«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#56, 2004-03-31 | #57, 2004-04-01 | #58, 2004-04-02


ԲՈՒՐՋԱՆԱՁԵՆ ԿՈՂՄ Է ՌՈՒՍԱԿԱՆ ԲԱԶԱՆԵՐԻ ԴՈՒՐՍԲԵՐՄԱՆԸ

Հայաստանում Վրաստանի դեսպանի հարցը դեռ քննարկման փուլում է

«Ես ավելի հաճույքով եմ շփվում ուսանողների հետ, քան իմ կոլեգաների», այս խոսքերով սկսեց իր հանդիպումը Վրաստանի խորհրդարանի նախագահ Նինո Բուրջանաձեն Հասարակական կապերի ինստիտուտում։ Հանդիպման ընթացքում Բուրջանաձեն պատասխանեց ուսանողների հարցերին։

Թե ինչ դերակատարում պիտի ունենա նոր ձեւավորվող խորհրդարանը կենտրոնական իշխանությունների եւ շրջանների միջեւ, տիկին Բուրջանաձեն նշեց, որ լուրջ կաշխատեն այդ ուղղությամբ։ Ըստ նրա, հանձնաժողովը, որ զբաղվելու է այդ հարցերով, արդեն ձեւավորվել է եւ կսկսի աշխատել։ Անդրադառնալով Վրաստանի հին իշխանությունից ստացած «ժառանգությանը»ՙ Բուրջանաձեն այն բավականին ծանր գնահատեց։ Նա ավելացրեց, որ չէր էլ պատկերացնում, թե իրավիճակն այդքան վատ է։

«Շեւարդնաձեի հրաժարականից հետո ես հավաքեցի անվտանգության խորհուրդը եւ այն, ինչ ասաց անվտանգության նախարարը, ինձ ցնցեց։ Նա ասաց, որ բանակի համար մենք ունենք 2 օրվա սննդի պաշար, իսկ բյուջեն դատարկ է»։ Վարդյա հեղափոխության «համահեղինակի» խոսքերով, առաջին երկու ամիսներին իր համար կարեւորը երկրում կայունությունը պահպանելն էր եւ նորմալ նախագահական ընտրությունների անցկացնելը։ «Նպատակները քիչ էին, բայց կարողացանք կատարել»։

Ներկա իրադրությամբ Վրաստանում ընդդիմության հետ կապված խնդրում Բուրջանաձեն համարում է, որ խորհրդարանական ընտրություններում բնակչության նման աջակցությունը հեղափոխություն իրականացրած ուժին նորմալ հետհեղափոխական վիճակ է։ Աջարների եւ լեյբորիստների միտինգ անելու տրամադրությունների առնչությամբ էլ Նինո Բուրջանաձեն նշեց, որ լեյբորիստները ստացան այն, ինչի արժանի էին։ «Ինչ վերաբերում է աջարներին, ես անկեղծորեն կասեմ, չեմ ցանկանում, որ նրանք գան եւ միտինգ անեն»։

Նոր ձեւավորվող խորհրդարանն առաջնահերթ կքննարկի կենտրոնի եւ շրջանների հարաբերությունների եւ նոր հարկային օրենսգրքի հարցերը։ Հենց հարկային դաշտի հետ առնչություն ունեցող մեկ այլ հարց, որ վերաբերում է ձերբակալությունների ժամանակ առգրավված գումարներին, ըստ Բուրջանաձեի, կլուծվի դատական վճիռների առկայության դեպքում։ Այդ գումարները ներկայումս սառեցված են եւ ամեն դեպքում դրանք կհայտնվեն պետական բյուջեում։

2003 թ. նոյեմբերի 2-ից հետո խորհրդարանականների թվի կրճատման մասին անցկացված ռեֆերենդումն ըստ խորհրդարանի նախագահի, անօրինական էր եւ պոպուլիստական քայլ Շեվարդնաձեի կողմից։ Բուրջանաձեի համոզմամբ, այդ հարցը պետք է լուծվի ելնելով շրջանների քանակից։

Այն տեսակետին, թե ՆԱՏՕ-ի եւ Եվրամիության հետ ինտեգրման հիմնական խոչընդոտը Հայաստանն է, Բուրջանաձեն համաձայն չէ։ «Հիմնական խոչընդոտը Հայաստանը չէ, այլ հակամարտությունները, որ գոյություն ունեն Հարավային Կովկասում»։ Հակամարտությունների դեպքում Եվրամիությանն անդամակցությունը կնշանակի լրացուցիչ պարտավորություններ հենց Եվրոպայի համար։

Բուրջանաձեն նորմալ է համարում, որ Վրաստանում պետական ծառայողները աշխատավարձ են ստանում օտարերկրյա կազմակերպություններիցՙ ելնելով առկա իրավիճակից։ Դրանք, ըստ նրա, միայն Սորոսի գումարները չեն ու ինչ-որ անհարմարություն այնուամենայնիվ ստեղծում են։

Ինչ վերաբերում է ռուսական ռազմաբազաներին եւ դրանց դուրսբերմանը, ապա Բուրջանաձեն կողմ է դուրսբերմանըՙ ոչ, իհարկե, 2 տարի, «ոչ էլ 14 տարի հետո, ինչպես առաջարկում է ռուսական կողմը»։

Հայաբնակ շրջաններում գյուղատնտեսական մթերքի իրացման դժվարությունների առումով Բուրջանաձեն նշեց, որ դա բնորոշ է ոչ միայն հայկական բնակավայրերին։ Վերավաճառողները ե՛ւ վրացուց, ե՛ւ ադրբեջանցուց, ե՛ւ հայից փորձում են ձեռք բերել գյուղմթերքները էժան գներով եւ վաճառել մեծ շահույթով։ «Ախալքալաքում լավ կարտոֆիլ է աճում, բայց ժամանակին մենք գնում էինք Թուրքիայից, որովհետեւ որոշ մարդիկ գումարներ էին աշխատում։ Մինչդեռ Ախալքալաքի կարտոֆիլը եւ էժան է, եւ համեղ»։ Բուրջանաձեն առանձնահատուկ չհամարեց նաեւ հայկական դպրոցների վիճակը, նշելով, որ վատ վիճակում են Վրաստանի բոլոր դպրոցները։

Ինչ վերաբերում է Վրաստանում հողերի սեփականաշնորհման գործընթացին եւ էթնիկ փոքրամասնությունների նկատմամբ թույլ տրված խախտումներին, ապա, Նինո Բուրջանաձեի կարծիքով, ողջ գործընթացը վերանայել չեն կարող. «Դա երկրորդ հեղափոխություն կլինի, բայց օրինախախտումները անպայման կվերանայվեն»։

«Ազգի» այն հարցին, թե քննարկվո՞ւմ են արդյոք Հայաստանում Վրաստանի դեսպանի թեկնածություններ, Բուրջանաձեն պատասխանեց, որ քննարկվում են բավականին արժանի թեկնածություններ, բայց այդ հարցը վերջնական լուծում չի ստացել։ Մեր այն հարցին, թե արդյոք քննարկվե՞լ է ծագումով հայ Գիվի Շուգարովի թեկնածությունը, Բուրջանաձեն ասաց, թե ոչինչ չի կարող պատասխանել։

ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, Թբիլիսի

Հ.Գ. Բուրջանաձեն ցանկանում է առանձին դրոշ ունենալ խորհրդարանի համար։ Նրա կարծիքով, բոլոր նորմալ երկրներում խորհրդարաններն ունեն իրենց դրոշը։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4