«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#108, 2004-06-12 | #109, 2004-06-15 | #110, 2004-06-16


ԽՈՐՀՐԴԱԿԱՆՆ ԱԿՆԿԱԼՈՒՄ Է, ՈՐ ՔԵՐՐԻՆ ԿՊԱՀԻ ԽՈՍՏՈՒՄԸ

ԱՄՆ-ի նախագահական թեկնածու սենատոր Ջոն Քերրիի արտաքին քաղաքականության խորհրդական, պետքարտուղարության նախկին խոսնակ Ջեյմս Ռուբինը հույս է հայտնել, որ ընտրվելու դեպքում Քերրին հավատարիմ կմնա ցեղասպանությունը ճանաչելու հայերին տված իր խոստմանը, հաղորդում է «Արմինյն միրոր սփեքթեյթր» շաբաթաթերթի հունիսի 5-ի համարը:

Ազգային անվտանգության եւ արտաքին քաղաքականության հարցերի լուսաբանմանը նպատակաուղղված 10-օրյա շրջագայության ընթացքում հունիսի 2-ին լրագրողների հետ հեռուստակոնֆերանսի ժամանակ Ռուբինն ասել է. «Սենատոր Քերրին հայկական համայնքի վաղեմի պաշտպաններից է եւ արդարության կողմնակից: Ցեղասպանության փաստը հստակ է, եւ պատճառ չկա, որ դրա ճանաչման հետեւանքով փոխվեն մեր հարաբերություններն այլ երկրների, օրինակ, Թուրքիայի հետ: Ես ակնկալում եմ, որ սենատորը մինչեւ վերջ կպահի իր խոստումը»: Նա շեշտել է, որ Քերրին մտադիր է վերականգնել ԱՄՆ-ի «խաղաղության առաջնորդի» դերը եւ այդ կոնտեքստում ղարաբաղյան կարգավիճակի հստակեցման առավել մեծ ջանքեր կգործադրի: Նա ավելացրել է, որ Քերրին որոշակի քայլերով կփորձի վերականգնել նաեւ հարգանքն Ամերիկայի նկատմամբ: «Սենատորը հասկանում է, որ Մ. Նահանգների մեծությունը սոսկ նրա ժողովրդավարությունը կամ ռազմական հզորությունը չէ, այլեւ Եվրոպայում, Ասիայում եւ այլուր գտնվող դաշնակիցների հետ սերտ համագործակցությունը: Ուրիշներին հարգելով է, որ մենք կկարողանանք ապահովել նրանց հարգանքը», ասել է նաՙ քննադատելով Բուշի արտաքին քաղաքականությունը, որը «ձախողված» է որակել, հիշեցնելով, որ Բուշը «Հին Եվրոպային» է հակադրում «Նոր Եվրոպան»ՙ սեպ խրելով նույնիսկ ԱՄՆ-ին հավատարիմ դաշնակիցների միջեւ: «Նախքան սեպտեմբերի 11-ը եւ Իրաքին հարվածները, առանց հաշվի առնելու ուրիշների կարծիքը, աշխարհը դրական աչքով էր նայում մեզ: Մենք պետք է վերականգնենք այդ վերաբերմունքը», հավաստել է Ռուբինը:

Նախորդ օրը Ռիվիերա Բիչում արտասանած իր ելույթում նախագահական թեկնածու Ջոն Քերրին հիմնականում կենտրոնացել է միջուկային զենքի եւ աշխարհը դրա սպառնալիքից փրկելու անհրաժեշտության վրա: «Ընտրվելու դեպքում դա կլինի անվտանգության ապահովման իմ առաջնահերթ խնդիրը», խոստացել է նա:

Հ. Ծ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4