«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#42, 2004-03-11 | #43, 2004-03-12 | #44, 2004-03-13


ԱՋԱՐԻԱՅՈՒՄ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՌՈՒՄՈՎ ԼՈՒՐՋ ԽՆԴԻՐՆԵՐ ԿԱՆ

Հարցազրույց Վրաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Զուրաբ Չիաբերիշվիլու հետ

¬ Ի՞նչ փուլում են խորհրդարանական ընտրությունները Վրաստանում։

¬ 3 շաբաթից քիչ ժամանակ է մնացել ընտրություններին։ Ընթանում է ընտրողների գրանցում նրանց համար, ովքեր որպես ընտրող չեն գրանցվել նախագահական ընտրությունների ժամանակ։ Նախագահականի ժամանակ գրանցվել էր 2 մլն 100 հզ. մարդ։ Դրանց կավելանան մարտի 8-ից մինչեւ 21¬ը գրանցում ստացողները։ Մարտի 12-ից կսկսենք քվեաթերթիկների տպագրությունը 3 մլն տպաքանակով։ Ներկա պահին մենք անցկացնում ենք ուսուցում մեր հանձնաժողովների անդամների համար։ Վրաստանում ունենք 75 տարածքային եւ 2860 տեղամասային ընտրական հանձնաժողովներ։ Տեղամասային հանձնաժողովներից դասընթացներին մասնակցում են հանձնաժողովների նախագահները, նրանց տեղակալները եւ քարտուղարները, իսկ տարածքային ընտրական հանձնաժողովներիցՙ բոլոր անդամները։ Ստացվում է մոտ 15-16 հզ. մարդ։ Ընդհանուր առմամբ ընտրական ադմինիստրացիայում աշխատում են 42 հզ. մարդ։

¬ Մարտի 10-ի նիստում ԿԸՀ-ն քննարկել է ընտրացուցակների հետ կապված հարցեր, մանրամասնեք խնդրեմ։

¬ Մենք պաշտոնից ազատել ենք Աջարիայի Շուախեվիի շրջանի տարածքային ընտրական հանձնաժողովներից մեկի նախագահին, քանի որ այդ ընտրատարածքից դեռ չեն ստացվել ընտրացուցակները։ Ընտրացուցակները պետք է ներկայացվեին դեռեւս հունվարի 20-ին։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը երկու անգամ ուղարկել է նամակ, բայց ընտրացուցակները չեն ստացվել։

¬ Բացի տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահին պաշտոնից ազատելուց, ի՞նչ կարող է ձեռնարկել ԿԸՀ-ն նման դեպքում։

¬ Մենք լրջագույնս հետեւում ենք, թե ինչպես կանցկացվեն ընտրությունները Աջարիայում, եւ կարծում ենք, որ ընտրական գրանցման ժամանակ կարելի է ուղղել այն թերությունները, որ կան Աջարիայում։ Մենք արդեն չենք կարող պատրաստել ընտրացուցակները տպագիր տարբերակով։ Աջարիայում կլինեն ձեռագիր ընտրացուցակներ։ Քիչ ուշացել են նաեւ ընտրացուցակները Ախալքալաքում։ Նինոծմինդայի շրջանում տպագրվել են ժամանակին, պարզապես այնտեղ հունվարի 4-ին ընտրացուցակները կազմված էին հայերենով, եւ մենք չթարգմանեցինք։ Դրանք հայերենով մտցվել են համակարգիչ։ Քանի որ այնտեղ մարդկանց շատ փոքր մասը գիտի վրացերեն, ընտրացուցակները կամ հայերենով են, կամ ռուսերենով։ Քվեմոքարթլիում, օրինակ, ընտրացուցակների մի մասը ադրբեջաներեն է։ Մարտի 28-ին Վրաստանում կլինեն երկլեզու քվեաթերթիկներՙ հայերեն-վրացերեն եւ ադրբեջաներեն-վրացերեն։ Ինչ վերաբերում է արձանագրություններին, ապա արդյունքների ամփոփումը կլինի վրացերեն։

