«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#73, 2004-04-23 | #74, 2004-04-24 | #75, 2004-04-27


ԺԻՐԱՅՐ ԱՆԱՆՅԱՆ

Հայ ժամանակակից գրականությունը եւ թատրոնը ծանր կորուստ կրեցինՙ իր 70-ամյակի շեմին վախճանվեց անվանի դրամատուրգ-կատակերգակ, «Վահագն» համահայկական մրցանակի դափնեկիր Ժիրայր Անանյանը, որի երկերը շուրջ երեք տասնամյակ զարդարում են մեր թատրոնների բեմերը, մայր հայրենիքում եւ սփյուռքում հուզում տասնյակ հազարավոր հանդիսատեսների միտքն ու զգացմունքը, նրանց դաստիարակում ճշմարտության եւ հայրենասիրության ոգով։ Նրա հարուստ, ինքնատիպ ստեղծագործական ճանապարհը հավասարապես արտահայտում էր ե՛ւ գրականության, ե՛ւ թատերական արվեստի փորձն ու գեղարվեստական որոնումները, եւ ուներ նաեւ ընդհանուր մշակութային արժեքՙ մեր ժամանակի գեղարվեստական հայացքի էական նշաններով, որոնցից գլխավորը, թերեւս, դրամայում կատակերգականի եւ վերջինիս մեջ կյանքի դրամատիկ շերտերի ընդգծումն էր, որ նա անում էր գրողի ու թատրոնի մարդու բարձր վարպետությամբ։

Նրա երկերը բեմադրեցին Հայաստանի գրեթե բոլոր թատրոնները, այդ թվումՙ սունդուկյանցիները, պարոնյանականները. նա թարգմանվեց եւ մուտք գործեց նաեւ արտերկրի գլխավոր թատրոններՙ Թբիլիսիում, Նյու Յորքում, Թեհրանում, Հալեպում, Բեյրութում եւ այլն։ Հաճախ Ժիրայր Անանյանն ինքը չէր որոնում թատրոն, այլ թատրոններն էին գտնում նրան, որ նրա կարեւորության, անփոխարինելիության վկայությունն էր։ Նրա ստեղծագործությունները մարմնավորեցին բազմաթիվ ընտիր դերասաններ ու ռեժիսորներ, որ նրա բարեբախտությունն էր, ինքն էլ բարեբախտություն էր նրանց համարՙ գրողի եւ թատրոնի ստեղծագործ-բարեկամության ոչ հաճախակի հանդիպող հիանալի մի օրինակ։ Ժիրայր Անանյանի պիեսներըՙ «Տաքսի, տաքսի», «Իմ տունը քո տունը չէ», «Իրարանցում», «Կարուսել», «Տեր, մի թող մեզ անտեր» եւ այլն, գրված դրամատուրգիայի դժվարինՙ կատակերգության ժանրով, արդի հայ գրականության հարստություններից են, նրա կերտած շատ ու տարբեր հերոսները, ինչպես հայելու մեջ, արտացոլում են հայ մարդուն, նրա կյանքն ու ժամանակը։

Ցավալի է ասելՙ Ժիրայր Անանյանն այլեւս չի ստեղծագործելու, այսօրվանից սկսվում է նրա լռության ժամանակը, սակայն այն, ինչ գրել էՙ անբաժան պիտի մնա հայոց ներկա գրականության ու թատրոնի տարեգրությունից, ինչպես նաեւՙ իր պիեսների պես պարզ, լուսավոր, խոհուն, ցավատանջ, սիրառատ մարդը։

ՀՀ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳՐՈՂՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ԹԱՏԵՐԱԿԱՆ ԳՈՐԾԻՉՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ, Հ. ՊԱՐՈՆՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԿՈՄԵԴԻԱՅԻ ՊԵՏԱԿԱՆ ԹԱՏՐՈՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4