«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#200, 2004-11-10 | #201, 2004-11-11 | #202, 2004-11-12


ԱՂՔԱՏՈՒԹՅԱՆ ՇԵՄԸ ՀԱՂԹԱՀԱՐԵԼՆ ԱՂՔԱՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱՑՈՒՄ ՉԷ

Խոստովանեց ԱՀՌԾ համակարգման կենտրոնի ղեկավարը

Աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագրի (ԱՀՌԾ) մոնիտորինգի ցուցանիշների համակարգման հայեցակարգը երեկ ներկայացրեց ծրագրի համակարգման կենտրոնի ղեկավար Հովհաննես Ազիզյանը: Տեղեկացնելով այս կապակցությամբ կառավարության ընդունած որոշման մասին, Հովհաննես Ազիզյանը նշեց, որ սկզբնապես աղքատությունը բնութագրող ցուցանիշների թիվը 1000 է եղել, այնուհետեւ իջեցվել է մինչեւ 300-ի, իսկ կառավարություն է ներկայացվել 177-ը: Ցուցանիշների համակարգը բաժանված է 6 խմբերիՙ աղքատության կրճատում եւ բարեկեցություն, կրթություն, առողջապահություն, հանրային զարգացում, բնակարանային պայմաններ, բնապահպանություն: Ցուցանիշները ստացվում են երեք հիմնական աղբյուրներիցՙ վիճակագրության պետական ծառայություն, վարչական ռեգիստր եւ անկախ հետազոտություններ: Ընդ որում, երկու աղբյուրներից ստացվող ցուցանիշները հաճախ կարող են չհամընկնել միմյանց հետ:

Անդրադառնալով 12 հազար դրամը որպես աղքատության սահմանագիծ ընդունելուն, ԱՀՌԾ համակարգման կենտրոնի ղեկավարը դա հիմնավորեց նրանով, որ այդ թիվը միջազգայնորեն համադրելի սահմանագիծ է: Այն բխում է միջազգային կազմակերպությունների ընդունած չափանիշներից եւ հիմք են ընդունվել վիճակագրական ծառայության կատարած տնային տնտեսությունների ուսումնասիրությունների արդյունքները: «Իսկ ինչո՞ւ են հիմք ընդունվել վիճծառայության, այլ ոչ թե առողջապահության նախարարության ուսումնասիրությունները, որոնց արդյունքում ընդունված աղքատության շեմն ավելի բարձր գումար էր ենթադրում», «Ազգի» հարցին Հովհաննես Ազիզյանը պատասխանեց, որ այս փուլում կարեւորը միջազգայնորեն ընդունված այդ շեմի հաղթահարումն է: Շարունակելով ծրագրի համակարգման կենտրոնի ղեկավարը ուշագրավ խոստովանություն կատարեց, ինչից մինչ այժմ խուսափում են պետական պաշտոնյաները: Նա ասաց, որ այդ շեմը հաղթահարելը չի նշանակում, որ աղքատությունը վերանում է եւ հետագայում հնարավոր է, որ այդ շեմը բարձրացվի: Հովհաննես Ազիզյանը նաեւ կարծիք հայտնեց, որ աղքատության հաղթահարման ծրագրի ցուցանիշները, պայմանավորված տնտեսական աճի բարձր ցուցանիշներով, կատարվում են առաջանցիկ տեմպերով: Արդյո՞ք կառավարությունը չի գնա արհեստական, այսինքն որոշ ցուցանիշներ փոփոխելու ճանապարհովՙ աղքատության նվազեցման հարցի առնչությամբ էլ նշվեց, որ ցուցանիշներն ուսումնասիրում է վիճծառայությունը Համաշխարհային բանկի մեթոդներով եւ վերահսկողությամբ:

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4