«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#69, 2004-04-17 | #70, 2004-04-20 | #71, 2004-04-21


«ԳԵՐՄԱՆԻԱՆ ԵՎ ԳԱՂՏՆԻ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ»

Միքայել Հակոբյանն ու իր ֆիլմը Պրահայի «Մեկ աշխարհ» կինոփառատոնում

Ամերիկահայ Հակոբ Միքայել (Մայքլ) Հակոբյանի 57 րոպեանոց փաստավավերագրական ֆիլմն առաջին անգամ ցուցադրվեց ապրիլի 17-ին Չեխիայի ազգային գրադարանի կինոդահլիճումՙ «Եդեն սվետ» (Մեկ աշխարհ) միջազգային վավերագրական կինոփառատոնի շրջանակներում։ Առաջին անգամ Եվրոպայի տարածքում ցուցադրվող ֆիլմը թե բովանդակությամբ եւ թե փաստերի ճշգրիտ ու մանրակրկիտ ընտրությամբ հայտնություն էր ոչ միայն լեփ-լեցուն դահլիճում հավաքված չեխ երիտասարդության, այլեւ սակավաթիվ հայերի համար։ Ֆիլմի ցուցադրությունից հետո ծափահարությունները երկար ժամանակ չէին լռում։ Այնուհետեւ բեմ հրավիրվեց ֆիլմի հեղինակըՙ Միքայել Հակոբյանը եւ մոտ մեկ ժամ պատասխանեց ներկաների հարցերին։ Բեմադրիչ Հակոբյանը հայտնի է հատկապես ցեղասպանությանը նվիրված իր 7 ֆիլմերով, որոնցից «Մոռացված ցեղասպանությունը» արժանացել է ամենատարբեր միջազգային մրցանակների։ Հայկական թեմաներով նկարահանած 16 ֆիլմերից զատ, նա ունի նաեւ պատմական թեմայով գրված տասնյակ այլ ֆիլմեր համաշխարհային պատմության ու աշխարհագրության շուրջ, որոնցից Հնդկաստանում նկարահանված «Ասիական հող» ֆիլմն արժանացել է ամենաշատ միջազգային բարձր պարգեւների։

40-ամյա վավերագրական ֆիլմերի փորձառությամբ բեմադրիչը առաջին անգամ միջազգային հանդիսատեսի դատին է հանձնում մի ֆիլմ, որի հիմնական նպատակն է ցույց տալ Գերմանիայի կառավարության դերակատարությունը Հայոց ցեղասպանության իրականացման գործում։

Ասվածի ապացույցը ֆիլմում բերվող բազմաթիվ ականատեսների վկայություններն են, եզակի պատմական ու արխիվային փաստաթղթեր, հայտնի պատմաբաններ Ռիչարդ Հովհաննիսյանի ու Վահագն Տատրյանի ելույթները։ Մեզ հետ ունեցած զրույցում բեմադրիչ Հակոբյանը, որ ծնունդով խարբերդցի է, վկայեց, որ ֆիլմի նյութը հավաքել է 25 տարվա ընթացքում։ Միայն 3 անգամ եղել է Գերմանիայումՙ տեղի արխիվներին ծանոթանալու։ Հայերը խանգարել են նաեւ գերմանացիներինՙ Բեռլին-Բաղդադ երկաթուղու շինարարության ճանապարհին, որն այն ժամանակ անցնելու էր նաեւ հայաբնակ շրջաններով։ Ամենահետաքրքրական դրվագն այն է, որ այդ տարիներին Թուրքիայում աշխատած գերմանացի երիտասարդ զինվորականները, ինժեներները կամ դիվանագետները հետագայում դարձել են Հիտլերի շրջապատի կամ նացիստական կուսակցության ղեկավար պաշտոնյաներ։ Այս իմաստով անչափ հետաքրքրական են ֆիլմի հեղինակի անցկացրած զուգահեռները։

Ի դեպ, «Գերմանիան եւ գաղտնի ցեղասպանությունը» ֆիլմը ցուցադրության նպատակով ուղարկվել է նաեւ Բեռլինի եւ Մյունխենի կինոփառատոներ, սակայն այնտեղից ստացվել են չպատճառաբանված մերժումներ։ Իսկ Թուրքիան բեմադրիչ Հակոբյանին համարում է անցանկալի անձ, եւ նրա մուտքը երկիր արգելված է։

Միքայել Հակոբյանի ասելով, Գերմանիային նվիրված ֆիլմը երկրորդն է «Ձայներ լճից» ֆիլմից հետո, որն ըստ էության մի ընդհանուր եռապատումի մաս է կազմում։ Երրորդ ֆիլմը դեռեւս չի ավարտված։ Նախնական անվանումն է «Քարավաններ Եփրատից», որը պատմելու է Դեր Զորի մասին։

Հուսանք, որ անվանի բեմադրիչի այս ֆիլմը նույնպես ժամանակին կավարտվի, եւ ինչպես ինքն է ասում, օտարներին ուղղված հերթական պատգամը կներկայացվի դպրոցականների ու ուսանողության դատին։

Կինոբեմադրիչի հետ բացառիկ հարցազրույցը կտպագրվի «Օրեր» համաեվրոպական ամսագրում։

ՀԱԿՈԲ ԱՍԱՏՐՅԱՆ, Պրահա


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4