«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#144, 2004-08-21 | #145, 2004-08-24 | #146, 2004-08-25


ՄՐՑԱԳՈՐԳՈՒՄ ՀԱՅ ԸՄԲԻՇՆԵՐՆ ԵՆ

Հայաստանի պատվիրակները դուրս մնացին պայքարից

Օլիմպիադայում իրենց մրցավեճն են սկսել հունահռոմեական ոճի ըմբիշները: Հայաստանն այս մրցաձեւում ներկայացնում են Լեւոն Գեղամյանը (84 կգ), Վաղինակ Գալստյանը (66 կգ) եւ ծանրքաշային Հայկազ Գալստյանը: Սակայն նրանցով հայ ըմբիշների թիվը չի սահմանափակվում: Մեր հայրենակիցներից մի քանիսը հանդես են գալիս տարբեր երկրների հավաքականներում: Նրանցից ամենատիտղոսակիրն օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն Արմեն Նազարյանն է, որն իր երրորդ օլիմպիադային է մասնակցում: Մինչեւ 60 կգ քաշային կարգում Արմենն իր առաջին օլիմպիական ոսկե մեդալը նվաճել էր 1996 թ. Ատլանտայում, Հայաստանի հավաքականի կազմում, իսկ երկրորդ բարձունքը նվաճեց Սիդնեյումՙ արդեն հանդես գալով Բուլղարիայի դրոշի ներքո:

Նախկին գյումրեցի, ներկայում Ուկրաինան ներկայացնող Արմեն Վարդանյանը հանդես է գալիս 66 կգ քաշային կարգում: Հունաստանի կազմում է Արտյոմ Կյուրեղյանը (55 կգ), Ղազախստանը ներկայացնում է Մխիթար Մանուկյանը (66 կգ), Շվեդիայի հավաքականի կազմում ընդգրկված է Արա Աբրահամյանը (84 կգ): Մարզասերները մեծ սպասելիքներ ունեն նաեւ օլիմպական չեմպիոն, ռուսաստանցի Վարդերես Սամուրշաշեւից, որը հանդես է գալիս 74 կգ քաշային կարգում:

Վիճակահանության քմահաճույքով Հայաստանի երեք պատվիրակներն էլ միաժամանակ մրցագորգ դուրս եկան եւ նրանց գոտեմարտերն ընթանում էին միաժամանակ 3 մրցագորգերի վրա: Առաջին գոտեմարտերը շատ դժվար ստացվեցին: Վաղինակ Գալստյանը, որը 2001 թ. Հունաստանի Պատրա քաղաքում նվաճել էր աշխարհի չեմպիոնի կոչումը, ռուսաստանցի Մաքսիմ Սեմյոնովի հետ գոտեմարտում զիջում էր 02 հաշվով, սակայն իր մեջ ուժ գտավ հավասարեցնելու հաշիվը: Շնորհիվ ավելի ակտիվ վարած գոտեմարտի, մրցավարները միաձայն հաղթանակը շնորհեցին հայ ըմբիշին:

Մինչեւ 84 կգ քաշային կարգում Լեւոն Գեղամյանը 03 հաշվով առաջին գոտեմարտում զիջեց բելառուսցի Վյաչեսլավ Մակարենկոյին: Անհաջող էր նաեւ ծանրքաշային Հայկազ Գալստյանի ելույթը: Նա 13 հաշվով զիջեց ֆրանսիացի Դյանմիկ Սերդեպանյակին:

Որոշ ժամանակ անց մեր եռյակը կրկին մրցագորգ դուրս եկավՙ անցկացնելու ենթախմբում 2-րդ գոտեմարտերը: Դրանք մեր ըմբիշների համար վճռորոշ նշանակություն ունեին: Պարտության դեպքում նրանք դուրս կմնային մեդալների համար մղվող հետագա պայքարից: Հուրախություն մեզ, Հայկազ Գալստյանն ու Լեւոն Գեղամյանը վերելքով անցկացրին գոտեմարտերը եւ մեծ առավելությամբ հաղթեցին մրցակիցներին: Գեղամյանը 100 հաշվով հաղթեց իտալացի Անդրեա Միկուլիին, իսկ Հայկազն առավելության հասավ Վենեսուելայի ներկայացուցիչ Ռաֆայել Պարենոյի նկատմամբ (93):

Վաղինակ Գալստյանի մրցակիցը շվեդ Ջեյմս Սամուելսոնն էր: Գոտեմարտը բավական համառ էր: Հաշիվը 22 էր, երբ գոտեմարտի ավարտից 10 վայրկյան առաջ մրցակիցը հնարք կիրառեց եւ 3 միավոր վաստակելով, շահեց գոտեմարտը:

Ցավոք, տարած մեկական հաղթանակը բավական չէր մեր ըմբիշներին քառորդ եզրափակիչ մտնելու համար: Հայաստանի երեք պատվիրակներն էլ դուրս մնացին մեդալների համար մղվող պայքարից:

Մեր 18 օլիմպիականներից դեռեւս մրցասպարեզ դուրս չեն եկել 5-ը: Այսօր մրցահարթակ դուրս կգա գերծանր քաշային ծանրորդ Աշոտ Դանիելյանը, որի հետ մարզասերները մեծ հույսեր են կապում, իսկ վաղը իրենց մրցելույթները կսկսեն մեր ազատ ոճայինները:

Հաջող էր Արա Աբրահամյանի ելույթը, որը ճապոնացի եւ սլովակ ըմբիշների հետ գոտեմարտում հաղթանակներ տոնեց: Հաղթանակով մեկնարկեցին նաեւ Մխիթար Մանուկյանըՙ պարտության մատնելով գերմանացի ըմբիշին (32), Արտյոմ Կյուրեղյանը, որն առավելության հասավ դանիացի Հական Նիբլոմի նկատմամբ (30): Արմեն Վարդանյանը մաքուր հաղթանակ (130) տոնեց կոլումբիացի Լուիս Ֆեռնանդեսի նկատմամբ:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4