«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#74, 2004-04-24 | #75, 2004-04-27 | #76, 2004-04-28


ԵՎՍ ՄԻ ԱՆԼՈՒԾԵԼԻ ԽՆԴԻՐ ՎՐԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐ

Եթե Աջարիայի բնակչությունը շարունակի ենթարկվել Աբաշիձեին

Այն մոտեցումը, թե Վրաստանում ամեն մի նախագահ իր հերթին խնդիրների մի շրջանակ է ստեղծում, կարծես մոտ է իրականությանը։ Վրաստանի ներկայիս նախագահի օրոք էլ Վրաստանի համար եւս մեկ անլուծելի խնդիր դառնալու հավանականություն է ձեռք բերում Աջարիան։

Կիրակի երեկոյան սահմանային զորքերի նավի 9 հոգուց բաղկացած անձնակազմը հրաժարվելով ենթարկվել Աջարիայի ղեկավարությանըՙ հեռացել էր Բաթումից Փոթի, որտեղ նրանց հետ հանդիպման էր գնացել Վրաստանի պետական անվտանգության փոխնախարար Գիգի Ուգուլավան։ Նրա խոսքերով, անձնակազմը հերոսաբար է վարվել եւ կպարգեւատրվի։

Վրաստանի անվտանգության նախարարության տեղեկության համաձայն, Աջարիայի լիդեր Ասլան Աբաշիձեի ենթակայության տակ գտնվող արագ արձագանքման ջոկատը փորձել է կանգնեցնել նավը։ Ենթադրվում է, որ Բաթումը կլքեն նաեւ Վրաստանի ռազմածովային ուժերի մյուս 2 նավերը։ Մինչդեռ ըստ Վրաստանի պետական սահմանների պաշտպանության Աջարիայի բաժանմունքի տարածած տեղեկության, նավը Փոթի է գնացել ծովային զորավարժանքներին մասնակցելու համար։

Վերջին օրերի ընթացքում Աջարիայից դուրս են եկել Վրաստանի պաշտպանության նախարարության 25-րդ մոտոհրաձգային ջոկատի սպաներն ու զինվորները, ինչպես նաեւ Պետական պահպանության ծառայության 2 աշխատակիցները, որոնք ապահովում էին Ասլան Աբաշիձեի անվտանգությունը։ Աջարիայում է, սակայն, գեներալ Ռոման Դումբաձեն, որ գտնվում է միջազգային հետախուզման մեջ երկրի գլխավոր հրամանատարին չենթարկվելու եւ Աբաշիձեի ենթակայության տակ անցնելու պատճառով։

Հետաքրքրական է, որ ընդհանուր առմամբ Աջարիայի խնդրում որեւէ դերակատարում ունեցող կողմերը ամեն կերպ զգուշանում եւ զգուշացնում են խնդրի ռազմական կամ ուժային ճանապարհով լուծումից։

Անցյալ շաբաթ նախագահ Միխայիլ Սաակաշվիլու պահանջով Աջարիայի առաջնորդը վերացրեց Աջարիայի պետական անվտանգության նախարարությունը եւ ստեղծեց ահաբեկչության եւ թմրանյութերի դեմ պայքարի 2 կենտրոն։ Բայց Վրաստանի կենտրոնական իշխանությունները նման կենտրոնների ստեղծումը հակասահմանադրական են համարում։ Եվ դա դեռ այն ամենը չէ, ինչից դժգոհ են Թբիլիսիի իշխանությունները։

Արդեն երրորդ անգամ Աջարիայում արտակարգ իրավիճակ հայտարարվելուց հետո ինքնավարության ղեկավարությունը դա բացատրեց նրանով, թե տեղեկություն կա, որ Վրաստանի կենտրոնական իշխանությունները պատրաստում են զինված խումբ Աջարիա ներխուժելու համար։ Պատճառաբանությունը վերաբերում է դեռեւս ապրիլի 24-ին Վրաստանի նախագահ Սաակաշվիլու զինվորականների առաջ ելույթի ժամանակ ասած խոսքերին, որ «Վրաստանի փլուզման վտանգի դեպքում առանց տատանվելու ուժ կգործադրի»։ Նման հայտարարությունն արվել էր, սակայն, ինքնավարության տարածքում արտակարգ իրավիճակ եւ պարետային ժամ հայտարարելուց հետո։ «Նա, ով զենք կվերցնի Վրաստանի դեմ, կչեզոքացվի», նշել էր Սաակաշվիլին։

Իսկ մինչեւ նախագահըՙ Վրաստանի խորհրդարանն իր առաջին իսկ նիստում ընդունեց որոշում, որում Աջարիայի ղեկավարության քայլերը որակվեցին ոտնձգություն Վրաստանի տարածքային ամբողջականության նկատմամբ։ Պատգամավորները պահանջեցին նաեւ, որ երկրի նախագահն ու կառավարությունը ապահովեն ինքնավար հանրապետության տարածքում անօրինականորեն գործող զինված խմբավորումների զինաթափումը։

Ինչեւէ, Սաակաշվիլին հայտարարել է նաեւ, որ չի պատրաստվում ուժ գործադրել հենց Աջարիայում, եւ որ Աբաշիձեի խոսքերը ինքնավար հանրապետություն ներխուժելու մտադրության մասին մտացածին են։ Սրա հետ մեկտեղ, Սաակաշվիլին չի բացառում արտահերթ ընտրություններ անցկացնելու հնարավորությունը Աջարիայում։ Վրաստանի նախագահն Աջարիայի բնակչությանը կոչ է արել չենթարկվել Ասլան Աբաշիձեին։

Այսպես թե այնպես, Սաակաշվիլին արդեն նման, այսպես կոչված, քաղաքացիական անհնազանդության փորձ ունի, ինչ կոչ է անում նաեւ Աջարիայի բնակչությանը։ Մնում է տեղում գտնել հարմար լիդեր եւ ապահովել համապատասխան ֆինանսավորում։

ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, Թբիլիսի


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4