«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#119, 2004-06-29 | #120, 2004-06-30 | #121, 2004-07-01


ՔԱՂԱՔԱԿԱՆ ՄԵԾ ԿԱՐԻԵՐԱՅԻ ՎԵՐՋԸ

ԳԴՀ նոր նախագահ Հորստ Քյոհլերի պաշտոնավարումը հուլիսի 1-ից

1999-ին 690 ձայնով ԳԴՀ ութերորդ նախագահ դարձած 1958-ից մեծ քաղաքականություն մտած 73-ամյա Յոհաննես Ռաուն հունիսի 29-ին հրաժեշտ տվեց Բելվյու նախագահական նստավայրին: Երեկոյան, հրավիրված 100 բարձրաստիճան հյուրերի ներկայությամբ, պաշտպանության նախարարության եւ բանակի անցկացրած հրաժեշտի հատուկ արարողակարգի ժամանակ անթաքույց թախիծ կար նրա հայացքում, բայց զինվորական նվագախմբին ձայնակցում էր սիրով, իսկ ZDF-ին տված հարցազրույցում ամենահիշարժանը բազմաթիվ մարդկանց հետ իր հանդիպումները համարեց: Իմ երկրի պարզ քաղաքացի կլինեմ, քաղաքականության մեջ ձայնս դեռ կլսվի, համր չեմ լինի, իսկ թոքշոուների այլեւս չեմ մասնակցի, ասաց ԳԴՀ արդեն նախկին նախագահը:

Ռաուն Գերմանիայում ամենասիրված քաղաքական գործիչներից մեկն է, Հյուսիս Հռենոս Վեստֆալիա երկրամասի երկարամյա ղեկավարը, Սոցիալ-դեմոկրատական կուսակցության բազմամյա նախագահը, առաջին բողոքականը, որ այցելեց Վատիկան ու հյուր եղավ Հռոմի պապին, առաջին գերմանացին, որ 2000 թվականին գերմաներենը հնչեցրեց իսրայելյան Կնեսետում, ելույթ ունեցավ լեհական Սեյմում, այնուհետեւ սերտացրեց երկու երկրների հարաբերությունները:

Վիճաբանություններ հարթող, հումորախառն ելույթներով հայտնի, քաղաքական անեկդոտների սիրահար, հանպատրաստից ճառի վարպետ, մշտազբաղ Ռաուի սիրելի գործերից մեկը նամակներ գրելն էՙ ոչ մեկին չի մոռանում, յուրաքանչյուր տարեդարձՙ ըստ օրագրի հերթականության: Բեռլինում նրան տուն ու գրասենյակ կտրամադրվի, բայց հիմնական բնակատեղը նորից այն քաղաքն է, որտեղից 1931-ին Յոհաննես Ռաուն աշխարհ մտավՙ Վուպերթալը:

2004 թվականի մայիսի 23-ին Դաշնային ժողովը ԳԴՀ 9-րդ նախագահ ընտրեց Հորստ Քյոհլերին: Հուլիսի 1-ից Բունդեսթագի եւ Բունդեսռաթի հատուկ նիստով նոր նախագահն իր պաշտոնավարմանը կանցնի:

Ծանոթություն- Գերմանիայի պետության ղեկավարը դաշնային նախագահն է, որն ընտրվում է 5 տարի ժամկետովՙ Դաշնային ժողովի կողմից, որտեղ Բունդեսթագի անդամների եւ երկրամասերի պառլամենտների պատգամավորների թիվը հավասար է: Դաշնային նախագահը ԳԴՀ-ն ներկայացնում է միջազգային-իրավական հարաբերություններում: Նա է նշանակում նաեւ Գերմանիայի Բունդեսթագի ընտրած դաշնային վարչապետին եւ դաշնային նախարարներին:

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4