«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#56, 2004-03-31 | #57, 2004-04-01 | #58, 2004-04-02


ԴԱՆԻԵԼՅԱՆԸ ԿՐԿԻՆ ԱՆՀԱՋՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՏՆՎԵՑ

Դրեզդենում ընթացող շախմատի կանանց Եվրոպայի առաջնությունը մոտենում է վերջնագծին։ Ցավոք, վերջնագծի մատույցներում առաջատարի իր դիրքերը սասանեց Էլինա Դանիելյանը, որը մրցաշարի ավարտից 2 տուր առաջ գործնականում զրկվեց մրցանակային տեղ գրավելու հնարավորությունից։ 10-րդ տուրում Էլինան սպիտակներով խաղում էր ռումինացի Քրիստինա Ֆոյսորի հետ։ Հայ շախմատիստուհին այս անգամ էլ անհաջողության մատնվեցՙ կրելով 2-րդ անընդմեջ պարտությունը։ Այսպիսով, 10 տուրից հետո Էլինա Դանիելյանը վաստակած 6,5 միավորով մրցաշարային աղյուսակում զգալիորեն նահանջեց։ Էլինային կես միավորով զիջող Լիլիթ Մկրտչյանը հաղթեց ռումինացի Գաբրիելա Օլարասուին։ Աղինյանը վաստակել է 5,5 միավոր։ Նա ոչ-ոքի խաղաց ռուսաստանցի Իրինա Սուդակովայի հետ։

Ինչ վերաբերում է առաջատարներին, ապա 10-րդ տուրում երկիշխանություն հաստատվեց։ Բավական ժամանակ աղյուսակը գլխավորող Ժաոկին Պենգը ոչ-ոքի ավարտեց պարտիան ուկրաինացի Նատալյա Ժուկովայի հետ եւ վաստակեց 8 միավոր։ Նրան միավորներով հավասարվեց ռուսաստանցի Ալեքսանդրա Կոստենյուկըՙ պարտության մատնելով Անտոանետա Ստեֆանովային։ Նախավերջին տուրում առաջատարները մրցելու են միմյանց հետ։ Այդ պարտիայի ելքից շատ բանով պայմանավորված կլինի հաղթողի հարցը։ 7,5-ական միավորով հաջորդ տեղերում են Իրինա Սլավինան, Քրիստինա Ֆոյսորը եւ Նատալյա Ժուկովան։ Վեց շախմատիստներ վաստակել են 7-ական միավոր։ Այնպես որ, ավարտական երկու տուրերում յուրաքանչյուր կես միավորի գինն անչափ կբարձրանա եւ ցանկացած վրիպում կարող է ճակատագրական լինել առաջնության պարգեւներին հավակնողների համար։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4