«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#167, 2004-09-24 | #168, 2004-09-25 | #169, 2004-09-28


ՖՐԱՆՍՈՒԱԶ ՍԱԳԱՆ

Ֆրանսիայի Օնֆլեր քաղաքի հիվանդանոցում ուրբաթ երեկոյան, 69 տարեկանում մահացավ հանրահայտ կին գրող Ֆրանսուազ Սագանը: «Ֆրանս-էնֆո» ռադիոկայանի տվյալներով, նա մահացել է սրտային եւ թոքային անբավարարությունից: Հիվանդանոցի գլխավոր բժշկի խոսքերով, Սագանն այնտեղ բուժվել է «բավական երկար ժամանակ»: Տարիներ շարունակ գրողը տառապել էր թոքերի հիվանդությունից: Նա Օնֆլերում ապրում էր որդու եւ մտերիմ ընկերոջ հետ:

Ֆրանսուազ Սագանը (իսկական ազգանունըՙ Կուարեզ) ծնվել է 1935 թ. հարուստ արդյունաբերողի ընտանիքում: 19 տարեկանում, երբ սովորում էր Սորբոնի համալսարանի բանասիրական ֆակուլտետում, գրեց «Բարեւ, թախիծ» վեպը, որն աղմկալի հաջողություն ունեցավ: Ընդամենը 1 տարում գիրքը հրատարակվեց 1 մլն օրինակ տպաքանակով, իսկ գրաքննադատները միաձայն խոսեցին «Սագան երեւույթի» մասին (Սագանը նրա գրական կեղծանունն է):

Սագանի լույս ընծայած հինգ տասնյակ գրքերից մի քանիսը («Սիրո՞ւմ եք Բրամս», «Մի քիչ արեւ պաղ ջրի մեջ» եւ այլն) աշխարհում հայտնի բեստսելլերներ են: Վեպերից եւ վիպակներից բացի, գրել է ակնարկներ եւ մի քանի թատերախաղ, որոնք հաջողությամբ ներկայացվել են Փարիզի բեմերում:

Իր իսկ խոսքերով, կյանքում սիրում էր արագություն եւ մոլեխաղեր: Ալկոհոլի չարաշահումը հանգեցրել էր թմրամոլության: 1995 թ. Սագանը մեկ տարվա պայմանական բանտարկության եւ խոշոր տուգանքի դատապարտվեց կոկաինի օգտագործման եւ պահպանման համար: Նրան սպառնում էր ավելի լուրջ պատիժ, բայց միջամտեց նախագահ Ֆրանսուա Միտերանը, որը գրողի տաղանդի երկրպագուներից էր:

2002 թ. փետրվարին Սագանը վերստին պայմանական բանտարկության դատապարտվեց, այս անգամՙ հարկերի վճարումից խուսափելու համար:

Պ. Ք.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4