«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#202, 2004-11-12 | #203, 2004-11-13 | #204, 2004-11-16


«ՇԻՐԱԿ» ՄԻՈՒԹՅՈՒՆԸ ՕԳՆՈՒՄ Է ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻՆ

Շիրակի մարզի սոցիալ-տնտեսական զարգացմանը, այստեղ աղքատության հաղթահարմանը եւ հասարակության ժողովրդավարացմանը նպաստելու առաքելությամբ հանդես եկող «Շիրակ» միջազգային միությունը իր արդեն քառամյա գործունեության ընթացքում իրականացրել է բազմաթիվ գիտական, կրթական, առողջապահական, սոցիալական եւ այլ ծրագրեր: Բավական փորձ ու հմտություններ են ձեռք բերվել մասնավորապես սոցիալական եւ տնտեսական ռիսկի խմբերի ընտանիքների հետ աշխատանքի ուղղությամբ:

Օգնել սոցիալական ուժեղ ռիսկի խմբերի երեխաների ծնողներինՙ ընտանիքի հիմնախնդիրների լուծման ու սոցիալական վիճակի բարելավման գործում, նպաստել նրանց ակտիվության ու նախաձեռնողական մակարդակի բարձրացմանը եւ հասարակության մեջ նրանց ինտեգրմանը. այսպիսի նպատակներ է հետապնդում «Սոցիալական գործընկերություն, առողջ ընտանիք, ամուր հասարակություն» ծրագիրը, որը կազմակերպության կողմից Գյումրիում իրականացվում է այս տարվա օգոստոս ամսիցՙ ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության միջոցներով, Ամերիկայի հայկական համագումարի հասարակական կազմակերպությունների ուսուցման եւ տեղեկատվական միջոցների կենտրոնի աջակցությամբ: Հասարակության խոցելի շերտերում հայտնված հիշյալ ռիսկի խմբի ընտանիքները, գտնվելով սոցիալական մերժվածության, մեկուսացման պայմաններում, սովորաբար չեն կարողանում դրսեւորել նախաձեռնություն եւ միայնակ դուրս գալ սոցիալ-տնտեսական ճգնաժամիցՙ հաղթահարելով խորացող աղքատությունը: Ծրագրում ընդգրկված 40 շահառու ընտանիքներին մարդասիրական օգնությունից բացի նաեւ մատուցվում են սոցիալ-հոգեբանական, առողջապահական, իրավաբանական ծառայություններ: Անցկացվող դասընթացների, խորհրդատվությունների միջոցով նրանց գիտելիքներ են հաղորդվում տարբեր օրենքների, իրենց իրավունքների մասին, պաշտոնական մարմինների հետ կապված շատ խնդիրների լուծման հարցում ցուցաբերվում է նաեւ գործնական աջակցություն:

Ինչպես նշեց ծրագրի ղեկավար Գեղանուշ Գյունաշյանը, այս աշխատանքում իրենք կարեւորում են համագործակցությունը ինչպես պետական ու տեղական իշխանության մարմինների, այնպես էլ այլ հնարավոր գործընկերների հետ: Այդպիսի բավական արդյունավետ գործակցություն է հաստատվել Աշխատանքի եւ զբաղվածության Գյումրու տարածքային կենտրոնի հետ: Շահառու ընտանիքների անդամներից մի քանիսն ընդգրկվել են, մասնավորապես, կենտրոնի մասնագիտական ուսուցման ծրագրերում:

ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4