«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#167, 2004-09-24 | #168, 2004-09-25 | #169, 2004-09-28


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԵՐԿԱՅՈՒԹՅՈՒՆՆ ԻՐԱՔՈՒՄ ԱՐԴԱՐԱՑՎԱԾ ՉԷ

Սակայն մեր երկիրը կտուժի, եթե չկատարի խոստումը եւ հրաժարվի 50 հոգանոց խումբ ուղարկել Իրաք

Անկախության տոնի առիթով սեպտեմբերի 21-ին նախագահ Ջորջ Բուշը Ռոբերտ Քոչարյանին հղած շնորհավորական ուղերձում հիշեցրել է. «Ես հատկապես շնորհակալ եմ Հայաստանիՙ ԱՄՆ-ին մատուցած հակաահաբեկչական կարեւոր աջակցության համար»:

Ավելի վաղ իր առաջին մամուլի ասուլիսում Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Էվանսն ասել էր. «Մենք ողջունում ենք սակրավորներ եւ բժշկական անձնակազմ Իրաք ուղարկելու Հայաստանի նախաձեռնությունը: Իրաքում տեղակայված բազմազգ ուժերը բավականին դժվարություններ ունեն, եւ Հայաստանի աջակցությունն այս հարցում չափազանց գնահատելի է: Միջազգային հանրության ջանքերին Հայաստանի ներդրումը մենք շատ ենք կարեւորում»:

Եթե Հայաստանի Ազգային ժողովը չմերժի Իրաք հայ բժիշկներ եւ ականազերծողներ ուղարկելու կառավարության որոշումը, ապա այս տարվա վերջին կամ 2005 թ. սկզբին մեր 50 մասնագետները կուղեւորվեն Իրաք: «Հայաստանն առաջին օրվանից էլ ասել է, որ համաձայն չէ զինված ներկայություն ունենալ Իրաքում: Մենք ասել ենք, որ կուզենայինք մեր ներդրումն ունենալ Իրաքի վերականգնման գործում, հումանիտար ոլորտում: Այսօր այն, ինչ քննարկվում է, հումանիտար աջակցության շրջանակներում է: Վերջնական որոշում չկա: Ազգային ժողովը պետք է տա իր համաձայնությունը», օրերս մամուլի ասուլիսում ասաց արտգործնախարար Վարդան Օսկանյանը:

Հինգ տասնյակ հայ սակրավորներ եւ բժիշկներ Իրաք ուղարկելու խոստումը կարելի է համարել իրականացված: Տեսականորեն, անշուշտ, Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի վերահսկողության տակ գտնվող խորհրդարանը կարող է «ոչ» ասել, ինչը նշանակում է, որ Իրաք հայ մասնագետներ ուղարկելուն դեմ է օրենսդիրը: Արդարացվա՞ծ է Իրաքում Հայաստանի ներկայությունը, հավանաբար ոչ: Սակայն միանշանակ սխալ կլինի հրաժարվել ԱՄՆ-ին տված խոստումից եւ Թուրքիայի օրինակով հարցը «մեռցնել» խորհրդարանում:

Հայկական խմբավորումը կտեղաբաշխվի Իրաքի կենտրոնական հարավային շրջանում, որը գտնվում է լեհական ուժերի վերահսկողության տակ: Այս շրջանում ռազմական գործողությունները չեն դադարում կոալիցիայի եւ իրաքցի ապստամբների միջեւ: Հայերից բացի լեհական պատասխանատվության գոտում են ծառայում Ուկրաինայի (մոտ 1700), Բուլղարիայի (485), Սալվադորի (380), Լիտվայի (45) զինվորականները: Սեպտեմբերի 22-ի դրությամբ Լեհաստանը տվել է 13 զոհ, Ուկրաինանՙ 8, Բուլղարիանՙ 6, Սալվադորըՙ 1:

Իրաք ամերիկյան ներխուժումից եւ օկուպացիայից ի վեր ԱՄՆ-ը եւ դաշնակիցները կորցրել են շուրջ 1200 զինվոր, իսկ իրաքցի խաղաղ բնակչության եւ ապստամբների շրջանում զոհերի թիվը հասնում է 14 հազարի: Իրաք մեկնող հայերի կյանքը եւս չի կարող երաշխավորված լինել: Վերջին ամիսներին գրեթե ամեն օր իրաքցի ապստամբները պատանդ են վերցնում կոալիցիային մաս կազմող (եւ չկազմող) պետությունների ներկայացուցիչներին եւ հաճախ գլխատում: Պատկերացնո՞ւմ եք ինչպիսին կլինի արձագանքը, երբ արաբական ինտերնետային սայթերից մեկում ցուցադրվում է այն պահը, երբ պատանդ հայը Հայաստանի իշխանություններին աղաչում է Իրաքից հանել հայկական խումբը:

Հայաստանի իշխանությունները կհայտնվեն բավականին դժվար վիճակում, քանի որ ապստամբների պահանջը կատարելու դեպքում ամերիկացիները Երեւանի իշխանություններին կմեղադրեն ահաբեկիչների սպառնալիքներին տեղի տալու մեջ: Նկատենք, որ կոալիցիայի անդամ հինգ պետություններՙ Իսպանիան, Ֆիլիպինները, Հոնդուրասը, Նիկարագուան եւ Դոմինիկյան Հանրապետությունը, արդեն իսկ զորքերը դուրս են բերել Իրաքից, ինչն արժանացել է ԱՄՆ-ի դժգոհությանը, ավելինՙ ԱՄՆ-Իսպանիա, ԱՄՆ-Ֆիլիպիններ ռազմավարական սերտ հարաբերությունները կասկածի տակ են դրվել:

Անկասկած 50 հայ սակրավորները եւ բժիշկները որեւէ ձեւով չեն կարող ազդել Իրաքի իրավիճակի վրա: Այս պահի դրությամբ ԱՄՆ-ի եւ կոալիցիայի զինուժի թիվն Իրաքում անցնում է 150 հազարից: Հայաստանի մասնակցությունը կոալիցիային ունի զուտ քաղաքական նշանակություն. Վաշինգտոնը, փաստորեն, խճճվել է իրաքյան լաբիրինթոսում եւ ունի քարոզչության կարիքՙ ցույց տալու, որ կոալիցիան չի պառակտվում:

Հայաստանի ներկայությունն Իրաքում կարող է արդարացված լինել, թերեւս, տարածաշրջանային առումով: Հարեւան երկու երկրներն անվերապահ աջակցում են ԱՄՆ-ին իրաքյան պայքարում: Ադրբեջանն արդեն Իրաք է ուղարկել 151, Վրաստանըՙ 159 զինվոր, ընդ որում արդեն հոկտեմբերին վրացական ուժերի թիվը կհասցվի 300-ի, ավելի ուշՙ 550-ի: Վրաստանի ու Ադրբեջանի տարածքը վերջին տարիներին եղել է ապաստան միջազգային որոշ ահաբեկիչների համար, եւ ԱՄՆ-ին օգնելով, փաստորեն, Թբիլիսին եւ Բաքուն վայելում են Վաշինգտոնի քաղաքական աջակցությունը:

Վերոնշյալ փաստարկները հուշում են, որ Հայաստանը պարտավորված է կատարելու ԱՄՆ-ին տված խոստումը եւ սակրավորներ ու բժիշկներ ուղարկել Իրաք: Հակառակ դեպքում կասկածի տակ կդրվեն վերջին տարիներին վերելք ապրող հայ-ամերիկյան հարաբերությունները:

Մյուս կողմից, հայկական ուժերի ներկայությունն Իրաքում կարող է լրջորեն վտանգել Հայաստանի, արաբական աշխարհի հայության անվտանգությունը: Նախ, Իրաք ուղարկելով մեր երկրի քաղաքացիներին, վտանգի տակ է դրվում նրանց կյանքը: Երկրորդՙ վտանգի տակ է դրվում 30 հազարանոց իրաքահայության ապագան: Իրաքահայերը մի շարք առիթներով ակնարկել են, որ Հայաստանի մասնակցությունը կոալիցիային կարող է դժվար կացության մեջ դնել իրենց: Դժվար է ասել, թե ինչպիսի ելք կունենա ամերիկյան ագրեսիան Իրաքում: Ամեն դեպքում, արաբական աշխարհն ամերիկացիներին եւ կոալիցիային մաս կազմող երկրների զինվորներին համարում է ագրեսորներ: Ըստ էության, օժանդակելով ամերիկացի ագրեսորներին, Հայաստանը կարող է դժվար վիճակի մեջ դնել արաբական երկրների մեր համայնքների ապագան:

Եվ վերջապես ամենակարեւորը. Հայաստանը, որպես ԱՄՆ-ի դաշնակից հակաահաբեկչական պայքարում, կարող է դառնալ ահաբեկչության թիրախ: Բարեբախտաբար, մեր հանրապետությունն առայժմ խուսափել է այդ չարիքիցՙ չունենալով դրա դեմ պայքարելու ոչ փորձ եւ ոչ էլ ֆինանսական միջոցներ: Թերեւս, բացառություն են 1993 եւ 1994 թթ. երկու դեպքերը, երբ Վրաստանին սահմանակից Բագրատաշենի շուկայում տեղի ունեցան ահաբեկչական երկու գործողություններ, որոնք խլեցին ավելի քան երկու տասնյակ մարդու կյանք: Այսօր, Բուշի շնորհիվ, ահաբեկիչները հավաքվել են Իրաքում: Սակայն կարող է լինել այնպես, որ ապագայում նրանց մի մասն ապաստան գտնի Ադրբեջանում, ինչը եղել է ղարաբաղյան պատերազմի տարիներին: Չմոռանանք, որ այսօր աշխարհում պատերազմ է գնում մահմեդական ծայրահեղականության եւ իմպերիալիստական քրիստոնյա պետությունների միջեւ: Համենայն դեպս, այդպես են ընկալում մահմեդական աշխարհում: Քրիստոնյա Հայաստանը չորս կողմից շրջափակված է մահմեդական տարրով:

ԹԱԹՈՒԼ ՀԱԿՈԲՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4