«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#146, 2004-08-25 | #147, 2004-08-26 | #148, 2004-08-27


ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐՆԵՐ, ԲԱՅՑ ՈՉ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՐՈՇԻ ՆԵՐՔՈ

Քաշային չորս կարգերում հունահռոմեական ոճի ըմբիշները վիճարկեցին օլիմպիական պարգեւները: Հուրախություն մեր մարզասերների, նրանց թվում են նաեւ հայ մարզիկները: Ճիշտ է, նրանք Հայաստանը չէին ներկայացնում, սակայն ամեն դեպքում ուրախալի է, որ Աթենքում հայազգի մարզիկներին եւս հաջողվում է դառնալ մրցանակակիր:

Հայազգի ըմբիշներից բոլորից հաջող ելույթ ունեցավ նախկին գյումրեցի, արդեն բավական ժամանակ Շվեդիայի հավաքականում հանդես եկող Արա Աբրահամյանը: 2001 թ. նա 76 կգ քաշային կարգում առաջին անգամ հռչակվեց աշխարհի չեմպիոն, իսկ հաջորդ տարի ուժեղագույնը ճանաչվեց 84 կգ քաշայինների մրցավեճում: Օլիմպիական խաղերի չեմպիոնի համար մրցավեճում Արայի մրցակիցը ռուսաստանցի Ալեքսեյ Միշինն էր: Համառ մրցապայքարում գրանցվեց ոչ-ոքի (11), սակայն մրցավարները հաղթանակը շնորհեցին ռուս ըմբիշին: Ամեն դեպքում օլիմպիական արծաթե մեդալն էլ մեծ նվաճում է, եթե հաշվի առնենք, որ Սիդնեյում Աբրահամյանը 6-րդն էր: Իսկ քաշային այս կարգում 3-րդ մրցանակակիրը բելառուս Վյաչեսլավ Մակարենկոն է, որը հաղթեց թուրք Համզա Յեռլիկայային (21):

Հունաստանը ներկայացնող Արտյոմ Կյուրեղյանը (55 կգ) եւ Ղազախստանի հավաքականում հանդես եկող Մխիթար Մանուկյանը (66 կգ) արժանացան բրոնզե պարգեւների: 3-րդ տեղի համար պայքարում նրանք համապատասխանաբար հաղթեցին ուկրաինացի Ալեքսեյ Վակուլենկոյին (61) եւ շվեդ Ջիմի Սամուելսոնին (81): 55 կգ քաշային կարգում չեմպիոն հռչակվեց հունգարացի Իշտվան Մայորոշըՙ հաղթելով ռուսաստանցի Հեյդար Մամեդալիեւին (31): 66 կգ քաշայինների մրցավեճում ուժեղագույնն Ադրբեջանի ներկայացուցիչ Ֆարիդ Մանսուրովն էր, որը պարտության մատնեց թուրք Շերեֆ Էրօղլուն (43):

Գերծանր քաշայինների մրցավեճում օլիմպիական ոսկե մեդալին արժանացավ ռուսաստանցի Հասան Բարոեւը, որը եզրափակիչ գոտեմարտում հաղթեց ղազախստանցի Գեորգի Ցուրցումիային (42):

Ցավոք, օլիմպիական չեմպիոնի կոչման համար պայքարից դուրս մնացին ռուսաստանցի օլիմպիական չեմպիոն Վարդերես Սամուրղաշեւը (74 կգ) եւ օլիմպիական խաղերի կրկնակի հաղթող, Բուլղարիան ներկայացնող Արմեն Նազարյանը (60 կգ): Սամուրղաշեւը կիսաեզրափակիչում 23 հաշվով պարտվեց Ուզբեկստանի ներկայացուցիչ Ալեքսանդր Դոկտուրիշվիլուն եւ բրոնզե մեդալի համար երեկ ուշ երեկոյան պետք է ուժերը չափեր շվեյցարացի Ռետո Բուհերի հետ: Արմեն Նազարյանն եզրափակիչի ուղեգրի համար պայքարում զիջեց կորեացի Յունգ Ժի Հյունին եւ 3-րդ տեղը պետք է վիճարկեր ռուսաստանցի Ալեքսեյ Շեւցովի հետ:

Այսօր իրենց պայքարը կսկսեն ազատ ոճի ըմբիշները: Հայաստանն այդ մրցումներում կներկայացնեն մեր վերջին չորս պատվիրակներըՙ Մարտին Բերբերյանը (55 կգ), Ժիրայր Հովհաննիսյանը (69 կգ), Մամեդ Աղաեւը (84 կգ) եւ Արա Գեւորգյանը (74 կգ): Մեդալ նվաճելու որոշակի հույսեր կան աշխարհի այս տարվա չեմպիոն Մարտին Բերբերյանից:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4