¬ Աբխազիան այդպես էլ չի՞ մասնակցի ընտրություններին։

¬ Աբխազիայում ընտրություններ չեն անցկացվում, բացի Կոդորի շրջանի 3 ընտրատարածքներից, որ վերահսկում է Վրաստանի կենտրոնական կառավարությունը։

¬ Ինչպիսին է իրավիճակը Հարավային Օսիայում։

¬ Նույն իրադրությունն է։ Այն հատվածում, որը վերահսկում է ցխինվալյան կառավարությունը, ընտրություններ չեն անցկացվում։ Բայց այն օսերը, որ ապրում են վրացական գյուղերում, մասնակցում են ընտրություններին։

¬ Քանի՞ կուսակցություն է մասնակցելու ընտրություններին, եւ արդյոք եղե՞լ են խնդիրներ կապված կուսակցական ցուցակների հետ։

¬ Ընդհանուր առմամբ, առանձնակի խնդիրներ չեն եղել։ Մարտի 28-ին կլինեն ընտրություններ միայն կուսակցական ցուցակներով։ Ընտրություններին մասնակցելու հայտ էին ներկայացրել 53 կուսակցություն, որոնցից 47-ն են ներկայացրել պահանջվող 50.000 ստորագրությունները։ (Եթե ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել այնպիսի կուսակցություն, որն ունի գոնե մեկ անդամ խորհրդարանում, ստորագրություններ ներկայացնելու կարիք չկա - Ա.Հ.)։ Գրանցվել են ԿԸՀ-ի կողմից 43-ը։ Մի քանիսն էլ հանել են իրենց մասնակցության հայտը, մի քանիսն էլ կազմել են դաշինքներ։ Մնացել են 14 կուսակցություն եւ 5 դաշինք։

¬ Աջարիայի դեպքի կապակցությամբ արդյոք ԿԸՀ-ն կսահմանափակվի վարչական մեթոդների կիրառմամբ։

¬ Աջարիայում ընտրական գրանցումը կսկսվի սկզբից, որեւէ ընտրացուցակ չի վերցվի որպես բազային։ Կանենք այնպես, ինչպես նախագահական ընտրությունների ժամանակ։ Կկազմվեն նոր ընտրացուցակներ։ Գյուղերում հանձնաժողովի անդամներն էին լրացնում ցուցակները, իսկ մեծ քաղաքներում քաղաքացիներն իրենք էին գրանցվում։

¬ Իսկ ընդհանուր առմամբ ԿԸՀ-ն ինչ սպասելիքներ ունի Աջարիայից։ Մի քանի օր առաջ Ժվանիան կարծիք հայտնեց, թե Աջարիայում ընտրությունների անցկացման երաշխիքներ չկան։

¬ Վերջին շաբաթների ընթացքում ես նախընտրում էի կտրուկ չարտահայտվել Աջարիայում անցկացվելիք ընտրությունների մասին։ Բայց այսօր ես կարող եմ ասել, որ այնտեղ բավականին լուրջ խնդիրներ կան։ Ես մտածում եմ, որ այնտեղ ընտրությունները կանցկացվեն, բայց որակի առումով կասկածում եմ։

¬ Ինչո՞ւ է նման պասսիվությամբ ընթանում քարոզարշավը։ Իմ դիտարկմամբ, գրեթե քարոզչություն չի տարվում։

¬ Կուսակցությունները շատ պասսիվ են։ Հետհեղափոխական փուլում նախագահ Սաակաշվիլին եւ կառավարող կուսակցությունը վստահության մեծ մանդատ ունեն։ Ուստի ընդդիմադիր կուսակցությունները եռանդուն քարոզչություն չեն տանում, եւ դա ցայտուն երեւում է։

ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, Թբիլիսի


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4