«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#96, 2004-05-26 | #97, 2004-05-27 | #98, 2004-05-28


ԱԲԽԱԶԻԱՆ ԵՎ ՀԱՐԱՎԱՅԻՆ ՕՍԻԱՆ ՄԵՐԺՈՒՄ ԵՆ ՍԱԱԿԱՇՎԻԼՈՒ ԱՌԱՋԱՐԿԸ

Լայն ինքնավարություն վրաց պետության շրջանակներո՞ւմ

Մայիսի 26-ը Վրաստանի անկախության օրն էր, որ նշվեց, վրացական լրատվամիջոցների գնահատականներով, աննախադեպ շքեղությամբ։ Նույն օրը Սաակաշվիլին եղավ Բաթումում։ Դա թերեւս շահած հաղթանակի վկայության էր նման, որ վրացական իշխանությունների համար ցանկալի կլիներ շարունակել Հարավային Օսիայում եւ Աբխազիայում։

Անկախության օրվան նվիրված տոնակատարության ժամանակ Սաակաշվիլին աբխազերեն եւ օսերեն դիմեց Աբխազիայի եւ Հարավային Օսիայի բնակչությանըՙ Հարավային Օսիայի եւ Աբխազիայի կարգավիճակները որոշելու նպատակով խաղաղ բանակցություններ սկսելու կոչ անելով։ Վրաստանը, ըստ Սաակաշվիլու, պատրաստ է երկու սուբյեկտներին էլ առաջարկել լայն ինքնավարությունՙ վրացական պետության շրջանակներում։

Սակայն նույն օրն իսկ Հարավային Օսիայի եւ Աբխազիայի իշխանությունները հայտարարեցին Վրաստանի նախագահի առաջարկից հրաժարվելու մասին։ Մինչդեռ Վրաստանի նախագահն առաջարկել էր երկրի վերամիավորման բանակցություններ սկսել։

«Մենք բազմիցս հայտարարել ենք, որ Հարավային Օսիան ինքնորոշված հանրապետություն է եւ պատրաստ է Վրաստանի հետ բարեկամական հարաբերությունների», «Ինտերֆաքս»-ի թղթակցին հայտնել էր Հարավային Օսիայի արտաքին գործերի նախարար Մուրադ Ջիոեւը։

Ըստ նրա, հարավային Օսիան Վրաստանի իշխանությունների հետ բանակցում է ոչ թե միասնական պետություն ստեղծելու, այլ կոնֆլիկտը կարգավորելու նպատակով։

Վրաստանի անկախության օրը Աբխազիայի վարչապետ Ռաուլ Խաջիմբան եւս հանդես եկավ հայտարարությամբ։ Ըստ վարչապետի, Սաակաշվիլու առաջարկը չեն ընդունում նաեւ աբխազական իշխանությունները։ «Աբխազիան վերջնականապես որոշել է իր կարգավիճակը։ Ընդունվել է սահմանադրություն եւ Աբխազիայի կարգավիճակը քննարկման առարկա չի կարող դառնալ», նշել է Խաջիմբան։

Դեռ ավելին, աբխազական կողմը, «ՌԻԱ նովոստի»-ի համաձայն, ի դեմս Մոսկվայում Աբխազիայի ներկայացուցիչ Իգոր Աղբայի, կասկածում է, թե Վրաստանի ղեկավարությունը անկեղծորեն ցանկանում է խաղաղ ճանապարհով լուծել հակամարտությունը։ «Մենք կարծում ենք, որ Վրաստանի իշխանությունները Աբխազիայի հարցում չեն դադարեցրել ռեվանշիստական ծրագրերը», նշել է Աղբան։

Ինչ վերաբերում է Սաակաշվիլուՙ լայն ինքնավարություն տալու առաջարկին, ապա Աղբան անգամ այս դեպքում չի բացառում ուժային մեթոդների կիրառումը։ Նա ընդգծում է, որ Աբխազիան պատրաստ է Վրաստանի հետ միջպետական բարիդրացիական հարաբերություններիՙ իրավահավասար մոտեցումներով։

ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, Թբիլիսի


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4