«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#45, 2004-03-16 | #46, 2004-03-17 | #47, 2004-03-18


ԱՅՍՕՐ ՍԱԱԿԱՇՎԻԼԻՆ ՄԵԿՆՈՒՄ Է ԲԱԹՈՒՄ

Վրաց-աջարական ճգնաժամը հաղթահարվո՞ւմ է

Այսօր կեսօրին Բաթում է մեկնում Վրաստանի նախագահ Միխայիլ Սաակաշվիլին։ Աջարիայի առաջնորդ Ասլան Աբաշիձեն երեկ խորհրդարանի նախագահ Նինո Բուրջանաձեի հետ 5-ժամյա բանակցությունների արդյունքում համաձայնել է թույլատրել Սաակաշվիլու մուտքն ինքնավարության տարածք։

«Շատ բան կախված է լինելու Աբաշիձեի եւ Սաակաշվիլու բանակցություններից։ Հուսով եմ, որ ճգնաժամը հաղթահարվելու է, եւ տնտեսական շրջափակումները վերացվելու են», Աջարիայի հեռուստատեսությանն ասել է Բուրջանաձեն։

Վրաստանի խորհրդարանի նախագահը եւ անվտանգության նախարար Զուրաբ Ադեիշվիլին մեկնել էին Բաթում։ Վրաստանի նախագահի նստավայրի տվյալներով, Սաակաշվիլին կարգադրել էր Բուրջանաձեի մեկնման ժամանակ բացել Բաթումի օդանավակայանը։ Բուրջանաձեն Բաթում էր մեկնելՙ Սաակաշվիլու եւ Աբաշիձեի հետ նախօրոք խորհրդակցելուց հետո։

Աջարական աղբյուրների տվյալներով, դժգոհություններ են առաջացել Վրաստանի նախագահի կարգադրությունների կապակցությամբ։ Մասնավորապես, տնտեսական շրջափակումը դժվարին իրավիճակ է ստեղծել ինքնավարության բնակիչների համար։ Բնակչությունը չի ցանկանում Աջարիան տեսնել որպես Վրաստանի մեկ այլ կոնֆլիկտային տարածաշրջան։

Վրաստանի խորհրդարանի նախագահի մեկնումը Բաթում հետաքրքրական նախադեպ ունի, քանի որ անցյալ տարվա դեկտեմբերին Բուրջանաձեն հանդիպել է Աբաշիձեի հետ, երբ Վրաստանի նոր իշխանությունները փորձում էին համոզել Աբաշիձեին ընդունել խաղի նոր կանոնները։

Մարտի 15-ին Ասլան Աբաշիձեն հրաժարվել էր հանդիպել Սաակաշվիլու հետ, պատճառաբանելով, որ Վրաստանի նորընտիր նախագահի հետ դժվար է խոսել, քանի որ նա չի լսում։ Իսկ Բուրջանաձեի հետ համաձայնություն էր տվել հանդիպել խորհրդարանի նախագահի երկրորդ զանգից հետո։

Վրաստանում Ռուսաստանի դեսպանատան մամլո քարտուղար Եվգենի Իվանովի խոսքերով, Մոսկվայի քաղաքագլուխ Յուրի Լուժկովը, որ գտնվում էր Աջարիայում, չի մասնակցել Բուրջանաձե-Աբաշիձե հանդիպմանը եւ երեկ երեկոյան ժամանել է Թբիլիսի։ Նա նախագահ Սաակաշվիլու հետ հանդիպելու պատրաստակամություն է հայտնել։

Ի դեպ, Վրաստանի գլխավոր դատախազությունը հրապարակել է աջարական իշխանությունների այն ներկայացուցիչների ցուցակը, ովքեր մեղադրվում են տարբեր հանցագործություններում։ Ասլան Աբաշիձեի անունն այնտեղ չկա։ Գլխավոր դատախազ Իրակլի Օկրուաշվիլու խոսքերով, Աբաշիձեն դեռ կարող է խուսափել պատասխանատվությունից։ Նման իրավիճակից ելնելով, Աջարիայում վտանգվում են նաեւ խորհրդարանական ընտրությունները։ Առկա իրավիճակի պահպանության դեպքում մարդիկ ազատորեն չեն կարող մասնակցել ընտրություններին, քանի որ Աջարիայում ամենուր կարելի է հանդիպել զինված մարդկանց։ Ըստ ԿԸՀ նախագահ Զուրաբ Ճիաբերիշվիլու, եղել են դիտորդների վրա հարձակման դեպքեր։ Ընդ որում, ԵԱՀԿ երկարաժամկետ դիտորդները, ելնելով անձնական անվտանգության հարցերից, արդեն լքել են Աջարիայի տարածքը։

ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, Թբիլիսի


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4