«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#183, 2004-10-16 | #184, 2004-10-19 | #185, 2004-10-20


«ԴՈՒ, ՀԱՎԵՐԺՈՂ ԻՄ ՀԱՅԱՍՏԱՆ...»

Ցուցահանդես Վարպետի տուն-թանգարանում

Ո՞վ արարեց. Հայաստանը Մարտիրոս Սարյանի՞ն, թե՞ Մարտիրոս Սարյանը Հայաստանը: Այս շփոթությունը մեր մեջ կա ու այսուհետ կլինի ընդմիշտ: Այսպիսի չքնաղ, խորհրդավոր, լուսավոր, վեհաշուք Հայաստան գուցե միայն զգացել ենք Եղիշե Չարենցի անմահ բանաստեղծությունը կարդալիսՙ «Ես իմ անուշ Հայաստանի...»:

Աշխարհում շատ ու շատ լավ նկարիչներ եղել են, կան ու կլինեն: Տաղանդավորների պակասից էլ երբեք չենք բողոքում: Բայց ամեն ժողովրդի համար կա իր նկարիչը, որ կտավի ու թղթի վրա է առնում իր երկրի լեռներն ու գետերը, մարդկանց ու պարտեզները: Դժվարը, գրեթե անկարելին պատկերների մեջ չէ, պատկերների հետեւում եղած ոգին, խորհուրդը պատկերելն է: Մարտիրոս Սարյանը դա արել է, արել է իր մեծածավալ կտավներում ու մատիտանկարներում, էսքիզներում, անգամ կիսավարտ համարվող գործերում:

Օրերս նկարչի տուն-թանգարանում բացվեց մեր մեծ հայրենակցի եւս մեկ ցուցահանդես, որը Վարպետի ծննդյան 125-ամյակից մի քանի ամիս առաջ (տարեդարձը 2005 թվականի փետրվարի 29-ին է) եւս մի նոր հանդիպում է հրաշքի հետ: Ցուցահանդեսի առիթով հրատարակված բուկլետում Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանի տնօրեն Ռուզան Սարյանը գրում է. «Հայաստանը ստեղծել են Արարիչն ու Սարյանը, մեկըՙ իրական-նյութականը, մյուսըՙ գեղանկարչական-ոգեղենը: Այն, ինչ պատկերացրել, երեւակայել է Արարիչըՙ ստեղծելով մեր լեռնային հայրենիքը, Սարյանը ստեղծել է արվեստի ուժով: Եվ այսօր մենք ունենք երկու Հայաստանՙ մեկն իրական, մյուսըՙ սարյանական: Եվ նրանք միաձուլված են առհավետ...»: Ահա, այս Հայաստանն է ներկայացված «Դու, հավերժող իմ Հայաստան» ցուցահանդեսում, որի բացման ժամանակ Ռուզան Սարյանն ասաց.

- Այս ցուցադրությունն, անշուշտ, կխթանի սարյանագիտությունը, որովհետեւ Սարյանի կենսագրությունը կհարստանա նոր, դեռեւս անհայտ փաստերով, ավելի լիակատար կներկայացվի նրա կյանքի տարեգրությունը, հնարավորություն կլինի արդեն աշխատելու նրա գիտական կենսագրության ստեղծման վրա, եւ նրա կյանքի շատ շրջաններ ավելի մանրամասն կուսումնասիրվենՙ վավերագրական նյութերը տպագրելով:

Այժմ տուն-թանգարանում ցուցադրվում են Վարպետի բնանկարները, որոնց մեծ մասը շատ հայտնի է: Բայց կան նաեւ այնպիսի բնանկարներ, որոնք վաղուց չեն ցուցադրվել: Մարտիրոս Սարյանի գրաֆիկական առանձին աշխատանքներ միայն առաջին անգամ են ցուցադրվում:

Վարպետ... այսպես դիմել ենք Սարյանին ու Իսահակյանին, այս երկու պայծառ մարդկանց, ովքեր ստեղծեցին Հայաստանի էպիկական կենսագրությունը, մարդիկ, ովքեր շատ ավելին եղան, քան սոսկ նկարիչ ու գրող: Ու մեր ակնածանքն էլ իրենց նկատմամբ վերերկրային էր, ինչպես իրենց արվեստը: Եթե խոսքն այս դեպքում սոսկ Մարտիրոս Սարյանի մասին է, ուրեմն ճշտենք, որ նա գերազանցեց գույնի եւ գծի բոլոր չափումները, բոլոր պատկերացումները, եւ նրա արվեստը նույնքան դժվար է խոսքի վերածել, ինչպես երաժշտությունը: Մենք միայն կարող ենք հիանալ այս արարչագործությամբ, որը տարեցտարի, օրեցօր առավել ճշմարիտ բացահայտումների կարիք է ունենում:

ՍԵՐԳԵՅ ԳԱԼՈՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4