«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#124, 2004-07-07 | #125, 2004-07-08 | #126, 2004-07-09


ԵՐՈՒՍԱՂԵՄԻ ԺԱՌԱՆԳԱՎՈՐԱՑ ՎԱՐԺԱՐԱՆՈՒՄ ՄԹՆՈԼՈՐՏՆ ԱՅԺՄ ՋԵՐՄ Է ՈՒ ՀՈՒՍԱԼԻ

Վստահեցնում է վարժարանի տեսուչը

Երուսաղեմի Ժառանգավորաց վարժարան կրոնական բարձրագույն ուսումնական հաստատությունը գործում է 1843 թվականից, հայոց պատրիարքարանի տնօրինության ներքո, եւ պատրաստում է եկեղեցու սպասավորներ: Գրեթե ամեն տարի ընտրվում են եկեղեցուն ծառայելու ցանկություն ունեցող պատանիներ Հայաստանից եւ սփյուռքի տարբեր գաղթօջախներից: Նոր ուսումնական տարվա համար սաներ հավաքագրելու նպատակով կրկին Հայաստան է ժամանել վարժարանի տեսուչ Պարետ ծայրագույն վարդապետ Երեցյանը, որի հետ զրուցեցինք «Ազգի» խմբագրատանը:

- Երուսաղեմի հայոց վանքն իբրեւ հոգեւոր կենտրոն հսկայական դեր է ունեցել ինչպես հայ եկեղեցու սպասավորներ պատրաստելու, այնպես էլ գիտամշակութային գործունեություն ծավալելու առումներով: Վերջին տարիներին տեղի ունեցած աշխարհաքաղաքական տեղաշարժերը որեւէ կերպ նվազեցրե՞լ են այդ դերը:

- Հիրավի, Երուսաղեմն անչափ կարեւոր դեր է ունեցել խորհրդային տարիներին, երբ Հայաստանը քաղաքականապես ներփակված էր, հենց այդ շրջանում Երուսաղեմն իր ձեռքն առնելով հայ եկեղեցու համար սպասավորներ պատրաստելու դերըՙ տվեց հոգեւորական գիտնականների ընտիր սերունդ: Վանքի հոգեւոր հայրերը իրենց վստահված գործը կատարեցին լիուլի, ամուր պահելով Հայաստան-էջմիածին-Երուսաղեմ հոգեւոր կապը, դարձան այդ գործի գլխավոր ճարտարագետներն ու ռահվիրաները: Հայաստանի անկախությունից հետո այդ կապը, բարեբախտաբար, չի նվազել: Վեհափառ հայրապետը զորավիգ է կանգնում մեզ եւ քաջալերում, որպեսզի հայ եկեղեցու սպասավորները Հայաստանից զատ կրթվեն նաեւ Երուսաղեմում, եւ այս գործը հասնի բարենպաստ հաջողության: Երուսաղեմի պատրիարք Թորգոմ արք. Մանուկյանի կարգադրությամբ Ժառանգավորաց վարժարանի եւ ընծայարանի համար սաներ ընտրելու կապակցությամբ արդեն հանդիպել եմ Վեհափառին, ստացել նրա օրհնությունն ու օժանդակությունը:

- Ժառանգավորաց վարժարանում ի՞նչ նոր փոփոխություններ են կատարվել վերջին տարվա ընթացքում:

- Վստահաբար պիտի ասեմ, որ վարժարանի մակարդակը շատ բարձր է, ժամանակի պահանջներին խիստ համապատասխան, եւ մեր սաներն արագորեն առաջադիմում են ոչ միայն օտար լեզուների, այլեւ համակարգչային գիտելիքների մեջ: Նրանք բավականին խելացի են, ուշիմ, անմիջապես ընկալում են իրենց մատուցվող համակարգչային նոր ծրագրերը եւ ժամերով մխրճվում դրանց մեջ: Ամեն օր զբաղվում են երաժշտությամբ, մարմնամարզությամբ, մի խոսքով, վարժարանում կան բոլոր պայմանները նրանց մտային, հոգեւոր ու ֆիզիկական զարգացման համար: Ավելացնեմ, որ նկարչական ձիրք ունեցողները քաջալերվում են եւ վարպետանալու հնարավորություն ստանում: Այնպես որ, Ժառանգավորաց վարժարանը հայոց եկեղեցու հոգեւոր դպրոցներից թերեւս ամենամեծ հնարավորություններն ու լավագույն պայմաններն ունի կրթվելու եւ առաջադիմելու համար:

