«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#150, 2004-08-31 | #151, 2004-09-01 | #152, 2004-09-02


ՋԵՐՄ ՄԱՂԹԱՆՔՆԵՐ ՀԱՍՄԻԿ ՊԱՊՅԱՆԻՆ

Կյանքի մեծագույն պարգեւ է նրա ձայնը: Ով մի անգամ լսել է, փնտրելու է շարունակ: Ով մի անգամ տեսել է նրան բեմում, նվազագույնը երազելու է մեկ անգամ էլ հանդիսատես լինել: Այդպես էր նաեւ հուլիսի 16-ին եւ 25-ին Դույսբուրգի օպերային թատրոնում, երբ 1998-ին Դյուսելդորֆի Դոյչե օպեր ամ Ռայնում Հերման ամուսինների բեմադրած «Տրավիատան» 2004-ին որոշեցին կրկնել: Թատերական մեծ ավանդույթներ ունեցող Դյուսելդորֆում տարիներ անց էլ կարելի է տեսնել հիշյալ ներկայացման ազդագրի շքեղ պաստառըՙ Վիոլետայի դերը մարմնավորած Հասմիկ Պապյանի անզուգական կերպարով: Հանդիսատեսն այստեղ հիշողություն ունի, ու մեկ ամիս առաջ արդեն օպերային թատրոնի մամուլի հետ կապերի պատասխանատուն լրագրողիս հայտնեց, թե ցավում էՙ որեւէ մեկը տոմսը վերադարձնելու մտադրություն հազիվ թե ունենա:

Ներկայացումը դիտելու առիթն այդուհանդերձ ունեցա, ավելի ճիշտՙ երջանկությունը, եւ բնավ զարմանալի չէր կողքիս նստած ամերիկացի զբոսաշրջիկների անթաքույց ուրախությունը, երբ անցյալ տարի Վաշինգտոնում Պապյանի «Նորման» ունկնդրելով պատահաբար «հայտնաբերել» էին, թե օպերասեր են, տոմս էին հայթայթել ու Գերմանիա եկել նրա Վիոլետան տեսնելու: Դժվար է համեմատելՙ Պապյա՞նն է երջանիկ, որ բեմում է, թե՞ բազմահազար, օրեցօր ավելացող նրա ունկնդիր-ակնդիրը: Սեփական փորձիցս ավելին կասեմՙ դա եզակի մի երջանկություն է, կամ գուցե հարստություն, որ ուզում ես բաժանել բոլորին:

Սեպտեմբերի 10-ին երեւանյան օպերային թատրոնում կկայանա Հասմիկ Պապյանի մենահամերգը: Ազգային օպերային թատրոնի նվագախումբը ղեկավարելու է լիբանանահայ դիրիժոր Հարութ Ֆազլյանը: Բարեգործական հիշյալ համերգի հասույթը տրամադրվելու է Երեւանում մանկական օպերային թատրոնի հիմնադրմանը: Համերգին հնչելու են օպերային ծանոթ ու անծանոթ արիաներ Ռոսսինիի, Վերդիի, Պուչչինիի ստեղծագործություններից:

Պապյանի մենահամերգին երեւանյան ունկնդիրը սպասել է 15 տարի: Սեպտեմբերի 10-ին բացառիկ առիթ է համաշխարհային մամուլի գերադրական բնութագրումներին արժանացած Հասմիկ Պապյանի արվեստն ըմբոշխնելու: Բարի վայելում:

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4