«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#141, 2004-07-30 | #142, 2004-07-31 | #143, 2004-08-20


ՀԻԱՍԹԱՓԵՑՆՈՂ ՄԵԿՆԱՐԿ

Հավաքականում արմատական փոփոխություններ են անհրաժեշտ

Մակեդոնիա-Հայաստանՙ 3-0 (2-0)

Սկոպիե, քաղաքային մարզադաշտ, 18 օգոստոսի:

Մրցավարՙ Անտոն Ժենով (Բուլղարիա):

Մակեդոնիա- Պետար Միլոշեւսկի, Գորան Ստավրեւսկի, Միլե Կրստեւ, Գոչե Սեդլովսկի, Իգոր Միտրեսկի, Ալեքսանդր Միտրեսկի, Վանչո Տրոյանով, Վելիչե Շումուլիկոսկի, Գորան Պանդեւ, Արտիմ Շաքիրի (Գոչե Տոլեւսկի, 86), Դրագան Դիմիտրովսկի:

Հայաստան- Արմեն Համբարձումյան, Եղիշե Մելիքյան, Կարեն Դոխոյան (Ալեքսանդր Թադեւոսյան, 83), Սարգիս Հովսեփյան, Հարություն Վարդանյան, Ռոմիկ Խաչատրյան (Կարեն Ալեքսանյան, 46), Արթուր Պետրոսյան (Արա Հակոբյան, 66), Ռաֆայել Նազարյան, Ալբերտ Սարգսյան, Արտավազդ Քարամյան, Անդրեյ Մովսիսյան:

Գոլերըՙ Պանդեւ (5), Շաքիրի (38), Շումուլիկոսկի (90):

Զգուշացվեցին Կրստեւը, Նազարյանը, Շումուլիկոսկին, Սարգսյանը, Ստավրեւսկին: 70-րդ րոպեին հեռացվեց Վարդանյանը:

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը նոր գլխավոր մարզչիՙ ֆրանսիացի Բեռնար Կազոնիի գլխավորությամբ բավական անհաջող սկսեց աշխարհի 2006 թ. առաջնության ընտրական մրցաշարը: Վշտացնում է ոչ միայն արդյունքը, այլեւ հավաքականի ցուցադրած խաղի որակը: ՀՀ հավաքականն իր դժգույն ելույթներից մեկն ունեցավ: Հանդիպումը ցույց տվեց, որ ֆուտբոլիստներից շատերը պարզապես պատրաստ չէին խաղին: Եվ դա բնավ էլ զարմանալի չէ, եթե հաշվի առնենք, որ մեր լեգեոներներից ոմանք բավական ժամանակ իրենց թիմերում խաղադաշտ դուրս չեն գալիս, ուստի խաղային պրակտիկա չունեին: Եվ շատ զարմանալի էր, որ նման ֆուտբոլիստները (Ալբերտ Սարգսյան, Անդրեյ Մովսիսյան) ընդգրկվել էին հավաքականի մեկնարկային կազմում եւ այդպես էլ չկարողացան ոչնչով աչքի ընկնել: Իհարկե, դժվար է մեղադրել գլխավոր մարզչին, որն ընտրական մրցախաղից ընդամենը մեկ շաբաթ առաջ էր ստանձնել հավաքականի ղեկը եւ ծանոթ չէր ֆուտբոլիստների խաղային ունակություններին: Կազմի ընտրության հարցում նրան պետք է օգնեին տեղի մասնագետները: Կարծում ենք, ժամանակն է հրաժարվել «Եթե լեգեոներ ես, պիտի խաղաս հավաքականում» որդեգրած սկզբունքից: Հարկ է հաշվի առնել տվյալ պահին լեգեոներների մարզավիճակը, խաղային պրակտիկայի առկայությունն ու այլ գործոններ: Դեռեւս անցյալ ընտրական մրցաշարը ցույց տվեց, որ «հին գվարդիայի» վրա հույս դնելն իրեն չի արդարացնում, հավաքականում արմատական փոփոխություններ են անհրաժեշտ: Կարծում ենք, նպատակահարմար կլիներ հավաքականում կրկին ընդգրկել «Միկայի» հարձակվող Արմեն Շահգելդյանին, որն առաջնությունում իրեն գերազանց է դրսեւորումՙ լավ համագործակցելով իր երիտասարդ խաղընկերոջՙ Դավիթ Գրիգորյանի հետ: Այս երկյակը խաղադաշտում մեր հավաքականի գործողություններում սրություն կմտցներ, ինչը, ցավոք, բացակայում էր մեկնարկային խաղում:

Ոմանք, իհարկե, կարող են մատնացույց անել կազմի հետ կապված որոշ դժվարությունները (Ռոման Բերեզովսկու, Արման Քարամյանի, Արթուր Ոսկանյանի բացակայությունը): Սակայն պետք է փաստենք, որ Բերեզովսկուն փոխարինած Համբարձումյանն իրեն լավ դրսեւորեց եւ մի քանի դրվագներում պարզապես թիմին փրկեց վերահաս գոլերից, այլապես մեր ֆուտբոլիստներն ավելի խոշոր ու խայտառակ հաշվով կպարտվեին: Ցավալին այն է, որ մակեդոնացիներն իրենց խաղամակարդակով բնավ էլ չէին գերազանցում մեր հավաքականին եւ ողջ հանդիպման ընթացքում պարզունակ ու միջին մակարդակի խաղ ցուցադրելով, այնուամենայնիվ, հմտորեն օգտագործեցին պաշտպանությունում թույլ տրված սխալներն ու խոշոր հաշվով հաղթեցին:

Հայաստանի հավաքականի մեկնարկն իրոք հիասթափեցնող էր: Ողջ հանդիպման ժամանակ այդպես էլ մեր ֆուտբոլիստներին չհաջողվեց լրջորեն սպառնալ մրցակցի դարպասին: Փաստորեն, ընդամենը մեկ դիպուկ հարված կատարվեց, այն էլ դիպավ դարպասաձողին: Բավական պասսիվ էր հավաքականի առաջատար Արթուր Պետրոսյանը, որի գործողություններում հոգնածություն էր զգացվում: Այդպես էլ հավաքականում չգտնվեց մեկը, որ կարողանար իր վրա վերցնել խաղը, խաղընկերոջը գրոհի առաջնորդեր: Այդպես էլ ականատես չեղանք մտածված ու սուր կոմբինացիաների: Մեր ֆուտբոլիստները, չգիտես ինչու, հիմնականում փորձում էին կենտրոնով ճեղքել մրցակցի պաշտպանությունը, ինչն այդպես էլ նրանց չհաջողվեց: Նման խաղով, իհարկե, դժվար էր հաջողություն ակնկալել:

Ընթացիկ մրցաշրջանում մեր հավաքականին դեռեւս ընտրական չորս հանդիպումներ են սպասում, որոնց պետք է նախապատրաստվել ամենայն լրջությամբ ու պատասխանատվությամբ: Այլապես տարեվերջին մեր ընտրանին կարող է հայտնվել առաջին խմբի հետնապահների թվում: Հայ ֆուտբոլասերը վաղուց ի վեր կարոտ է միջազգային ասպարեզներում մեր թիմերի հաղթանակներին: Բոլորովին վերջերս մեր ակումբները եվրոգավաթներում հերթական անգամ իրենց անփառունակ ելույթներով հիասթափեցրին ֆուտբոլասերներին: Այժմ էլ դառնության հերթական չափաբաժինը ստացանք հավաքականի ելույթից: Ժամանակն է սթափվելու եւ արժանավայել խաղ ցուցադրելու: Իսկ ֆուտբոլասերների համբերությունն արդեն սպառվում է:

Ընտրական առաջին խմբում կայացավ եւս մեկ հանդիպում: Ռումինիայի հավաքականը Բուխարեստում 2-1 հաշվով հաղթեց ֆիններին: Հաշիվը 50-րդ րոպեին բացել է Ադրիան Մուտուն, իսկ խաղի վերջին րոպեին Պետրեն 2-րդ գնդակն է խփել: Ավելացված ժամանակում Երյոմենկոն 11 մ հարվածով կրճատել է հաշվի տարբերությունը: Ընտրական 3-րդ խմբում գրանցվել են հետեւյալ արդյունքները. Սլովակիա-Լյուքսեմբուրգՙ 3-1, Լիխտենշտեյն-Էստոնիաՙ 1-2: ՀՀ հավաքականի մյուս երկու մրցակիցներն ուժերը չափեցին ընկերական մրցախաղում: Չեխերը սեփական հարկի տակ ոչ-ոքի (0-0) խաղացին Եվրոպայի նորընծա չեմպիոն հույների հետ, իսկ Հոլանդիայի ընտրանին հյուրընկալվելիս ոչ-ոքի (2-2) ավարտեց հանդիպումը շվեդների հետ:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4