«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#180, 2004-10-13 | #181, 2004-10-14 | #182, 2004-10-15


ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է ՇԱԽՄԱՏԱՅԻՆ ՕԼԻՄՊԻԱԴԱՆ

Թղթակցություն Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի եւ «Ավստրիական ավիաուղիների» աջակցությամբ

Իսպանիայի Մայորկա հրաշագեղ կղզում գտնվող Կալվիա քաղաքում հինգշաբթի ուշ երեկոյան, երբ Երեւանում արդեն գիշեր էր, կայացավ շախմատի 36-րդ համաշխարհային օլիմպիադայի բացման հանդիսավոր արարողությունը: Այն ընթացավ բաց երկնքի տակ, պարզապես ծովափին, որի երկայնքով էլ տեղավորված է Կալվիան: Ըստ նախնական հայտերի, տղամարդկանց 133 եւ կանանց 91 հավաքականներ են պատրաստվում մեկնարկելու շախմատային խոշորագույն այս տոնահանդեսում:

Արդեն երկու օր է, ինչ Մայորկայում են Հայաստանի շախմատիստները: Նրանք տեղավորվել են հարմարավետ «Սոլ Մագալուֆ պարկ» հյուրանոցում, հասցրել են հանգստանալ Երեւան-Վիեննա-Մայորկա երկարատեւ ճանապարհորդությունից եւ լավ տրամադրվածությամբ սպասում են մեկնարկին:

Նախորդ օլիմպիադայի բրոնզե մեդալակիր Հայաստանի տղամարդկանց հավաքականը գլխավոր ֆավորիտներից մեկն է: Մրցավարական հանձնաժողովը հրապարակեց թիմերի դասավորությունըՙ ըստ հիմնական չորս խաղատախտակների միջին վարկանիշների: Այդ ցուցանիշներով Հայաստանն օլիմպիադայի չորրորդ երկիրն էՙ Ռուսաստանից, Ուկրաինայից եւ Իսրայելից հետո: Բայց պայքարը մրցանակային տեղերի համար արտակարգ սուր կլինի, քանի որ 17 թիմեր ունեն 2600-ից բարձր վարկանիշներ:

Մեր թիմի կազմում են, ըստ խաղատախտակների, Վլադիմիր Հակոբյանը, Լեւոն Արոնյանը, Ռաֆայել Վահանյանը, Սմբատ Լպուտյանը, Գաբրիել Սարգսյանը եւ Արտաշես Մինասյանը: Ճիշտ է, թիմի առաջատար Հակոբյանը չորս օր ուշացումով կժամանի Մայորկա: Նա առայժմ գտնվում է Շվեյցարիայի Բրիսագո քաղաքում, որտեղ օգնում է Լեկոյին Կրամնիկի հետ մրցախաղում: Թիմի ավագ մարզիչն է Տիգրան Նալբանդյանը: Հավաքականին կօգնի նաեւ Կարեն Ասրյանը:

Ծանր պայքար է սպասվում նաեւ կանանց մրցաշարում: Բավական է ասել, որ Եվրոպայի չեմպիոնուհիներ Հայաստանի շախմատիստուհիները միջին վարկանիշով միայն 14-րդն են: Բայց մեր աղջիկները եւս լավատեսորեն են տրամադրված: Թիմի կազմում են Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը, Նելլի Աղինյանը եւ Սիրանուշ Անդրեասյանը, մարզիչն է Արսեն Եղիազարյանը: Այսօր առավոտյան կկայանա վիճակահանությունը եւ հայտնի կդառնան առաջին տուրի զույգերը, իսկ երեկոյան կկայանա առաջին տուրը:

ԳԱԳԻԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ, Կալվիա, Իսպանիա


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4