«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#54, 2004-03-27 | #55, 2004-03-30 | #56, 2004-03-31


ՆԱԽՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐՈՎ, ՄԵԼԻՔ ՌԱՅԻՍՅԱՆԸ ԵՎ ՎԱՆ ԲԱՅԲՈՒՐԹՅԱՆԸ ԿԴԱՌՆԱՆ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ

Երեկ Վրաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած նախնական տվյալների համաձայն, «Ազգային շարժում - դեմոկրատներ» իշխանական դաշինքը ստացել էր խորհրդարանական ընտրությունների մասնակիցների ձայների 65 տոկոսից ավելին։ Այս տվյալներով, Վրաստանի խորհրդարանի անդամ կդառնան նաեւ Վան Բայբուրթյանը եւ Մելիք Ռայիսյանը։ Վան Բայբուրթյանը խորհրդարանական կլինի երկրորդ, իսկ Ռայիսյանըՙ երրորդ անգամ։

Որքան էլ հետաքրքրական է, բայց Վրաստանի նախագահ Միխայիլ Սաակաշվիլուՙ ընդդիմությանը խորհրդարանում տեսնելու հավանականության մասին խոսքերից հետո մինչ այդ իշխանական դաշինքի ստացած ձայների տոկոսները սկսեցին պակասել։

Իրեն ընդդիմադիր համարող «Աջ ընդդիմադիրներ, ինդուստրիալիստներ, նորեր» դաշինքը երեկ օրվա երկրորդ կեսի դրությամբ անցել էր 7 տոկոսանոց սահմանափակումը։ 7 տոկոսը հաղթահարել էր նաեւ Ասլան Աբաշիձեի «Դեմոկրատական վերածննդի միություն» կուսակցությունը։ Վրաստանի լեյբորիստական կուսակցությունը նախնական տվյալների ցուցակում 4-րդն էՙ 6 տոկոսով։

Բայց երեկոյան կողմ իրավիճակը կրկին փոխվեց։ Ընդդիմադիրներից միայն «Աջ ընդդիմադիրներ, ինդուստրիալիստներ, նորեր» դաշինքի ձայներն էին անցել 7 տոկոսանոց սահմանափակումը։ Թե ինչպիսին կլինի նման բեկումների ավարտը, հավանաբար պարզվի այսօր։

Այս ամենով հանդերձ ընդդիմության հնարավոր մուտքը խորհրդարան հայ պատգամավորների հետ որեւէ առնչություն չունի, քանի որ նշված ընդդիմադիրների ցուցակներում հայեր չկան։

Աղավնի Հարությունյան, Թբիլիսի


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4