«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#165, 2004-09-21 | #166, 2004-09-23 | #167, 2004-09-24


ԵՐԲ ԵԿԵՂԵՑԻՆ ԻՆՔԸ ՄԵԶ ԸՆԴԱՌԱՋ Է ԳԱԼԻՍ...

Օրերս սովորականի պես մտնելով Գյումրու ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ, նախասրահի նորությունների սեղանին կրոնական բովանդակությամբ գրքույկներ տեսա, ակնհայտորենՙ տարածման համար նախատեսված: Իրականում էլ յուրաքանչյուրից մի քանի օրինակ էր դրված, որպեսզի ով ցանկանաՙ վերցնի: Ներքուստ բնազդաբար մի պահ լարվեցիՙ հիշելով մինչ այդ միայն եհովականների մոտ տեսածս այդ կարգի գրքույկները, որ նրանք փողոցում մի ժամանակ անցնող-դարձողի ձեռքն էին խոթում:

Հաջորդ վայրկյանին սրտապնդվելով այն մտքից, որ «Ասպարեզը» լուրջ հաստատություն է եւ չի կարող նման սադրանքի ծառայել, մոտեցա վերցրի այդ գրքույկներից ու այնուամենայնիվ նախ ստուգեցի, թե ինչ հրատարակության են: Եվ... որքան ուրախացաՙ կարդալով. «Հայ առաքելական եկեղեցի, Քրիստոնեական դաստիարակության կենտրոն, Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի տպարան»: Յուրաքանչյուրը ներկայացնում էր մեր եկեղեցու տոներից մեկը. Վերափոխումն Սուրբ Աստվածածնի, Տոն Վարագա Սուրբ Խաչի, Վարդավառ-այլակերպություն Տեառն, Խաչվերաց:

Մայր եկեղեցվո այս քայլը, որին նա չգիտեմ երբվանից եւ որչափ գործուն կերպով է ձեռնամուխ եղել, անտարակույս ողջունելի է եւ որպես քարոզչության մի ձեւ պետք է որ հետեւողականորեն շարունակվի: Նախՙ որ հերձվածողների մոլորեցնող ու քայքայիչ քարոզչության դեմ կարողանանք ուժեղ լինել մեր ազգապահ ճշմարիտ հավատքի լույսը զգենալով... Այսպիսի գրքույկների, փոքրիկ աղոթագրքերի, մեկնությունների տարածումն ու բոլորին հասանելիությունը իրենց հերթին դրան մեծապես նպաստել կարող են: Եվ երկրորդ, որն առաջինի շարունակությունն է: Բոլոր այս տարիների թոհուբոհում այնքան բան տեսած, կրած, այնքան հասարակ առաքինություններ կորցրած լինելովՙ վերջապես մենք բոլորս եւ ամեն մեկս մեր մեջ Աստծուն վերադառնալու, մաքրագործվելու կարիքն ունենք (գիտակցված կամ ոչ գիտակցված): Եվ այստեղ մեր եկեղեցին պետք է օգնի մեզ: Ոչ միայն հորդորելով ու կանչելով դեպի իրեն, այլեւ ինքը մեզ ընդառաջ գալով: Այս առումով թերեւս ժամանակն է նաեւ, որ ծխական քահանաները վերսկսեն պատշաճ առիթներով տնետուն այցերը, ինչպես առաջ էր:

Թվում էՙ դա առավել եւս հարկավոր է ինչպես անհույս հյուղակներում կյանքը քարշ տվող, այնպես էլ նորահայտ ապարանքների կուրացնող շքեղության մեջ հոգիները կոշտացրած մեր շատ հայրենակիցներին:

ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4