«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#196, 2004-11-04 | #197, 2004-11-05 | #198, 2004-11-06


ՆԱԻՐԱ ՄԵԼՔՈՒՄՅԱՆ. «ՄԻԱՍԻՆ ԱՆՑՆԵՆՔ ՄԵՐ ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐԻ ՃԱՆԱՊԱՐՀԸ»

Արցախի ողնաշարն ամրապնդելու համար անհրաժեշտ է եւս 12,5 մլն դոլար

Նոյեմբերի 25-ին «Հայաստան» համահայկական հիմնադրամը սփյուռքում, Հայաստանում եւ Արցախում անցկացնելու է հեռուստամարաթոն, որից ստացված գումարները հատկացվելու են Արցախի ողնաշարը համարվող «Հյուսիս-հարավ» ավտոմայրուղու ծրագրին: Վերջին 4 տարիներին կառուցվել է 160 կմ երկարությամբ ավտոմայրուղու 57,2 կմ-ը, այժմ կառուցվում է եւս 31,5-ը: Ավտոմայրուղու կառուցումն ավարտելու համար անհրաժեշտ է եւս 12,5 մլն դոլար: Սպասվող հեռուստամարաթոնի եւ հիմնադրամի գործունեության հետ կապված հարցերով զրուցեցինք հիմնադրամի գործադիր տնօրեն Նաիրա Մելքումյանի հետ:

- Տկն Մելքումյան, այս տարվա հեռուստամարաթոնին ի՞նչ նորամուծություններ են արվել, որոնք կարող են նպաստել դրամահավաքին:

- Հեռուստամարաթոններ կազմակերպվում են 1996 թ.-ից: Այս տարվա հեռուստամարաթոնը մենք դիտարկում ենք ոչ միայն որպես պարզ դրամահավաք, այլեւ միջոց, որով աշխարհի բոլոր հայերը կարող են հաղորդակցվել, տեսնել Հայաստանի եւ Արցախի զարգացումը: Մենք հեռուստամարաթոնը դիտարկում ենք նաեւ որպես ազգահավաք, հայրենասիրական միջոցառում: Հեռուստամարաթոնին հետեւում են միլիոնավոր հայեր, ովքեր սիրում են իրենց հայրենիքը եւ ապրում են այս հայրենիքի առօրյայով, ցավով, հաջողություններով: Եվ մենք ուզում ենք նրանց տալ հնարավորությունՙ ստանալու Հայաստանի իրական պատկերը: Մենք նպատակ ունենք հեռուստամարաթոնի ընթացքում պատմել մեր ժողովրդի լավագույն զավակների մասին: Արդեն սկսել ենք մեր լայնածավալ քարոզչական աշխատանքը, որի մի մասը պատմություն է հայ բարերարների մասին: Հաղորդաշարը կոչել ենք «Ոսկե մատյան» եւ պատմում ենք սկսած Ներսես կաթողիկոսից: Մեզ համար ուղենիշ են դարձել հայ մեծ բարերար Ալեքսանդր Մանթաշյանցի խոսքերը. «Մի մերժեք ձեր պարտքերն առ հայրենիք»: Այս խոսքերով նա ժամանակին դիմել էր հայ գործարարներին:

- Դուք գործադիր տնօրեն նշանակվելուց հետո մի շարք հայկական գաղութներում եք եղել: Ի՞նչ ակնկալիքներ կան այս տարվա դրամահավաքից:

- Հույս ունենք, որ մեզ կհաջողվի հավաքել այնքան գումար, որպեսզի, ինչպես ասում են, կոտրենք այս ճանապարհի մեջքը: «Հյուսիս-հարավ» ավտոճանապարհի համար դեռեւս անհրաժեշտ է 12,5 մլն դոլար: Մենք հուսով ենք, որ մեր մեծ բարերարներն ավելի ակտիվ կլինեն, նրանք միշտ շատ առատաձեռն են: Բայց նաեւ կա մեկ խնդիր, որ նրանք դնում են մեր ժողովրդի առջեւ. նրանք պատրաստ են Հայաստանին տալ մեծ գումարներ, եւ իսկապես վերջին տարիների զարգացումները դրա մասին են վկայում: Սակայն նրանք ուզում են, որ ամեն մի հայ եւս մասնակցություն բերի: «Հայաստան» հիմնադրամի գործունեության հիմքում դրված է այն գաղափարը, որ ամեն մի հայ պետք է մի մասնաբաժին հատկացնի իր հայրենիքի շենացմանը: Մեկը կարող է որպես մասնաբաժին տալ մեկ միլիոն, մյուսըՙ մեկ դոլար: Հիմնադրամի գաղափարի կայացման համար սա շատ կարեւոր է: Սա հիմնադրամ է, որ նպաստում է պետության կայացմանը, Արցախի կայացմանը եւ պատահական չէ, որ այս վերջին տարիներին մենք հիմնական աշխատանքներն ուղղում ենք դեպի Արցախ: Սա հասկանալի է, քանի որ Արցախը մեր հայրենիքի այն հատվածն է, որ չի ստանում միջազգային օգնություն, որը գործարարության տեսակետից համարվում է ռիսկի գոտի: Բայց մյուս կողմից մենք տեսնում ենք, որ մեզ հաջողվում է զարգացնել Արցախը: Եվ գաղտնիք չէ, որ զարգանում է հիմնականում հայության ուժերով: Եթե յուրաքանչյուրս գիտակցենք, որ Արցախը պահպանելու համար անհրաժեշտ է ապահովել նրա տնտեսական զարգացումը, ապա կարող ենք ասել, որ Արցախն իրոք մերն է, լինելու է զարգացած, Հայաստանի եւ հայության անբաժանելի մասը:

