«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#67, 2004-04-15 | #68, 2004-04-16 | #69, 2004-04-17


ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆԸ ԱՊՐԻԼԻ 13-Ը ՀԱՄԵՄԱՏԵՑ ԱՎԱՐԱՅՐԻ, ՍԱՐԴԱՐԱՊԱՏԻ, ԲԱՇ ԱՊԱՐԱՆԻ ՀԵՐՈՍԱՄԱՐՏԵՐԻ ՀԵՏ...

Երեկ երեկոյան Մատենադարանին հարող տարածքում, չնայած անձրեւին եւ ապրիլ ամսվա համար ոչ այնքան բնորոշ ցրտին, հանրահավաքի մոտ 5 հազար մասնակիցներ ունկնդրում էին Ռոբերտ Քոչարյանին իշխանությունից հեռացնելու պատրաստ ընդդիմության ներկայացուցիչների ելույթները։ «Ազգային միաբանության» առաջնորդ Արտաշես Գեղամյանը, «Արդարություն» դաշինքի ղեկավար Ստեփան Դեմիրճյանը, մյուս հռետորները դատապարտեցին ապրիլի 12-13-ի լույս գիշերը Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած բռնություններըՙ ընդգծելով, որ ընդդիմությունը եւ ժողովուրդը չեն կոտրվել եւ շարունակելու են երկրում օրինական իշխանության հաստատման գործընթացը։

Շավարշ Քոչարյանը, որն ապրիլի 12-13-ի լույս գիշերվա բռնության ենթարկվածներից մեկն էր, հավաքվածներին վստահեցրեց, որ «մեր հաղթանակը շատ շուտ է լինելու»։ Քոչարյանը մեջբերեց ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Ռիչարդ Բաուչերի, Եվրախորհրդի գլխավոր քարտուղար Վալտեր Շվիմերի, ԵԽ ԽՎ նախագահ Պիտեր Շիդերիՙ Հայաստանում կատարված բռնությունները դատապարտող հայտարարությունները։ Մյուս կողմիցՙ Քոչարյանը նշեց, որ «ոչ ոք դրսից չի գա եւ կարգ ու կանոն հաստատի Հայաստանում, դա մենք պիտի անենք»։ «Ռոբերտ Քոչարյանը պետք է հեռանա», ասաց Շավարշ Քոչարյանը։

«Հանրապետություն» կուսակցության առաջնորդներից Ալբերտ Բազեյանը հավաքվածներին պատմեց, թե ինչպես են իրավապահ մարմինները ներխուժել կուսակցության գրասենյակ, ավերել, իրենց հետ տարել փաստաթղթեր, արխիվային նյութեր, համակարգիչների մեջ պահված տվյալների բանկը։

Արտաշես Գեղամյանը ոչ ավել, ոչ պակաս նշեց, որ ապրիլի 13-ի գիշերը «մենք ունեցանք մեր Ավարայրը, Սարդարապատը, Բաշ Ապարանը եւ հաղթեցինք»։ «Ռոբերտ Քոչարյանը Հայաստանի քաղաքական ասպարեզում այլեւս անելիք չունի։ Ձեզ հետ ճաշակում ենք հաղթանակը», ասաց Գեղամյանը։ Նա հատուկ շնորհակալություն հայտնեց բանաստեղծուհի Սիլվա Կապուտիկյանին, որ պատրաստվում է նախագահ Քոչարյանին վերադարձնել «Մեսրոպ Մաշտոց» շքանշանը։

Ի տարբերություն ապրիլի 9-ի հանրահավաքի, երեկ ընդդիմության առաջնորդները իշխանությունը ուժով տապալելու կոչեր չէին հնչեցնում, իրենց արտահայտություններում համեմատաբար զուսպ էին։ Ապրիլի 21-ին Ազատության հրապարակում նախատեսված է ընդդիմության, իրենց խոսքերով, համաժողովրդական հանրահավաքը։

Թ. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4