- Իսկ որո՞նք են վարժարանի առաջնային պահանջները, ի՞նչ հիմունքով է կատարվում ընդունելությունը:

- Հիշեցնեմ, որ Ժառանգավորացն ունի 2 բաժինՙ երկրորդական վարժարան եւ ընծայարան: Առաջինում 4 տարի սովորում են գրական-լեզվաբանական, պատմական ու գիտական առարկաներ, իսկ երկրորդումՙ 3 տարի, աստվածաբանական-եկեղեցական, իմաստասիրական-մեթոդական առարկաներ: Ընտրում ենք 14-15 տարեկան բարձր առաջադիմություն ցուցաբերող, առողջ, գեղեցիկ ձայնով օժտված աշակերտների Հայաստանից եւ գաղթօջախներիցՙ դպրոցների տնօրենությունների եւ ծնողների երաշխավորությամբ: Հետագա պահանջը վարժարանի օրենքներին ենթարկվելն ու կարգապահ լինելն է:

Մեր կարգապահական օրենքները չհարգողներն ու առաջադիմությամբ աչքի չընկնողները զրկվում են հետագա ուսումնառությունից, քանի որ վարժարանը հատուկ նպատակի է ծառայում: Սաների ուսման ու կեցության վրա զգալի գումար է ծախսվում, հետեւաբար կամենում ենք, որ դա անպայման արդարանա, եւ մեր սաները օրինակելի լինեն թե նկարագրով, թե ուսումով: Մեր խստությունը բռնադատական չէ, այլ հայրական, ոչ թե բանտային խստություն է, այլ կարգ ու կանոն հաստատելու: Մենք նկատում ենք, որ Հայաստանից եկած սաներն օրենքի հանդեպ հարգանք չունեն, դրա համար էլ ձգտում ենք նրանց մեջ այդ հասկացողությունը մտցնել, որը չեն ստացել ոչ տնից, ոչ էլ դպրոցից: Իրենց կյանքում գործը գնահատելու եւ գործի մեջ գնահատվելու համար նրանց դա շատ է անհրաժեշտ, այլապես հաջողության չեն հասնի: Իսկ փախչելու նպատակով եկածներից վարժարանը գրեթե մաքրված է, հիմա ավելի խաղաղ ու հուսալի միջավայր է, քան նախկինում էր:

- Պաղեստինա-իսրայելական հակամարտության պատճառով երկրում շարունակվող լարվածությունը հուսալքության ալիք առաջացնո՞ւմ է Երուսաղեմի հայ համայնքում:

- Վերջին շրջանում Երուսաղեմում անհամեմատ հանգիստ է, ինչ խոսք, կան բազում խնդիրներ, սակայն դրանք մեկ օրում լուծվելիք հարցեր չեն, ժամանակի ընթացքում ամեն ինչ կկարգավորվի: Արաբների եւ հրեաների հետ շարունակում ենք պահպանել բարիդրացիական հարաբերություններ. նրանք պարբերաբար մասնակցում են մեր մշակութային միջոցառումներին, մենք էլ մեր հերթին, առիթի դեպքում ընդունում ենք նրանց հրավերները:

Երուսաղեմցիների համար ամենամեծ դժվարությունը տնտեսականն է, բայց նրանք արդեն դրան վարժվել են: Յուրաքանչյուրը ջանում է դիմանալու մի միջոց գտնել, իսկ արտագաղթի մասին մտածողներ կարծես թե չկան:

Հարցազրույցը վարեց ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆԸ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4