«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#143, 2004-08-20 | #144, 2004-08-21 | #145, 2004-08-24


ՄԵԴԱԼՆԵՐՆ ԱՌԱՅԺՄ ԱՆՀԱՍԱՆԵԼԻՙ ՀԱՅ ՄԱՐԶԻԿՆԵՐԻՆ

Ալեքսան Նալբանդյանի երկրորդ հաղթանակը

Հայաստանի օլիմպիականներին առայժմ չի հաջողվում մրցանակակիր դառնալ: Մեր 18 օլիմպիականներից 9-ն արդեն ավարտել են ելույթները, իսկ 8-ը դեռեւս մրցասպարեզ դուրս չեն եկել: Հայ մարզասերները որոշակի հույսեր ունեն մեր ըմբիշներից, գերծանր քաշային ծանրորդ Աշոտ Դանիելյանից եւ բռնցքամարտիկ Ալեքսան Նալբանդյանից: Վերջինս մեր մարզիկներից ամենահաջող ելույթն է ունենում: 33-ամյա փորձառու բռնցքամարտիկն Աթենքում իր երկրորդ մենամարտը շահեց: 1/8 եզրափակիչում նրա մրցակիցն իրաքցի Նաջահ Ալին էր: Բոլոր 4 ռաունդներում էլ Նալբանդյանը դրսեւորեց իր առավելությունը մրցակցի նկատմամբ եւ 24-11 հաշվով համոզիչ հաղթանակ տոնեց: Եթե նրան հաջողվի հաղթել նաեւ քառորդ եզրափակիչում, ապա նվազագույնն իր համար կարող է ապահովել բրոնզե մեդալը:

Չափազանց անհաջող հանդես եկան մեր թեթեւատլետները: Փորձառու Արմեն Մարտիրոսյանը, որի համար ընթացիկ օլիմպիադան 3-րդն է եւ Ատլանտայում գրավել էր 5-րդ տեղը, եռացատկում ցույց տվեց բավական համեստ արդյունք (15 մ 5 սմ) եւ գրավեց 43-րդ տեղը: Հարկ է նկատել, որ Արմենը գրեթե հրաժեշտ էր տվել մեծ սպորտին եւ միայն օլիմպիական խաղերի մեկնարկից 6 ամիս առաջ էր վերսկսել ակտիվ մարզումները: Բնականաբար, նման իրավիճակում դժվար էր նրանից բարձր արդյունք ակնկալել: Անհաջողության մատնվեց նաեւ արագավազորդուհի Մարինե Ղազարյանը: Վանաձորցի մարզուհին օլիմպիադային մասնակցում էր ՄՕԿ-ի տված «սպիտակ քարտի» շնորհիվ: Նա արդեն նախնական մրցումներում դուրս մնաց հետագա պայքարից: 100 մ վազքատարածությունը հաղթահարելով 12,29 վրկ-ում, Մարինեն 63 մարզուհիների մեջ գրավեց 50-րդ տեղը:

Հաջողության հասնելու որոշակի հույսեր էինք փայփայում Տիգրան Մարտիրոսյանի ելույթից: Մինչեւ 85 կգ քաշային ծանրորդների մրցավեճում մեր ուշադրության կենտրոնում էր նաեւ նախկին գյումրեցի, ներկայումս Ավստրալիայում բնակվող 35-ամյա Սերգո Չախոյանը: Հայ ծանրորդները մինչեւ վերջ պայքարեցին մեդալների համար, սակայն հաջողությունը երես թեքեց նրանցից: Տիգրան Մարտիրոսյանը պոկում վարժությունում ցույց տվեց 167,5 կգ արդյունք, հրեց 200 կգ-անոց ծանրաձողը եւ երկամարտում ցույց տվեց 367,5 կգ: Բրոնզե մեդալին արժանանալու համար նրան հարկավոր էր հրել 210 կգ-անոց ծանրաձողը, սակայն դա Տիգրանի ուժերից վեր էր: Տիգրանը զբաղեցրեց 7-րդ տեղը:

Հաջող սկսեց մրցումները Սերգո Չախոյանըՙ պոկում վարժությունում ցույց տալով բարձր արդյունք (175 կգ): Այս ցուցանիշով նա ընթանում էր 4-րդ տեղում եւ հիանալի հնարավորություն ուներ դառնալու մրցանակակիր: Սակայն հրում վարժությունում նրա բոլոր երեք մոտեցումներն էլ անհաջող ստացվեցին եւ Սերգոն 0 ստանալով, դուրս մնաց մեդալների համար մղվող մրցավեճից: Եթե 3-րդ մոտեցմամբ նա կարողանար բարձրացնել 207,5 կգ ծանրությունը, ապա երկամարտի 382,5 կգ արդյունքով կհռչակվեր օլիմպիական չեմպիոն, քանի որ անձնական քաշով 130 գ-ով զիջում էր նույնպիսի արդյունք ցույց տված վրաց ծանրորդ Գեորգի Ասանիձեին: Վերջինս արժանացավ ոսկե մեդալի: 380 կգ (180+200) արդյունքով արծաթե մեդալը նվաճեց բելառուս Անդրեյ Ռիբակովը: Իսկ ահա, օլիմպիական խաղերի եռակի չեմպիոն, հույն ծանրորդ Դիմաս Պիրոսն այս անգամ ստիպված էր բավարարվել բրոնզե մեդալովՙ 377,5 կգ (175+202,5):


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4