«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#167, 2004-09-24 | #168, 2004-09-25 | #169, 2004-09-28


ԳՅՈՒՄՐԻՈՒՄ ԵՐԿՐՈՐԴ ԱՆԳԱՄ ՆՇՎԵՑ ՔԱՂԱՔԻ ՕՐԸ

Նոր ավանդույթ ավանդապահ քաղաքում

ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆ

Ավանդաշատ ու ավանդապահ Գյումրիում հաստատվում է եւս մի ավանդույթՙ սեպտեմբերի վերջին շաբաթ օրը արդեն երկրորդ անգամ նշված «Քաղաքի օրը»: Տոնակատարություն, որն, անշուշտ, նաեւ քաղաքի դանդաղ, բայց հաստատուն վերհառնումի քայլերն արձանագրելու խորհուրդն ունի: «Օրվան» հյուր էին եկել ԱԺ պատգամավորներ, կառավարության անդամներ, դեսպաններ, մայրաքաղաքի եւ այլ համայնքների ու մարզերի պատվիրակներ, հանրապետության գիտության ու մշակույթի գործիչներ, որոնց գյումրեցիները բնակավայրի հարավային մուտքի մոտ դիմավորեցին աղուհացով, զուռնա-դհոլով, Գյումրվա ֆայտոնով ու սրտառուչ խոսքով:

Առավոտյան կարճատեւ այցով քաղաք էր ժամանել հանրապետության նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Երկրի ղեկավարը ժամանակի սղության պատճառով հնարավորություն չունեցավ մասնակցելու զանգվածային միջոցառումներին, բայց ներկա եղավ Գյումրու համար իր տեսակի մեջ առանձնապես կարեւոր մի ձեռնարկմանՙ նախկին էլեկտրատեխնիկական գործարանի տարածքում «Հովբլիթ-բրիք» ՍՊԸ-ի շինաքարերի մշակման արտադրամասի բացմանը:

Առաջին անգամ սփյուռքի մեր հայրենակցիՙ անվանի գործարար եւ բարեգործ Վահագն Հովնանյանի ներդրումով հիմնված ապագա գործարանում հայաստանյան ամենատարբեր քարատեսակներից նոր տեխնոլոգիայով կարտադրվեն աղյուսներՙ շենքերի երեսպատման, ճարտարապետական ձեւավորման եւ ճանապարհների սալարկման համար: Նոր արտադրությունում առայժմ կաշխատի 300 մարդ, իսկ ապագայում այդ թիվը կարող է բազմապատկվել: Նախագահը եղավ նաեւ վերաբացվող «Հոկտեմբեր» կինոթատրոնում, կարճ խորհրդակցություն անցկացրեց քաղաքի հատակագծի հաստատմանը, մասնավոր շինարարությանը, հարկային դաշտին առնչվող եւ այլ խնդիրների շուրջ:

Իսկ Քաղաքի օրվա բազմամարդ միջոցառումներից առաջինը Զորավար Անդրանիկիՙ Հաղթանակի պողոտայի եւ պուրակի սկզբնամաս տեղափոխված արձանի վերաբացումն էր, որի դիմացի հրապարակն այսուհետեւ կկրի Զորավարի անունը: Ապա Վարդան Աճեմյանի անվան թատրոնի դիմաց հանդիսավոր բացվեց մեր ժամանակի մեծ արտիստ, նաեւ իր համաքաղաքացի գյումրեցիների անկրկնելի կերպարներ կերտած Մհեր Մկրտչյանի արձանը (քանդակի հեղինակՙ Արա Շիրազ): Տոնակատարության մասնակիցներն այնուհետեւ տեղափոխվեցին նախկին Ռեպինի, այժմ արդեն Բորիս Շչերբինայի անվամբ վերակոչված փողոցՙ մասնակցելու այստեղ նրա կիսանդրու եւ հիմնանորոգված փողոցի բացմանը: Նախկին ԽՍՀՄ Մինիստրների խորհրդի նախագահի տեղակալ, սոցիալիստական աշխատանքի հերոս Բ. Շչերբինան 88-ի դեկտեմբերին գտնվելով Հայաստանումՙ առաջին իսկ րոպեներից ղեկավարել է Լենինականում երկրաշարժից տուժածների փրկարարական եւ քաղաքի վերականգնողական աշխատանքները, որն այստեղ չեն մոռանում: Նրա կիսանդրու տեղադրումը հովանավորել եւ փողոցի նորոգումը բարձր որակով իրականացրել է «Զակնեֆտեգազստրոյ-Պրոմեթեյ» ռուսաստանյան ընկերության կոլեկտիվը, որի ներկայացուցիչները եւս ջերմ խոսքով ելույթ ունեցան հանդիսության ժամանակ:

Նույն օրը «Անի» թաղամասում դռները բացեց հանրապետության կառավարության եւ Գյումրու քաղաքապետարանի համաֆինանսավորմամբ կառուցված մարզական-առողջարարական համալիրըՙ ծածկած լողավազանով, որը երկրաշարժից հետո առաջինն ու առայժմ միակն է քաղաքում: Տոնակատարության մասնակիցներն ու հյուրերն օրվա երկրորդ կեսին այցելեցին «Լինսի» ծրագրով նորոգված ու այս տարվա ամռանը դռները բացած Ասլամազյանների թանգարան, այս քաղաքում մի քանի սերունդների երբեմնի սիրված վայր, տեւական ընդմիջումից հետո մայրաքաղաքի «Մոսկվա» կինոթատրոնի ղեկավարության ներդրումով գյումրեցիներին նոր թարմությամբ ներկայացող կինո «Հոկտեմբեր»: Վերջինիս դահլիճում հանդիսավոր հանձնվեցին քաղաքի այս տարվա պատվավոր մրցանակները: Հայ մշակույթի եւ արվեստի ոլորտում ունեցած ակնառու ավանդի համար «Պատվավոր վարպետ» ոսկե կրծքանշանով պարգեւատրվեցին արվեստի վաստակավոր գործիչ, ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը, ԽՍՀՄ եւ Հայաստանի ժողովրդական արտիստ Խորեն Աբրահամյանը: Վահագն Հովնանյանին շնորհվեց Գյումրու պատվավոր քաղաքացու կոչում:

Ամենից մարդաշատը քաղաքի կենտրոնական հրապարակում կազմակերպված տոնական մեծ համերգն էր, որը շարունակվեց մինչեւ կեսգիշեր եւ ավարտվեց հրավառությամբ: Քաղաքի օրը ուրախության, առօրյա հոգսերից մի պահ վերանալու լիցքեր տվեց գյումրեցիներին: Մնում է հավատալ ու սպասել այն օրվան, երբ որեւէ տոնակատարություն այստեղ նաեւ կմտնի ամեն տուն ու ինքնաբուխ տոն կլինի բոլորի համար:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4