«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#166, 2004-09-23 | #167, 2004-09-24 | #168, 2004-09-25


Ո՛Վ ԱՍԱՑ, ԹԵ ԱՂԵՏԻ ԳՈՏՈՒՄ ԲՆԱԿԱՐԱՆԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐԸ ԼՈՒԾՎԱԾ Է

Որքան էլ մենք բոլորս վաղուց դադարել ենք արտառոց թվացող շատ բաներից զարմանալուց, այնուամենայնիվ հանրապետության տարբեր մակարդակի կառավարող այրերը դեռ կարողանում են մեզ շատ դեպքերում զարմացնել: Ազգային ժողովում կառավարության հետ վերջին հարցուպատասխաններից մեկի ժամանակ կարծեմ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Վարդան Խաչատրյանը, պատասխանելով պատգամավորի մի հարցին, հընթացս շատ հանգիստ ու անվրդով հայտարարեց, թե «աղետի գոտում բնակարանաշինության խնդիրն ըստ էության լուծված է»: Չնայած բավական օրեր են անցել այդ պնդումից, դրան հաշտվել ու չարձագանքել այդպես էլ հնարավոր չեղավ: Առավել եւսՙ որ նախարարի հայտարարությունն ընդամենը մի օղակն էր այն շղթայի, այն բավական տարօրինակ թվացող իրավիճակի, որ արդեն շուրջ մեկ տարի հյուսվում է մասնավորապես Գյումրի քաղաքի անօթեւանների հետ կապված հարցում:

Պարույր Սեւակն ասում էր. «Լավ ապրանքը ինքն է ծախվում»: Անցյալ տարի Գյումրիում ծավալված բնակարանաշինությունը, որի արդյունքը քաղաքում շահագործման հանձնված 2330 բնակարանները եղան, հետխորհրդային բոլոր տարիների համար աննախադեպ էր իր մասշտաբներով ու թափով: Իրողությունն այնքան ակնառու էր, որ նույնիսկ ամենաթունդ ընդդիմադիրները չէին փորձում ժխտել: Սակայն որքա՜ն ճշմարիտ է նաեւ ժողովրդական իմաստնությունը, որն ասում է, թե «ջրի շատ գալը կտրվելու նշան է»:

Անցյալ տարվա շինարարության ավարտից հետո, երբ խանդավառված գյումրեցիների շրջանում ու նաեւ պաշտոնական շրջանակներում հաճախ բազմանշանակ լավատեսական երանգներով հնչող հարց էրՙ «Լինսիի» երկրորդ ծրագիր կլինի՞ թե ոչ, մեջտեղ բերվեց մնացած անօթեւանների վերահաշվառման խնդիրը: Հիմնվելով մինչ այդ շրջանառվող թվերի վրա, Գյումրիում հաշվարկում էին (նրանց թվում եւ քաղաքապետը), որ քաղաքում երկրաշարժից անօթեւան դեռեւս մոտ յոթ հազար ընտանիքի բնակարանային խնդիր կա: Նրանցից մոտավորապես 2000-ին տրամադրվելու էին բնակարանների գնման վկայագրեր, որից հետո, ըստ այդ հաշվարկների, էլի կմնար 5000-ի չափ կամ դրանից քիչ պակաս թիվ: Ճիշտ էՙ մարզպետարանում ստեղծված ըստ էության հանրապետական հանձնաժողովը այդ ընթացքում իր ստուգումներն ու ճշտումներն էր անում (տվյալ դեպքումՙ բնակբաշխման ներկայացված ընտանիքների իրավասության), սակայն բոլոր դեպքերում թվում էր, որ եզրակացությունները պետք է լինեն վերահաշվառման ավարտից հետո: Մինչդեռ այդ հաշվառումը նոր սկսվել կամ նույնիսկ դեռ չէր սկսվել, երբ «Դիտակ» հեռուստածրագրի ամանորյա մի հաղորդման ժամանակ իրեն տրված հարցին ի պատասխան հանրապետության քաղաքաշինության նախարարը (այժմ նախկին) ապշեցուցիչ հայտարարություն արեց, թե պետությունը ավարտեց իր պարտականությունների կատարումը աղետի գոտու անօթեւանների նկատմամբ, բայց եթե պարզվի, որ բնակարան չստացածներ դեռ կան, ինչ կա որ, պատրաստ են հարցը նայել, անդրադառնալ: Եվ մինչ հաշվառումը դանդաղ ընթանում էր, նախարարի արտահայտածի նման նոտաներ առանձին պաշտոնական անձանց կողմից էլի էին հնչում: Բայց դեռ հույս կար: Ի վերջո ասվեցին քաղաքում դեռ առկա անօթեւան ընտանիքների տարբեր թվեր: Քաղաքապետարանը երեւի մնում է իր մոտավորապես նախկին կարծիքին: Շիրակի մարզպետը հունիսի 14-ին իր պաշտոնավարման մեկ տարին լրանալու առիթով լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց, թե իր հաշվարկներովՙ վերջնարդյունքում պետք է որ լինի մոտ 2500 այդպիսի ընտանիք: Հանրապետության նախագահն էլ մինչ այդ նշել էր (ներողություն լավ չհիշելուս համար) 1500-ից թե 1000-ից մի քանի ընտանիք ավելի: Երբ նույնիսկ այսքանից հետո, արդեն Ազգային ժողովի դահլիճում հայտարարում են, թե «խնդիրը լուծված է», ուրեմն սա այլեւս որոշված քաղաքականություն է: Որը, սակայն, առնվազն տարակուսանքի տեղիք է տալիս:

Պարբերաբար կրկնվող սուտը, որի կարգին են նաեւ հանրապետական հեռուստաեթերում երբեմն հնչած կեղծ պնդումները Գյումրու արդեն զարգացման գոտի լինելու մասին, կարող է ճշմարտության պատրանք ստեղծելՙ ապակողմնորոշելով հանրությանը: Մինչդեռ վերջինս պետք է ի վերջո պաշտոնապես ու հստակ տեղեկացվի, թե այստեղ ինչն ինչոց է եւ ինչ թվաբանություն ու տրամաբանություն է գործում: Գուցե մնացած բոլոր անօթեւաններն արդեն բնակարանների գնման վկայագրերո՞վ են բնակարանի տեր դարձել: Կամ նույնիսկ այս դեպքում ԲԳՎ-ներով բնակարաններ գնելու հնարավորության ընձեռումը կնշանակե՞ր քաղաքում բնակարանաշինության խնդրի «ըստ էության» լուծում, այլ խոսքովՙ երկրաշարժից կորսված բնակֆոնդի վերականգնում:

Գյումրիում (նաեւ մարզի այլ վայրերում) թեկուզ նոսրացած, բայց դեռ մնում են տնակային թաղամասեր, հատվածներ: Այդ տնակներում ապրողներից մի քանիսը վերջերս «Շանթ» հեռուստատեսության եթերում բողոքում էին, թե այդպես էլ բնակարան չեն ստացել եւ ստանալու հույսն էլ կորցրել են: Ի դեպՙ նրանցից մեկը-երկուսը նշեցին, թե իրենք արտոնությունների 30-րդ կետում են: Առայժմ մինչեւ ո՞ր կետում հաշվառվածներն են բնակարան ստացել. յոթերո՞րդ, ութերո՞րդ:

Գուցե այս բնակիչնե՞րն են ոչ ճիշտ:

ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4