«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#141, 2004-07-30 | #142, 2004-07-31 | #143, 2004-08-20


ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆՆ ԷԼ ԽԱՅՏԱՌԱԿ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆ ԿՐԵՑ

Ֆուտբոլի Հայաստանի երիտասարդական հավաքականն էլ չափազանց անհաջող մեկնարկեց Եվրոպայի երիտասարդական առաջնության ընտրական մրցաշարում: Մեր հավաքականը 0-4 հաշվով զիջեց Մակեդոնիայի իր հասակակիցներին: Ճիշտ է, հարկ է խոստովանել, որ մեր թիմում հիմնականում 17-19 տարեկան ֆուտբոլիստներ հանդես եկան: Փաստորեն, դա ավելի շուտ մինչեւ 19 տարեկանների պատանեկան հավաքականն էր: Մակեդոնացիներից այդ խաղում աչքի ընկավ Ստոյկովըՙ դառնալով «հեթ-տրիկի» հեղինակ: Առաջին խաղակեսում նա 29-րդ եւ 31-րդ րոպեներին գրավեց մրցակցի դարպասը, իսկ խաղավարտից երկու րոպե առաջ իրացրեց 11 մ հարվածը: 47-րդ րոպեին աչքի ընկավ Տոդորցեւը:

Մեր երիտասարդականի պարտությունը սպասելի էր: Միայն վերջին պահին, հանպատրաստից հավաքագրված թիմը, որի գլխավոր մարզիչ էր նշանակված Վարդան Մինասյանը, չէր կարող պատասխանատու խաղում հաջող հանդես գալ: Առանց լուրջ նախապատրաստության հաջողություն ակնկալել հնարավոր չէ: Մեր հավաքականը մեկնարկային խաղում հանդես է եկել հետեւյալ կազմով. Արմեն Խաչատրյան, Կարեն Յայլոյան, Մխիթար Գրիգորյան, Ռոբերտ Արզումանյան, Արմեն Տիգրանյան (Սուրեն Սարգսյան, 46), Արարատ Առաքելյան, Ալեքսանդր Պետրոսյան, Ժորա Հովհաննիսյան, Լեւոն Փաչաջյան, Վահե Դավթյան (Արտակ Օսեյան, 60), Սամվել Մելքոնյան: Մեր թիմից զգուշացվել են Առաքելյանն ու Խաչատրյանը:

Ռումինիայի ընտրանին 1-0 հաշվով հաղթել է ֆիններին: Ընտրական 3-րդ խմբում Սլովակիայի երիտասարդական հավաքականը նույն հաշվով պարտության է մատնել Լյուքսեմբուրգի ընտրանուն:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4