«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#108, 2004-06-12 | #109, 2004-06-15 | #110, 2004-06-16


«ՆՅՈՒ ՅՈՐՔ ԼԱՅՖԸ» ԹԵՐԱՆՈՒՄ Է

«Լոս Անջելես դեյլի նյուսից» քաղելով նյութը, «Արմինյն միրոր սփեքթեյթր» շաբաթաթերթը հաղորդում է, որ, ըստ Բեւերլի Հիլզում երեք հայցվորների շահերը պաշտպանող իրավաբան Բեն Նաթլիի, «Նյու Յորք լայֆ» ապահովագրական ընկերությունը բավականաչափ ջանքեր չի գործադրում զգուշացնելու հայցվորներին, որ ներգրավվեն փոխհատուցման դատական գործընթացում: 20 մլն դոլար փոխհատուցման պայմանագրում ընկերությունը պարտավորվել է ժամանակին զգուշացնել ժառանգորդներին, որ կամ խմբակային, կամ անհատական հայցեր ներկայացնենՙ ստանալու համար իրենց հասանելիք գումարը: Վերջնական կարգավորման վերաբերյալ լսումները կայանալու են հուլիսի 30-ին, դատավոր Քրիստինա Շնայդերի ներկայությամբ:

Բեն Նաթլին նաեւ դատարանի միջոցով դիմում է ներկայացրել ընկերությանը, որ ծանուցագրում ընդգրկի «Հայոց ցեղասպանություն» բառերը, որոնք ցարդ բաց են թողնված եղել: «Նրանք ժխտողական լեզու են օգտագործում, որը թույլատրելի չէ», ասել է նաՙ հիշեցնելով, որ պայմանագրի կետերին անհամաձայնություն հայտնելու վերջին ժամկետը հունիսի 15-ն է: Նա առաջարկել է նաեւ օգտվել այդ առթիվ բացված վեբ-սայթիցՙ www.justsettlement.com, որը բավականաչափ տեղեկություն է պարունակում:

Հ. Ծ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4