«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#177, 2004-10-08 | #178, 2004-10-09 | #179, 2004-10-12


6 ԱՄԻՍ ԱԶԱՏԱԶՐԿՈՒՄ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԲՌՆԱՐԱՐՔ ԳՈՐԾԱԴՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Ամբաստանյալը դատարանին ասելիք չուներ եւ բավարարվեց դարձյալ լրագրողներին հայհոյելով

Կոտայքի մարզի առաջին ատյանի դատարանը հոկտեմբերի 11-ին կայացրած դատավճռով Ֆոտոլուր գործակալության ֆոտոլրագրող Մխիթար Խաչատրյանի եւ «Առավոտի» թղթակից Աննա Իսրայելյանի վրա հարձակում գործելու մեղադրանքով 6 ամիս ազատազրկման դատապարտեց ամբաստանյալ Գագիկ Ստեփանյանին: Հիշեցնենք, որ օգոստոսի 24-ին վերոհիշյալ լրագրողները բնապահպանական թեմայով հրապարակում պատրաստելու համար մեկնել էին Ծաղկաձորՙ հատված անտառները եւ նրանց տեղում կառուցված առանձնատները նկարահանելու: Նրանց մասնագիտական պարտականությունների կատարմանը խոչընդոտել էին առանձնատներից մեկի պահակը եւ ամբաստանյալ Գագիկ Ստեփանյանը: Վերջինս իր դսեւորած խուլիգանական արարքով վնասել էր Մխիթար Խաչատրյանի պարանոցն ու բազկի հատվածը եւ նրանից խլել ֆոտոխցիկի հիշողության չիպը: Դատաբժշկական փորձաքննության եզրակացությամբՙ ֆոտոլրագրողին պատճառել էր միջին ծանրության մարմնական վնասվածքներ, իսկ լրագրող Աննա Իսրայելյանին վիրավորել սեռական բնույթի հայհոյանքներով, տեւական ժամանակահատված նրան պահելով սթրեսային վիճակում:

Գործով տուժող ֆոտոլրագրող Մխիթար Խաչատրյանը երեկ նույնպես դատարան չներկայացավ: Նա դատարանին գրություն էր ուղարկել, որ ինքը պատշաճ ծանուցված չի եղել, այդ պատճառով չի ներկայացել եւ խնդրել էր բավարարվել իր նախաքննական ցուցմունքները հրապարակելով: Ամբաստանյալ Գագիկ Ստեփանյանը, ինչպես խոստացել էր ծեծկռտուքի ժամանակՙ «Ֆոտոապարատը կկոտրեմՙ կառնեմ կտամ», վերականգնել էր նրան պատճառված նյութական վնասը, տվել էր չիպի արժեքըՙ 250 դոլար:

Ֆոտոլրագրողը նախաքննության ժամանակ շեշտել էր, որ իբրեւ տուժող ինքն ամենից շատ բարոյական վնաս է կրել եւ իր պահանջն այն է, որ հանցագործը դատապարատվի: Նույն պնդումն արեց Աննա Իսրայելյանը:

Դատարանը երեկվա նիստում պետք է լսեր գործով վկաներ, ՀՀ գրականության ինստիտուտի տնօրեն Ազատ Եղիազարյանին եւ Ծաղկաձորի գրողների ստեղծագործական տան օպերատոր Ժաննա Բալայանին, որոնք դարձյալ դատարանին ուղղված գրությամբ խնդրել էին հրապարակել իրենց նախաքննական ցուցմունքները: Ազատ Եղիազարյանը հաստատել էր, որ ամբաստանյալ Գագիկ Ստեփանյանը ներխուժելով Ծաղկաձորի գրողների ստեղծագործական տունՙ հարձակվել էր Աննա Իսրայելյանի եւ Մխիթար Խաչատրյանի վրա եւ բղավել. «Ո՞վ եք դուք, ի՞նչ իրավունք ունեք նկարելու, գիտե՞ք, թե՞ ում տարածքն է»: Նշել էր, որ նրա հետ այլ երիտասարդներ էլ կային, որոնք նույնպես հանդիմանում էին լրագրողներին նրանց գործողությունների համար: Ժաննա Բալայանը նույնպես նշել էր, որ Գագիկ Ստեփանյանը ծեծեց Մխիթարին, իսկ Աննան վախեցած էր եւ դողում էր:

Պետական մեղադրող, ՀՀ գլխավոր դատախազության դատախազ Կորյուն Փիլոյանը լիովին հիմնավորված համարեց ամբաստանյալի մեղավորությունը, ոչ միայն այն փաստարկներով, որ նա խուլիգանություն է կատարել, այլեւ խոչընդոտել է լրագրողների աշխատանքային պարտականությունների կատարմանը: «Ամբաստանյալը թեպետ մասնակի է ընդունել իր մեղադրանքը, սակայն դատաքննության ընթացքում իր ցուցմունքներով նա ամբողջությամբ ընդունեց մեղադրանքը», հայտնեց պետական մեղադրողը: Կ. Փիլոյանը դատարանի ուշադրությունը հրավիրեց այն հանգամանքին, որ լրագրողների դեմ նման հանցագործությունները ակտիվացել են եւ մենք պետք է հանդես գանք... Միջնորդեց ամբաստանյալին դատապարտել 6 ամիս ազատազրկման եւ տուգանել 100 հազար դրամի չափով: Իբրեւ ամբաստանյալի անձը բնութագրող հանգամանքներ դատարանին ներկայացրեց երկու դատավճիռ. ամբաստանյալը 1995 թ. եւ 97 թ. դատապարտվել էր ապօրինի զենքի եւ թմրանյութի համար:

Տուժող Աննա Իսրայելյանի ներկայացուցիչ լրագրող Ռուզան Մինասյանը շեշտեց, որ ամբաստանյալի հյուսած սցենարը, որ ինքը գրկախառնված էր ծառերի տակ իր ընկերուհու հետ, դարձյալ լրագրողին վարկաբեկելու միտում ունի, ցույց տալու համար, որ լրագրողները խոչընդոտում են իր անձնական կյանքին: Աննա Իսրայելյանը նշեց, որ գործով լիարժեք քննություն չի կատարվել եւ ճիշտն այն կլիներ, որ գործը վերադարձվեր լրացուցիչ նախաքննության, որպեսզի պարզվեր, թե ովքեր էին իրենց հետեւից ուղարկել ամբաստանյալին եւ ո՞ւմ նկատի ուներ նա ասելովՙ «Ի՞նչ իրավունք ունեք նկարելու, գիտե՞ք, ում տարածքն է», բայց քանի որ նման բացահայտման հույս չունենՙ միջնորդություն չեն անում:

Ամբաստանյալը հրաժարվեց ե՛ւ պաշտպանական ճառից, ե՛ւ վերջին խոսքից: Նա բավարարվեց դարձյալ իրեն նկարահանող լրագրողներին հայհոյանքներ ուղղելով եւ ողջ դատավարության ընթացքում աչքի ընկավ իր անկառավարելի վարքագծով:

ՍԱՌԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ, www.hetq.am


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4