանի տարածքային ամբողջականության եւ ամբողջության մեջ տարածաշրջանի կայունության վերաբերյալ չափազանց սկզբունքային դիրքորոշման համար։ Ես կարծում եմ, որ կայունությունը արհեստականորեն խաթարելու ցանկացած փորձ նախ ի բնե դատապարտված է, եւ հետո ես ոչ ոքի խորհուրդ չեմ տալիս այդ մասին նույնիսկ մտածել։ Ընդհանրապես այս կարգի հարցերի վերաբերյալ դեբատներն էլ չեմ ընդունում ոչ Վրաստանում, ոչ էլ այլ միջազգային մակարդակով»։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4