«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#159, 2004-09-11 | #160, 2004-09-14 | #161, 2004-09-15


ԱՆՀԵՏ ԿՈՐԱԾ ԼԵՀ ՈՒՍԱՆՈՂԻՆ ՈՐՈՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՐՇԱՎԱԽՈՒՄԲ Է ՄԵԿՆԵԼ ԹՈՒՐՔԻԱ

Թուրքիայի արեւելյան շրջան կատարած այցելության ժամանակ անհետ կորել է Կրակով քաղաքի Յագելլոնյան համալսարանի պատմության ֆակուլտետի չորրորդ կուրսի ուսանող, 24-ամյա Ռաֆալ Ենդրաշիկը: Վերջին անգամ նա իր ծնողների հետ հեռախոսով կապվել է Վան քաղաքից 2002 թ. մայիսի վերջերին կամ հունիսի սկզբներին: Նրանից այլեւս ոչ մի լուր չի ստացվել: Ռ. Ենդրաշիկին որոնելու համար այս տարվա օգոստոսի 16-ին Վարշավայից Թուրքիա է մեկնել մի փոքրիկ արշավախումբ, որի կազմում են Ռաֆալի մայրըՙ Քրիստինա Ենդրաշիկը, նրա տղայի մի քանի մտերիմ ընկերները, լեհական հեռուստատեսության թղթակիցներ եւ մի թարգմանիչ:

Իր այդ ուղեւորությունից շուրջ երկու տարի առաջ Ռ. Ենդրաշիկը եղել էր Թուրքիայում եւ Հայաստանում: Իմ վաղեմի ընկերոջՙ Կրակովի համալսարանի հայագիտության պրոֆեսոր Անջեյ Պիսովիչի հանձնարարականով նա եկել էր Մաշտոցի անվան Մատենադարան եւ ինձ պատմեց, որ եղել է Վանում, միայնակ բարձրացել 4434 մետր բարձրություն ունեցող Սիփան սարի գագաթը, մոտեցել էր այն վայրերին, որտեղ թուրքական զորքերը կռվում էին քուրդ պարտիզանների հետ: Նա հետաքրքրվում էր հայ-թուրքական հարաբերություններով, Ղարաբաղի խնդրով: Նա մի քիչ թուրքերեն գիտեր եւ մեծ ցանկություն ուներ լինելու Հայաստանի եզդիաբնակ մի գյուղում: Ա. Պիսովիչի նամակից տեղեկացա, որ նա իրոք եղել էր եզդիական մի գյուղում եւ կատարել մի քանի լուսանկարներ:

Ա. Պիսովիչից իմացա նաեւ, որ Ռ. Ենդրաշիկն ուզում էր ֆիլմ նկարահանել հայ-թուրք-ադրբեջանական հարաբերությունների մասին: Մտադիր էր այդ թեմայի շուրջ տեսագրել հարցազրույցներ: Նա նախ մեկնել էր Թուրքիա, որտեղից Վրաստանի վրայով գալու էր Հայաստան, հետո գնալու էր Ղարաբաղ: Ա. Պիսովիչից նա խնդրել էր հանձնարարականՙ ուղղված նրա հայ բարեկամներին: Ա. Պիսովիչը նրան տվել էր հանձնարարական նամակՙ հասցեագրված ստեփանակերտցի ուսուցչուհի Սիրուն Բաղդասարյանին, որի մոտ 2001 թ. օգոստոսին Ա. Պիսովիչը սովորել էր Ղարաբաղի բարբառը (ի դեպ, տարիներ առաջ Ա. Պիսովիչը Փարիզում պաշտպանել էր դոկտորական թեզ, որը նվիրված էր Աշտարակի շրջանի Փարպի գյուղի խոսվածքին):

Ա. Պիսովիչի նամակից իմացա նաեւ, որ 2002 թ. ուղեւորության ժամանակ Ռաֆալը Թուրքիայում ստացել էր ադրբեջանական վիզա, քանի որ Ադրբեջանը Լեհաստանում դեսպանատուն չունի: Իսկ թե ի՞նչ ճանապարհով էր նա ուզում մտնել Ադրբեջան, հայտնի չէ:

Լեհ ուսանողի անհետացումը Թուրքիայում զգալի աղմուկ է հանել Լեհաստանում: Այդ մասին գրել են թերթերը, հաղորդել են հեռուստատեսությամբ, ռադիոյով: Ուսանողի ծնողները դիմել են Թուրքիայի արտաքին եւ ներքին գործոց նախարարություններին ու ստացել պատասխան, որ Ռաֆալն իրոք մուտք է գործել Թուրքիայի տարածք, բայց այնտեղից դուրս չի եկել: Չդիմանալով որդու կորստի ցավինՙ Ռաֆալի հայրն այս տարվա գարնանը մահացել է:

Լեհ ուսանողին որոնող արշավախմբի կազմի մեջ նախապես եղել է կրակովցի քահանա Թադեուշ Զալեցկին, որը մոր կողմից հայկական ծագում ունի (նրա մոր օրիորդական ազգանունը եղել է Բոհոսեւիչ, այսինքնՙ Պողոսյան): Վարշավայում Թուրքիայի դեսպանատունը Թ. Զալեցկուն մուտքի վիզա չի տվել, քանի որ նա 2004 թ. գարնանը Կրակովում մի հայկական խաչքար է կանգնեցրել, որի վրա եղած արձանագրության մեջ հիշատակվում է Թուրքիայում հայերի ցեղասպանությունը: Բացի այդ, Թադեուշ Զալեցկին «Տուդովնիկ Պովշեխնի» («Համընդհանուր շաբաթաթերթ») լեհական պարբերականի ապրիլյան համարում տպագրել է հոդված, որում դատապարտել է Թուրքիայում իրականացված Հայոց մեծ եղեռնը: Հայաստանում քրիստոնեությունը պետական կրոն հռչակելու 1700-ամյակի կապակցությամբ նա Կրակովում «Հայ մշակութային միության» մակնիշով լույս է ընծայել Լեհաստանի հայ հոգեւորականների կենսագրական ընդարձակ բառարան:

Ինչպես երեւում է, եվրոպական երկրների միության մեջ մտնելու համառ ձգտումներ դրսեւորող Թուրքիան ոչ միայն չի ապահովում իր տարածքը մտած եվրոպացիների կյանքը, այլեւ հետեւողականորեն ջանք չի խնայում լռեցնելու Օսմանյան կայսրության մեջ տեղի ունեցած բարբարոսությունները դատապարտող եվրոպացիներին:

Թե ի՞նչ արդյունքների կհասնի Թուրքիայում անհետ կորած լեհ ուսանող Ռաֆալ Ենդրաշիկին փնտրող արշավախումբը, կաշխատենք պատմել մեր հետագա թղթակցություններում:

ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ, Պատմական գիտությունների դոկտոր


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4