«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#171, 2004-09-30 | #172, 2004-10-01 | #173, 2004-10-02


«ՄԱՐԶԱԿԱՆ ԳՅՈՒՄՐԻՆ 1920-1993 ԹԹ.»

Աթենքի օլիմպիադայում հայաստանցի մարզիկների ցավալի անհաջողության պատճառները վերլուծելիս թերեւս հարկ է ուշադրություն դարձնել նաեւ այն բանի վրա, թե վերջին տարիներին մեզանում որքանով է ապահովվում կամ չի ապահովվում նախընթաց տասնամյակներում ձեւավորված մարզական ավանդույթների շարունակականությունը: Նկատի ունենք ինչպես սերունդների առողջության գրավական զանգվածային ֆիզկուլտուրայի, այնպես էլ այդ հիմքի վրա պրոֆեսիոնալ սպորտի զարգացման հարուստ ավանդույթները, որոնք նախկինում ամեն անգամ նաեւ նշանակալի հաղթանակներ են բերել մեր մարզիկներին: Այդ ավանդույթների ձեւավորման գործում իր ուրույն տեղն է ունեցել հանրապետության երկրորդ քաղաք Լենինական-Գյումրին, որի գրեթե յոթ եւ կես տասնամյա մարզական կենսագրության մասին տեղի «Դպիր» հրատարակչության լույս ընծայած այս գիրք-պատումը հեղինակներիՙ ՀՀ վաստակավոր մարզիչներ, ամուսիններ Վարազդատ Աղաբաբյանի եւ Հասմիկ Սահակյանի (երկուսն էլՙ այժմ հանգուցյալ) տասնամյակների մեղվաջան աշխատանքի արդյունքն է:

Ոչ քիչ մասնագետներ (Հ. Առաքելյան, Գ. Բուտաեւ եւ այլք) նշում են, որ Հայաստանում հենց Գյումրին է եղել մարզական աշխատանքների այն կենտրոնը, որտեղ առաջինը ծնունդ են առել եւ հետագայում հանրապետության մյուս քաղաքներում ու շրջաններում տարածում գտել «ֆիզկուլտուրայի կազմակերպական ձեւերը», այնպիսի մարզաձեւեր, ինչպես ֆուտբոլը, մարմնամարզությունը, թեթեւ ատլետիկան, ծանրամարտը, ձմեռային մարզաձեւերը: 1976-1992 թթ. միայն այս քաղաքը օլիմպիական խաղերի երեք ոսկե եւ երկու արծաթե մեդալակիր է տվել, նրա ներկայացուցիչները 1975-92 թթ. 63 անգամ հաղթող եւ 36 անգամ մրցանակակիր են դարձել տարբեր մարզաձեւերի գծով աշխարհի եւ Եվրոպայի առաջնություններում: «Մարզական Գյումրին» քաղաքի մարզաշխարհի կենսագրությունը սկսում է դեռեւս 1910-ական թվականների առաջին քայլերից, տալիս հետագա շրջանում ֆիզկուլտուրային շարժման, մարզաձեւերի արմատավորման եւ տարածման, մարզական կազմակերպությունների եւ անհատ մարզիկների նվաճումների պատմությունը:

Գրքում զետեղված են համահայաստանյան սպարտակիադաների բազմաթիվ ամփոփիչ աղյուսակներ, ինչպես նաեւ 100-ից ավելի լուսանկարներ, որոնք ճանաչողական արժեք են ներկայացնում: Այդ առումով պատումը, ինչպես նշվում է գրքի ընծայականում, ընդգրկում է նաեւ ամբողջ Հայաստանին վերաբերող մարզական տեղեկատվություն:

Գ. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4