«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#67, 2004-04-15 | #68, 2004-04-16 | #69, 2004-04-17


ՎԱՐԴԱՆ ՕՍԿԱՆՅԱՆԻ ԿԱՐԾԻՔՈՎ ՊՐԱՀԱՅԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ՕԳՏԱԿԱՐ ԷՐ

ՀԱԿՈԲ ԱՍԱՏՐՅԱՆ, Պրահա

«Առաջին հանդիպումն էր, խորհրդատվական ու ճանաչողական բնույթ ուներ։ Օգտակար էր նաեւ երկար ընդմիջումից հետո գործընթացը վերսկսելու առումով»։ Այսպիսի գնահատական տվեց «Ազգի» թղթակցի հետ զրույցում ապրիլի 16-ին Պրահայում տեղի ունեցած Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումից հետո Վարդան Օսկանյանը։

Բանակցությունները սկսվել են առավոտյան ժամը 10-ին Պրահայի Տոսկանյան պալատում եւ տեւել մինչեւ ժամը 13-ը։ Հետո համատեղ ճաշի ավարտին վերսկսվել են ժամը 15-ից մինչեւ 16.30։ Չեխական կողմից արտգործնախարարության ներկայացուցիչը ողջունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո սկսված այս հանդիպումը։

Նախ հանդիպել են համանախագահներն ու երկու երկրների նախարարներըՙ Վարդան Օսկանյանն ու Էլմար Մամեդյարովը, հետո համանախագահներն առանձին-առանձին հանդիպել են երկու նախարարների հետ, իսկ վերջում տեղի է ունեցել Օսկանյան-Մամեդյարով կեսժամանոց առանձնազրույց։ Պրն Օսկանյանը հարգելով հանդիպումների բովանդակությունը չբացահայտելու պայմանավորվածությունը, չցանկացավ որեւէ մանրամասն նշել ադրբեջանական կողմի ներկայացրած առաջարկներից։ Նրա ասելով հատուկ օրակարգ չի եղել։ Գործընթացը վերսկսելու խնդիրն է դրվել։ Մտքերի փոխանակություն է եղել, որի ժամանակ կողմերն իրենց տեսակետներն են հայտնել ղարաբաղյան խնդրի կարգավորման շուրջ։

Պատասխանելով մեր այն հարցին, թե ի՞նչ տպավորություն է ստացել ադրբեջանցի դիվանագետից, Վարդան Օսկանյանը նշեց, որ իր համար հետաքրքրական էր, քանզի դա առաջին հանդիպումն էր Ադրբեջանի նոր արտգործնախարարի հետ։ «Ընդհանուր տպավորությունը դրական է», ասաց նա։ Նաեւ հետաքրքրական էր նրանով, որ ամերիկյան կողմն իր նոր համանախագահին ներկայացրեցՙ Ստիվեն Մանին, եւ այս իմաստով նույնպես Պրահայի հանդիպումը ճանաչողական բնույթ ուներ։

Որոշվել է նաեւ, որ նման հանդիպումները պետք է շարունակվեն, սակայն որեւէ ժամկետ կամ վայր չի ճշտվել։

Ի դեպ, երեկ գիշեր ավտովթարի էր ենթարկվել Չեխիայի արտգործնախարար Ցիրիլ Սվոբոդայի ծառայողական մեքենան, եւ նախարարն ու իրեն ուղեկցող անձինք ծանր վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց։ Հայաստանի արտգործնախարարը դիվանագիտական խողովակներով շուտափույթ ապաքինում է մաղթել պարոն Սվոբոդային։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4