«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#115, 2004-06-23 | #116, 2004-06-24 | #117, 2004-06-25


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԲԵՌԸ ԾԱՆՐ Է, ԲԱՅՑ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆՆ ԱՆՀՐԱԺԵՇՏ Է

Ասել է Ֆիշերը ՀՀ վարչապետ Մարգարյանին

Հունիսի 24-ին ժամը 14.30-ին Բեռլինում տեղի է ունեցել Յոշկա Ֆիշեր- Անդրանիկ Մարգարյան 30 րոպեանոց հանդիպումը: ԳԴՀ արտգործնախարար եւ փոխվարչապետ Ֆիշերը նախ փոխանցել է ապրիլին Հարավային Կովկաս կատարած իր այցի ջերմ տպավորությունները: Նա մտաբերել է, որ ՀՀ նախագահի հետ խոսել են տարածաշրջանային համագործակցության, Ղարաբաղյան հարցի կարգավորման, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների մասին: Գերմանիայի արտգործնախարարն ընդգծել է, թե որքան էլ ծանր է պատմության բեռը, այդուհանդերձ երկխոսությունն անհրաժեշտ է: Թուրքիան էլ դա պիտի գիտակցի, այլապես միջազգային հանրությունը չի կարող օգնել կողմերին: Արձագանքելով ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի այն պնդմանը, թե հայկական կողմը կտրականապես դեմ է ռազմական գործողություններին եւ խնդրի կարգավորման միակ տարբերակը համարում է փաթեթային խաղաղ կարգավորումը, պարոն Ֆիշերը հավաստել է, թե ճիշտ ուղի է ընտրվածՙ Եվրոպան էլ չի ողջունի ռազմական տարբերակը, ասել է Գերմանիայի արտգործնախարարնՙ ակնարկելով նաեւ մեր հարեւան հակամարտող կողմի այն մտայնությունը, թե տնտեսական զարգացումը կնպաստի ռազմական գործողություններով խնդրի լուծմանը: Այնուհետեւ գերմանացի դիվանագետն իր ուրախությունն է հայտնել հունիսի 23-ին Բեռլինում տնտեսական ֆորումի բարձր մակարդակով անցկացման առիթով: Անդրանիկ Մարգարյանը խրախուսելի է համարել Հարավային Կովկասի 3 հանրապետություններին »Ընդարձակ Եվրոպա, նոր հարեւաններ» ծրագրում ընդգրկելը, նաեւ շեշտելով, թե երեքին միացնող միայն մեկ գաղափար կաՙ դեպի Եվրոպա ուղղվածությունը: Բայց ի տարբերություն մյուսների, մենք չենք ուզում Եվրամիության համար գլխացավանք դառնալ, ասել է ՀՀ վարչապետնՙ ակնարկելով, թե նախ պիտի նորմալացնենք մեր հարաբերությունները հարեւանների հետ, նաեւՙ եվրոպական ստանդարտները կիրառելի դարձնենք առօրյայում: Նա նշել է նաեւ, թե նոր անդամ երկրների ԵՄ մուտքը առավել կնպաստի այդ կառույցիՙ Հայաստանի հետ տնտեսական գործընկերությանը:

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4