«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#88, 2004-05-14 | #89, 2004-05-15 | #90, 2004-05-18


ՇԱՐԺՈՒՄ, ՌԻԹՄ, ՓԻԼԻՍՈՓԱՅՈՒԹՅՈՒՆ

Մութ, սեւ ֆոն, վերեւից կապույտ, գրեթե կապարագույն լույս, որը երբեմն շառագունում է կողքից բացվող արեւածագի ցոլքերից, ու բեմի վրա շարժվող մարմին, մարմիններ։ Երաժշտությունն այստեղ չի թելադրում եւ շարժման մեջ գտնվող մարմինն ամենեւին չի մեկնաբանում այն, ինչպես դասական բալետում։ Ռիթմը ներքին է այստեղ եւ մարմնի մասերին տրված է ամբողջական ազատություն ինքնադրսեւորման։ Երաժշտությունն այստեղ ուրիշ դեր ունիՙ ներքին տրամադրությունն է ընդգծում պարզապես, փիլիսոփայական պահն է շեշտում, քանի որ սյուժե չունեն պարային այս բեմադրությունները, որոնք մայիսի 15-ին եւ 16-ին երեւանյան հանդիսատեսն առիթ ունեցավ դիտելու Ստանիսլավսկու անվան թատրոնի բեմի վրա։

Անգլիացի խորեոգրաֆ եւ պարող Ռասել Մալիֆանթն ու իր պարային փոքրիկ խումբն այդ երկու օրերին ժամանակակից նոր պարարվեստի իսկական հրավառություն էին սարքել երեւանցի արվեստասերների համար։ Նորությունն այս պարագայում երաժշտություն-շարժում-պատկեր հայտնի տարրերից շեղումը չէր միայն, այլեւ ժամանակակից պարարվեստիՙ քաղաքային կյանքի թեմատիկայից կամ շոու բալետից անջատված լինելը, երբ պարողներըՙ Ռասել Մանիֆանթը, Աննա Ուիլյամսը, Ֆլորա Բոուրդերոն, Մարի Գոդոն, Միգուել դը Յոնգը եւ Մայքլ Պոմերոն հանդես են գալիս ոչ թե որպես խորեոգրաֆիան իրականացնող ֆիգուրներ, այլ նրանցից յուրաքանչյուրն ինքն իր մեջ շարժումների մի անկախ, բայց ներդաշնակ համադրում է ստեղծում եւ ազատագրում մարմինը բոլոր պայմանականություններից։ Սա ամբողջական պար էՙ ներկայացված ոչ թե աչքի, այլ մտքի համար, հետեւաբար գեղագիտական ընկալյալ կանոններն էական չեն այս պարագայում։ Ապականոնությունն այստեղ մարմնի բոլոր մասերին թելադրում է արտակարգ ձեւեր ընդունել ու բացել մարդկային մարմնի անսովոր, արդեն անսահման թվացող պլաստիկական հնարավորությունները, ինչը ենթադրում է, բացի բալետային վարպետությունից, տիրապետել նաեւ չինական մարտարվեստի հիմքը հանդիսացող ներքին դինամիկային։ Դրա համար անհրաժեշտ է կատարյալ ինքնատիրապետում, սեփական մկանների ու հոդերի շարժունակության հնարավորությունների գիտակցում, ներքին ռիթմիՙ մարդու գրեթե նախախնամական էությունից բխող զգացողություն։ Ահա թե ինչու հանդիսատեսներից ոմանք Մալիֆանթի խմբի արվեստը տեղ-տեղ ընկալեցին իբրեւ մեդիտացիոն մարզանք։ Այնինչ այստեղ ամեն բանից առաջ կա փիլիսոփայությունՙ մարդը տիեզերական ուժի դիմաց մնում է մենակ եւ աշխատում ոչ թե հակադրվել, այլ միաձուլվել այդ ուժին։ Միայն թե, կարելի է հստակորեն առարկել խորեոգրաֆիստին, այդ միաձուլումը սովորաբար տեղի է ունենում ոչ թե դեպի երկինք, դեպի բարձրություն, դեպի կատարելություն, այլ դեպի հող, եւ պարողները հաճախ պարում են կիսակքած, անգամ գետնամած վիճակում։ Դրանով էլ հենց ավարտվում է ներկայացման վերջին պատկերըՙ արաբա-հնդկական ճակատագրապաշտական երաժշտության ոլորուն արձագանքների ներքո։

Ինչպես բրիտանական խորհրդի (British Conuncil) Երեւան բերած նախաձեռնություններից շատերը, պարային այս ներկայացումն էլ նորույթ էր մեր հանդիսատեսի համար, որ պայմանների բերումով կտրված է ոչ միայն համաշխարհային պարարվեստի նորություններից, այլեւ սեփական դասական բալետից։ Եվ հանդիսատեսը հենց դրա համար իր ջերմ ծափահարություններով վարձահատույց եղավ։

Հ. Ավետիքյան


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4