«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#72, 2004-04-22 | #73, 2004-04-23 | #74, 2004-04-24


ՀԱՅ ԾԱՆՐՈՐԴՆԵՐԻ ՀԱՄԵՍՏ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԸ

Կիեւում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնության հերթական օրը մրցահարթակ դուրս եկան մինչեւ 69 կգ քաշային ծանրորդները։ Առաջնության պարգեւները վիճարկող 21 մարզիկների թվում էին նաեւ Հայաստանը ներկայացնող Արթուր Դանիելյանն ու Արմեն Ղազարյանը։ Ցավոք, մեր ծանրորդները չկարողացան լրջորեն մրցակցել մրցանակային տեղերի համար եւ բավական համեստ արդյունքներ ցույց տվեցին։ Արթուր Դանիելյանը երկամարտի 300 կգ (130+170) արդյունքով գրավեց 11-րդ տեղը։ Նույնպիսի ցուցանիշ ուներ նաեւ Արմեն Ղազարյանը (135+165), որն անձնական քաշով 650 գրամով ծանր էր Արթուրից եւ զբաղեցրեց 14-րդ հորիզոնականը։

Քաշային այս կարգում մրցանակային տեղերի համար պայքարը ծավալվեց թուրք ծանրորդ Էքրեմ Սելիլի, Խորվաթիան ներկայացնող Նիկոլայ Փեշալովի, բելառուս Սիարեյ Լավրինյովի եւ թուրք Յասին Արսլանի միջեւ։ Պոկում վարժությունը բոլորից հաջող կատարեցին Լավրինյովն ու Արսլանըՙ հաղթահարելով 150 կգ-անոց ծանրաձողը։ Փոքր ոսկե մեդալը նվաճեց Լավրինյովը, որի անձնական քաշն ավելի թեթեւ էր։ Սելիլն ու Փեշալովը պոկում վարժությունում բավարարվեցին 147,5 կգ ծանրությամբ։ Հրում վարժության ժամանակ Էքրեմ Սելիլը գերազանցեց բոլորին։ Բարձրացնելով 190 կգ-անոց ծանրաձողը, Սելիլը ոչ միայն փոքր ոսկե մեդալ նվաճեց հրում վարժությունում, այլեւ երկամարտի 337,5 կգ (147,5+190) արդյունքով դարձավ Եվրոպայի չեմպիոն։ Նա 7,5 կգ-ով գերազանցեց արծաթե մեդալակիր Նիկոլայ Փեշալովինՙ 330 կգ (147,5+182,5)։ Բրոնզե մեդալը նվաճեց բելառուս Լավրինյովըՙ 325 կգ (150+175)։ Կանայք մեդալները վիճարկեցին քաշային երկու կարգում։ Մինչեւ 69 կգ քաշային մարզուհիների մրցավեճում լավագույնը Թուրքիայի ներկայացուցիչ Սիբել Շիմշեկն էր, որը երկամարտում ցույց տվեց 247,5 կգ (112,5+135) արդյունք։ 2-րդ տեղը գրավեց ռուսաստանցի Տատյանա Մատվեեւանՙ 245 կգ (107,5+137,5)։ Ուկրաինուհի Վանդա Մասլովսկայան երկամարտի 242,5 կգ (110+132,5) արդյունքով արժանացավ բրոնզե պարգեւի։

Մինչեւ 75 կգ ծանրորդուհիների մրցավեճում Եվրոպայի չեմպիոնուհու տիտղոսին արժանացավ ռուսաստանցի Սվետլանա Պոդոբեդովանՙ 250 կգ (112,5+137,5)։ Արծաթե մրցանակակիրը թուրք Սուլե Սահբազն էրՙ 247,5 կգ (115+132,5)։ Բրոնզե պարգեւին երկամարտի 240 կգ (105+135) արդյունքով արժանացավ հույն Քրիստինա Իոանիդին։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4