«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#90, 2004-05-18 | #91, 2004-05-19 | #92, 2004-05-20


«ՆՈՐ ԱՆՈՒՆՆԵՐԻ» ՓԱՅԼՈՒՆ ԵԼՈՒՅԹՆԵՐԸ ՊՐԱՀԱՅՈՒՄ

Մայիսի 16-ին Պրահայի կենտրոնական հրապարակի հարեւանությամբ գտնվող Սալվադոր եկեղեցում հանդես եկան Հայաստանի «Նոր անուններ» խմբի պատանի երաժիշտ կատարողները, որոնք իրենց փայլուն ելույթներով զարմացրին ու հիացրին ներկաներին։ «Օրեր» համաեվրոպական ամսագրի հովանավորությամբ կազմակերպված համերգը երրորդն էր խմբի չեխական ելույթների շարքում (հատկապես պետք է նշել Պրահայի երաժշտական դպրոցի ելույթը)։ Ինչպես նշեց ծրագրի ղեկավարի տեղակալ Նոնա Ոսկանյանը, շնորհալի երաժիշտ կատարողները բազմաթիվ միջազգային ու հանրապետական մրցույթների դափնեկիրներ են, արդեն իսկ համերգներով ու տարբեր ելույթներով հանդես են եկել աշխարհի բազմաթիվ երկրներումՙ Միացյալ Նահանգներից մինչեւ Ռուսաստան, Կանադայից մինչեւ Մերձավոր Արեւելքի երկրներ։ Համերգի ծրագիրը նույնպես բազմազան էրՙ Լիստ, Խաչատրյան, Կոմիտաս, Իտուրալդի, Կրեյսլեր, Շչեդրին, Դեմերսման։ Դաշնակահար Արմինե Ահարոնյանի, ջութակահար Աննա Հարությունյանի, սաքսոֆոնահար Հայրապետ Առաքելյանի գրավիչ ելույթները ընդմիջվում էին Մհեր Մնացականյանի դուդուկի, կլարնետի ու շվիի ինքնատիպ կատարումներով։ Նրանց ելույթների մի մասին նվագակցում էր փորձառու դաշնակահար Լոլիտա Պողոսյանը։

«Նոր անուններին» իր ողջույնն էր բերել նաեւ Չեխիայի Սոկոլով քաղաքի երաժշտական դպրոցի 10-ամյա սան Հրանտ Բաբայանը, որը կատարեց Բրամսի Հունգարական պարը։ Իսկ օպերային բաս երգիչ Արմեն Կարապետյանը, որ խմբի չեխական համերգների կազմակերպիչներից էր, ներկաներին գերեց Պոնկիելիի Ալվիզեի մեներգով «Լա Ջոկոնդա» օպերայից եւ Բարսեղ Կանաչյանի «Օրորոցային»-ով։

Համերգն ավարտվեց խմբի հավաքական ելույթով։ Կրկին հնչեցին Խաչատրյանի «Լեզգինկան» եւ «Սուրերով պարը»։ Ցավոք, որդու անսպասելի մահվան պատճառով չեխական համերգներին չկարողացավ ներկա գտնվել «Նոր անունների» գեղարվեստական ղեկավար ու հիմնադիր Սիլվա Մեքինյանը, ինչի առիթով խորապես ցավակցում ենք նրան։ Իսկ «Նոր անունների» չեխական ճամփորդության գլխավոր հովանավորներն էին Չեխական ավիաուղիներն ու ՆԻԿՈ հյուրանոցային համալիրը։

Մայիսի 17-ին շնորհալի երաժիշտները ելույթ կունենան նաեւ Պրահայի Ռուսական գիտության ու մշակույթի տանըՙ Արբատ առեւտրամշակութային կենտրոնի հովանավորությամբ։ Իսկ Երեւան վերադառնալուց առաջ երաժիշտների խումբը կհյուրընկալվի նաեւ «Ազատություն» ռադիոկայանի հայկական խմբագրությունում։

Հակոբ Ասատրյան, Պրահա


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4