- Արդեն կառուցվել է «Հյուսիս-հարավ» ճանապարհի մոտ կեսը: Տնտեսական տեսակետից այդ ճանապարհն ի՞նչ է տվել ԼՂՀ-ին:

- Յուրաքանչյուր պետություն զարգանում է, երբ ունենում է երկու կարեւոր ենթակառուցվածքՙ ճանապարհներ եւ հեռահաղորդակցություն: Ճանապարհներն իսկապես շատ լուրջ են ազդում Արցախի զարգացման վրա: Այդ ճանապարհի Գանձասար տանող հատվածում հենց ճանապարհի վրա դուք կարող եք տեսնել նորակառույց հյուրանոցը: Կնկատեք, որ սկսել է աշխատել Դրմբոնի հանքավայրը: Այս ճանապարհը կնպաստի Մարտակերտի շրջանի թռիչքաձեւ զարգացմանը: Մարտակերտը գյուղատնտեսական արտադրանքի վայր է, այն ունի նաեւ արդյունաբերական շատ կարեւոր նշանակություն: Ճանապարհի այն հատվածներում, որոնք արդեն շահագործման են հանձնվել, արդեն ստեղծվում են գյուղատնտեսական արտադրանքի վերամշակման գործարաններ: Այս տարի Ղարաբաղում զբոսաշրջությունն աճել է 70 տոկոսով: Արցախում կան մի քանի ոլորտներ, որոնք պետք է զարգացնելՙ գյուղատնտեսությունը եւ զբոսաշրջությունը, եւ երկուսն էլ անմիջականորեն կապված են ճանապարհների զարգացման հետ: Պետք է հիշենք, որ Արցախը չպետք է հետ մնա Հայաստանի զարգացումից, որովհետեւ եթե մենք ուզում ենք Արցախում ոչ միայն պահպանել ժողովրդին, այլեւ նպաստել վերաբնակեցմանը, ապա պետք է ստեղծենք այնպիսի հնարավորություններ, որ մարդիկ Արցախում իրենց զգան որպես լիարժեք քաղաքացի: Հիմնադրամն այս տարվա ծրագրերով Արցախում ապահովել է 1000 աշխատատեղ:

- Անցած հեռուստամարաթոնները ցույց են տվել, որ Ռուսաստանի հայերը բավականաչափ պասսիվ են մասնակցել դրամահավաքին: Այս տարի ի՞նչ է արվել, որպեսզի ռուսահայերին եւս ներգրավեն հեռուստամարաթոնին:

- Մենք նախ պետք է ճիշտ գնահատենք Ռուսաստանի հայ համայնքը, որը շատ մեծ է եւ նրա մի հատվածը բավականաչափ հարուստ է: Բայց չպետք է մոռանալ, որ այդ համայնքը երիտասարդ է, եւ երկրորդ, Ռուսաստանի հայ համայնքը սերտորեն կապված է Հայաստանի հետ: Ռուսահայերը Հայաստանի ներդրումների հարցում բավականաչափ ակտիվ են, եւ մենք չպետք է փորձենք նրանցից էլ ավելի գումարներ բերել: Նրանք իրենց դերը կատարում են: Ես անձամբ կարծում եմ, որ մենք չպետք է թվերով ապացուցենք, որ Ռուսաստանում էլ ստեղծվեց հիմնադրամի կառույց եւ այսքան գումար է բերել: Պետք է հաշվի առնել, որ Ռուսաստանի հայերը Հայաստանում ներդրումներ են անում, օգնում են իրենց հարազատներին:

- Յուրաքանչյուր մարդ, ով մեկնում է Ստեփանակերտ, լավ տպավորություններ է ստանում: Մինչդեռ մայրաքաղաքից ստացած լավ տպավորությունները ջարդվում են, երբ այցելում ես Շուշի: Քաղաքի վերականգնման համար հեռանկարային ի՞նչ ծրագրեր կան:

- Շուշիի վերականգնումը ողջ հայության համար մեծ մարտահրավեր է, որը պետք է ընդունենք: Վստահ եմ, որ մոտ ժամանակներում, երբ մենք կարողանանք ասել, որ ճանապարհի խնդիրը դրամական տեսակետից կարգավորված է, կսկսենք անմիջապես զբաղվել Արցախի շրջաններով: Կարծում եմ, Շուշին առաջնահերթ նշանակություն է ունենալու: Հայտնի է, որ մեր ռազմավարական նշանակության ծրագրերն ընդունվում են Հոգաբարձուների խորհրդի կողմից, եւ հուսով եմ, որ արդեն մայիսին կարող ենք մտածել մեր հետագա ծրագրերի մասին: Եվ Շուշին լինելու է առաջնային խնդիրներից մեկը: Արդեն որոշ ծրագրեր սկսում ենք իրականացնել Շուշիում: Կան բարերարներ, որոնք սկսել են վերանորոգման աշխատանքները: Հուսով եմ, որ հաջորդ տարի այդ ծրագրերն ավելի մեծ թափ կառնեն: Ինձ համար Շուշիի վերականգնումը նաեւ անձնական նպատակ է: Ես շատ եմ սիրում Շուշին եւ կարծում եմ, որ այն պետք է դառնա Հայաստանի, հայության մշակութային կենտրոններից մեկը: Մենք այդպիսի երկու քաղաք ունենքՙ Շուշին եւ Գյումրին եւ ամեն ինչ պետք է անենք, որ նրանք վերականգնեն իրենց ավանդական դերը հայ ազգային կյանքում:

ԹԱԹՈՒԼ ՀԱԿՈԲՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4