«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#54, 2004-03-27 | #55, 2004-03-30 | #56, 2004-03-31


ԱԿԱԴԵՄԻԿՈՍ ՎԻԿՏՈՐ ՖԱՆԱՐՋՅԱՆ

Մարտի 30-ին լրացավ ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, ՌԴ ԳԱ թղթակից անդամ, մի շարք միջազգային ակադեմիաների եւ գիտական ընկերությունների անդամ, ականավոր գիտնական-նյարդաֆիզիոլոգ Վ. Ֆանարջյանի ծննդյան 75-ամյակը։

Նա այն գիտնականներից է, որոնք հիմնարար հետք են թողել ժամանակակից ֆիզիոլոգիական գիտության զարգացման մեջ։ Նրաՙ գիտնական-ֆիզիոլոգի զարմանալի հանճարը, գիտական ղեկավարի իմաստնությունը եւ լայն մտահորիզոնը նպաստեցին այդ բնագավառում Հայաստանում գիտական մթնոլորտի ձեւավորմանը, գիտության հեղինակության եւ մակարդակի բարձրացմանը, միջազգային գիտական համագործակցության խորացմանը։ Վ. Ֆանարջյանի գիտական գործունեությունը նվիրված է շարժողական ակտի կենտրոնական մեխանիզմների եզակի եւ հիմնարար հարցերի մշակմանը, պայմանական-ռեֆլեքսային գործունեության եւ ուղեղի տարբեր մակարդակներում շարժիչ կենտրոնների նեյրոնային կազմակերպման հետեւողական եւ բազմակողմանի ուսումնասիրությանը։ Նա էականորեն լրացրեց եւ որոշ դեպքերում վերանայեց ուղեղիկի եւ ուղեղաբնի կառույցների ֆիզիոլոգիայի բնագավառի մի շարք պատկերացումներ։

Վիկտոր Ֆանարջյանն անցել է ստեղծագործական երկար ճանապարհՙ ասպիրանտից մինչեւ գիտական ղեկավարի, Հայաստանի ԳԱԱ ակադեմիկոսի, ՌԳԱ թղթակից անդամի կոչումների։ Նա Վրաստանի գիտության վաստակավոր գործիչ էր, ԽՍՀՄ Գիտությունների ակադեմիայի «Ուղեղ» ծրագրում մտնող «Ուղեղիկի եւ ուղեղաբնի ինտեգրման մեխանիզմները» բաժնի ղեկավարը եւ կոորդինատորը, Հայաստանի ԳԱԱ ակադ. Լ. Ա. Օրբելու անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտի տնօրենը եւ կենտրոնական նյարդային համակարգի ֆիզիոլոգիայի լաբորատորիայի անփոփոխ վարիչը, Հայաստանի ԳԱԱ փոխպրեզիդենտը եւ նախագահության անդամը, Ուղեղի հետազոտության միջազգային կազմակերպության հայկական միավորման նախագահը, բազմաթիվ միջազգային հանդեսների խմբագրական խորհուրդների եւ խմբագրական կոլեգիաների անդամը։

Վ. Ֆանարջյանը ֆիզիոլոգիայի բնագավառի լավագույն աշխատանքների համար պարգեւատրվել է Ռուսաստանի բնական գիտությունների ակադեմիայի Ի. Պ. Պավլովի անվ. արծաթե եւ Ենի համալսարանի (Գերմանիա) Ֆ. Շիլլերի անվ. մեդալներով, արժանացել միջնադարյան պարսիկ գիտնական Խորեզմի (Իրան) միջազգային պարգեւի։

Իր կյանքի բոլոր շրջաններում Վիկտոր Բարդուղիմեոսի Ֆանարջյանը միշտ մնաց բարեկիրթ, բարյացակամ, գիտական գաղափարներով լեցուն, որոնք նա հաճույքով կիսում էր իր աշխատանքային գործընկերների եւ բազմաթիվ աշակերտների հետ։

Մեծ է Վիկտոր Ֆանարջյանի գիտական ժառանգությունըՙ 400-ից ավելի գիտական աշխատանք, 5 մենագրություն, 4 դասագիրք։ Նրա աշակերտներից ավելի քան 37-ը գիտությունների դոկտորներ եւ թեկնածուներ են։

Վիկտոր Ֆանարջյանը մեծ հետք է թողել մեր գիտական հասարակայնության հոգում որպես մեծ գիտնական, գիտության նոր ուղղության հիմնադիր եւ ուսուցիչ։

Ֆ. Տ. ՍԱՐԳՍՅԱՆ, ՀՀ ԳԱԱ պրեզիդենտ, ակադեմիկոս


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4