«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#56, 2004-03-31 | #57, 2004-04-01 | #58, 2004-04-02


ՌՈՒՍՆԵՐԸ ՀՀ ՀԱՎԱՔԱԿԱՆԻՆ ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՆ ՄՐՑԱԽԱՂԻ

Իսկ մինչ այդ մեր մրցակիցները հերթական փորձամրցումն անցկացրին

Չորեքշաբթին ՖԻՖԱ-ի հատկացրած ընկերական հանդիպումների անցկացման հերթական օրն էր։ Ցավոք, ինչպես հաճախ էր լինում անցյալ տարի, այս անգամ էլ Հայաստանի ազգային հավաքականն անգործության էր մատնվել։ Ցավալի է, որ առայժմ ֆեդերացիայի ղեկավարությանն ու հավաքականի մարզչական կազմին չի հաջողվում ընկերական հանդիպումների անցկացման համար մրցակիցներ գտնել։ Ի դեպ տեղեկացնենք, որ հնարավոր է հունիսի 2-ին Հայաստանի հավաքականը Մոսկվայում ընկերական խաղում մրցի Ռուսաստանի ընտրանու հետ։ Այս մասին Բուլղարիայի հավաքականի հետ հանդիպումից առաջ տեղեկացրել է ՌԴ ֆուտբոլային միության գլխավոր տնօրեն Ալեքսանդր Տուկմանովը։ Այդ օրը նախապես ծրագրավորված էր Ռուսաստանի հավաքականի հանդիպումը Բելառուսի հետ, սակայն վերջինիս գլխավոր մարզիչ Անատոլի Բայդաչնին ռուսաստանցի իր գործընկերներին տեղեկացրել էր, որ հանդիպումը տեղի չի ունենա, քանի որ հավաքականի ֆուտբոլիստներին չի կարողանում հավաքագրել։ Ինչեւէ, գոնե ՌԴ ֆուտբոլային միության շնորհիվ հաջողվի մեր հավաքականին փորձամրցում անցկացնել, ինչը մեր ֆուտբոլիստներին շատ անհրաժեշտ է։

Ինչեւէ, մինչ ՀՀ հավաքականի ֆուտբոլիստները հանգստանում էին, ընտրական մրցաշարում մեր մրցակիցները հերթական անգամ ստուգեցին իրենց պատրաստվածության մակարդակը։ Մակեդոնիայի ընտրանին սեփական հարկի տակ 1¬0 հաշվով պարտության մատնեց ուկրաինացիներին, որոնց թվում էր նաեւ Անդրեյ Շեւչենկոն, որին Օլեգ Բլոխինն ընդմիջումից հետո փոխարինեց։ Խաղի ելքը վճռեց 26-րդ րոպեին Ստավրեւսկու խփած միակ գնդակը։ Հոլանդիայի հավաքականը Ռոտերդամում ոչ-ոքի (0¬0) ավարտեց հանդիպումը Եվրոպայի ներկայիս չեմպիոն ֆրանսիացիների հետՙ դրանով իսկ ընդհատելով «եռագույնների» 14 խաղից բաղկացած հաղթանակների շարքը։ Եթե ֆրանսիացիներն այդ խաղում էլ հաղթեին, ապա յուրօրինակ ռեկորդ կսահմանեին։ Ֆրանսիացիների կազմում բացակայում էին Զիդանը, Վիեյրան ու Պիրեսը, իսկ Լուինդուլան ու Անրին խաղադաշտ դուրս եկան երկրորդ խաղակեսում։

Պարտություն կրեցին չեխերը, որոնք Դուբլինում 1-2 հաշվով զիջեցին իռլանդացիներին։ Ընդ որում, դաշտի տերերը հաղթական գնդակը խփեցին խաղի վերջին րոպեին։ Աչքի ընկավ Ռոբի Քինը։ Մեր մյուս երկու մրցակիցներըՙ ռումինացիներն ու ֆինները հյուրընկալվելիս միեւնույն 2¬1 հաշվով առավելության հասան համապատասխանաբար շոտլանդացիների եւ Մալթայի ընտրանու նկատմամբ։ Ընդ որում, ռումինացիները խաղը շահում էին 2¬0 հաշվով։ Ֆիններն էլ Ալեքսեյ Երյոմենկոյի եւ Յուրի Լիտմանենի գոլերի շնորհիվ խաղը շահում էին 2¬0 հաշվով եւ միայն խաղավերջում դաշտի տերերը «թրջեցին» հաշիվը։

Մեծ հետաքրքրություն էր առաջացրել Պորտուգալիա-Իտալիա հանդիպումը։ Պորտուգալացիների գլխավոր մարզիչ Լուիս Ֆելիպե Սկոլարին ձգտելով ռեւանշի հասնել անցյալ տարվա պարտության դիմաց, մարտական կազմ էր խաղադաշտ դուրս բերել։ Սակայն դա էլ չօգնեց բրազիլացի մասնագետին իրականացնելու մտադրվածը։ Ճիշտ է, արդեն 5-րդ րոպեին Նունու Վալենտեն բացեց հաշիվը, սակայն Քրիստիան Վիերիի եւ Ֆաբրիցիո Միկոլիի խփած գնդակներն ապահովեցին իտալացիների հաղթանակը։ Հաջող հանդես եկան նաեւ իսպանացիները։ Մորյենտեսի եւ Ռաուլի խփած երկու անպատասխան գնդակները դանիացիների նկատմամբ հաղթանակ ապահովեցին։

Անպարտելի խաղերի շարքը շարունակեցին հույները, որոնք արդեն 15-րդ հանդիպումն է, ինչ դաշտը գլխիկոր չեն թողնում։ Հերթական խաղում էլ հույները 1¬0 հաշվով հաղթեցին շվեյցարացիներին։ Հույներին հաղթանակ պարգեւեցին Վասիլիս Ցարտասի խփած միակ գոլը։ Հետաքրքրական է, որ մինչ այդ նա չէր իրացրել 11 մ հարվածը։ ՌԴ հավաքականը հյուրընկալվելիս ոչ-ոքի (2¬2) ավարտեց հանդիպումը բուլղարացիների հետ։ 2-ական գոլ խփեցին Դմիտրի Սիչովն ու Դիմիտար Բերբատովը։

Ահա կայացած մյուս ընկերական հանդիպումների արդյունքները. Մեքսիկա¬Կոստա Ռիկաՙ 2¬0, Թունիս¬Կոտ դ՛Իվուարՙ 0¬2, Շվեդիա¬Անգլիաՙ 1¬0, Լեհաստան-ԱՄՆՙ 0¬1, Սլովակիա¬Ավստրիաՙ 1¬1, Գերմանիա¬Բելգիաՙ 3¬0, Հունգարիա¬Ուելսՙ 1¬2, Մարոկկո¬Անգոլաՙ 3¬1, Ալբանիա¬Իսլանդիաՙ 2¬1, Լյուքսեմբուրգ¬Բոսնիաՙ 1¬2, Եգիպտոս¬Տրինիդադ եւ Տոբագոՙ 2¬1, Խորվաթիա¬Թուրքիաՙ 2¬2, Սերբիա¬Նորվեգիաՙ 0¬1, Սլովենիա¬Լատվիաՙ 0¬1, Էստոնիա¬Հս. Իռլանդիաՙ 0¬1, Մոլդովա¬Ադրբեջանՙ 2¬1, Ավստրալիա¬ՀԱՀՙ 1¬0, Իսրայել¬Լիտվաՙ 2¬1։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4