«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#73, 2004-04-23 | #74, 2004-04-24 | #75, 2004-04-27


ԱՎԱՐՏՎԵՑ «ՈՐՈՏԱՆ-ԱՐՓԱ» ԹՈՒՆԵԼԻ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ

ԽՍՀՄ Մինիստրների խորհրդի 1981 թ. ապրիլի 20-ի 725 որոշման հիման վրա սկսվել էր «Որոտան-Արփա» թունելի շինարարությունը, որը Որոտան գետի հոսքը Արփա գետի ավազան տեղափոխող հիդրոտեխնիկական կառույցների համալիր է։ Երեկ ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի գլխավորությամբ կառավարության անդամները, շինարարները, թունելագործները, նախագծողները, նաեւ լրագրողներ ներկա եղան շինարարության ավարտին եւ շահագործման հանձնելուն։ Վարչապետ Անդրանիկ Մարգարյանը շնորհավորեց շինարարներին եւ թունելագործներինՙ այդ կարեւորագույն կառույցի շինարարության ավարտի կապակցությամբ եւ նշեց. «Կառույցը ոչ միայն մեր հայրենական, այլեւ համաշխարհային շինարարության եզակի կառույցներից մեկն էՙ 21,6 կմ երկարությամբ, որով նախատեսվում է Սպանդարյանի ջրամբարից տարեկան 165 մլն խմ ջուր տեղափոխել Կեչուտի ջրամբար, հետագայումՙ 48,3 կմ երկարության Արփա-Սեւան թունելով դեպի Սեւանա լիճՙ ջրի մակարդակը բարձրացնելու, էկոլոգիական ռեժիմը վերականգնելու նպատակով»։

2001 թ. կառավարության բյուջեից շինարարության ավարտի համար հատկացված գումարները ոչ միայն էկոլոգիական, ասաց վարչապետի խորհրդական, կառավարական հանձնաժողովի նախագահ Վ. Մովսիսյանը, այլեւ տնտեսական նշանակություն ունեն Սեւանի համար, հաշվի առնելով, որ Սեւանի ջուրն օգտագործում ենք Արարատյան դաշտում ոռոգման համար։ Այս կառույցը մեր բնությունը պահպանելու, Սեւանը մեր ապագա սերունդներին հանձնելու համար մեծ նշանակություն ունի»։

Թունելի ուղեգիծն անցնում է Սիսիանի, Վայքի տարածաշրջանների ընդերքով, թունելի նախագծային ջրթողունակությունը վայրկյանում 15 խմ է։ Միայն հիշյալ 165 մլն խմ ջրի հաշվին Սեւանա լճի ջրի մակարդակը տարեկան կբարձրանա 13 սմ-ով։ Շինարարները վկայում էին, որ շինարարությունն ընթացել է երկրաբանական դժվարին պայմաններում եւ միայն շինարարների ու նախագծողների մեծագույն ջանքերի եւ մասնագիտական հմտության շնորհիվ է հնարավոր եղել շահագործման հանձնել այս եզակի հիդրոտեխնիկական օբյեկտը։

Պատմական այդ օրը հատուկ շնորհակալություն հայտնեցին «Հիդրոտեխնիկական կառույցներ» ՊՀ-ին, «Հայհիդրոէներգանախագիծ» ՓԲԸ-ին, գլխավոր կապալառուներ «Արփա-Սեւան» ԲԲԸ-ին եւ «Հիդրոմասնագետշին» ՓԲԸ-ին եւ նրա աշխատակիցներին։ «Որոտան-Արփա» թունելի շինարարության ավարտի կապակցությամբ մի խումբ շինարարներՙ Սերգեյ Գրիգորյանը, Սերյոժա Եղյանը, Մարտին Սարգսյանը ՀՀ նախագահի հրամանագրով պարգեւատրվեցին «Անանիա Շիրակացի» մեդալով։ ՀՀ վարչապետի շնորհակալագրերին արժանացան 12 շինարարներ, իսկ շինարարական աշխատանքներին մասնակցածներից 32-ն արժանացան ՀՀ քաղաքաշինության նախարարության շնորհակալագրերին։ Թունելագործների անունից շնորհակալական խոսք ասաց «Արփա-Սեւան» ԲԲԸ-ի կարեւորագույն տեղամասի պետ Սերգեյ Գրիգորյանը։

Ապրիլի 26-ին, ժամը 12։15-ին վարչապետ Անդրանիկ Մարգարյանը եւ «Արփա-Սեւան» ԲԲԸ-ի նախագահ, ԱԺ պատգամավոր Հակոբ Հակոբյանը կտրեցին «Որոտան-Արփայի» կարմիր ժապավենը, եւ ջուրը հոսեց Կեչուտի ջրամբար...

Ներկաներն այդ պատմական օրը «Հայաստան» կոնյակով շնորհավորեցին, որը 1981 թ. մարտի 21-ին «Արփա-Սեւան» թունելի շինարարության սկզբի առիթով բոլոր շինարարներին էր նվիրվել իրենց ստորագրություններով։ «Արփա-Սեւան» ԲԲԸ-ի նախագահ, ԱԺ պատգամավոր Հակոբ Հակոբյանն իր կոնյակը պահել էր հենց այս առիթով, որն էլ դատարկելուց հետո ի պահ տրվեց Ջերմուկի քաղաքապետինՙ իբրեւ հետագայում կառուցվելիք թանգարանի առաջին նմուշ։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4