«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#204, 2004-11-16 | #205, 2004-11-17 | #206, 2004-11-18


ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐԸՙ ՀԱՐԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆԸ

Գործընթացի մանրամասներն է ներկայացնում ծառայության պետի տեղակալը

Սոցիալական վճարների հավաքումն, ինչպես տեղեկացրել էինք մեր թերթի նախորդ համարում, եկող տարվանից կվերապահվի հարկային պետական ծառայությանը: Հարկային ծառայության պետի տեղակալ Արմեն Ալավերդյանը կառավարության այդ որոշման մասին խոսելով նշեց, որ ավելի արդյունավետ կլինի, եթե սոցվճարների հավաքման գործառույթն իրականացնի հարկային մարմինը: Նախ այն որպես վճարի տեսակ շատ նման է հարկին: Երկրորդՙ եկամտահարկի հետ սոցիալական վճարները որոշակի ընդհանրություն ունեն: Դրանց բազաների միատեղումը դրական կազդի եկամտահարկի եւ սոցիալական վճարի մուտքերի վրա: Ըստ Արմեն Ալավերդյանի, դա շահավետ է նաեւ տնտեսվարող սուբյեկտների համար: Նրանք միայն մեկ մարմնի կողմից կենթարկվեն որոշակի վարչարարության, հաշվետվությունները նույն մարմնին կներկայացնեն, հսկողական գործառույթները (ստուգումներ, ուսումնասիրություններ) նույնպես կիրականացնի մեկ մարմինը:

2005 թ. բյուջեում նախատեսվում է նաեւ սոցվճարների գծով մուտքերի աճ: Դրա համար հարկ կլինի, որ լուծվեն մի շարք այլ հարցեր: Մասնավորապես աշխատանքի տեսչության հետ համատեղ պետք է հասնել նրան, որ գործատուները նշեն իրենց աշխատակիցների ճիշտ թիվը եւ նրանց աշխատավարձերի իրական չափերը: Այնուհետեւ պետք է միացվեն եկամտահարկի հաշվարկի եւ սոցվճարների բազաները: Դա հնարավորություն կտա կատարելագործելու հաշվետվական ձեւերը: Այսինքն այս որոշման հիմնական նպատակը, հարկային պետի տեղակալի հավաստմամբ, սոցվճարների հավաքումը, վարչարարությունը բարելավելն է, ինչն ակնհայտորեն կբերի եկամուտների ավելացման:

Ներկայումս սոցիալական վճարները հավաքում է սոցիալական հիմնադրամը: Այդ վճարները հիմնադրամի եկամուտների գլխավոր աղբյուրն են: Բացի այդ, հիմնադրամը կարող է համալրվել նաեւ պետբյուջեից կատարվող ֆինանսավորմամբ: Սակայն գլխավորապես սոցիալական վճարներից են ձեւավորվում այն միջոցները, որոնցից էլ կատարվում են կենսաթոշակների վճարումները: Փաստորեն, հիմնադրամն իրականացնում է երեք գործառույթներՙ հավաքում է սոցվճարները, որոշում կենսաթոշակների չափը եւ իրականացնում դրանց բաշխումը:

Սոցվճարների հավաքումը հարկային մարմնին հանձնելու դրական ակնկալիքներն անմիջապես զգացնել կտա՞ն, ենթադրենք, եկող տարվա ընթացքում: Այս առնչությամբ հարկային ծառայության պետի տեղակալը նշեց, որ դեռեւս օրենսդրական, կազմակերպչական, կառուցվածքային, կադրային, տեխնոլոգիական փոփոխությունների, իրազեկման որոշ խնդիրներ կան: Դրանց լուծվելուց հետո տեղի կունենա գործառույթների փոխանցման գործընթացը: Արմեն Ալավերդյանը տեղեկացրեց, որ վարչապետի հաստատած գործողությունների ծրագրով 30-ից ավելի միջոցառումներ պետք է իրականացվեն: Մասնավորապես 7-8 օրենքներում փոփոխություններ պետք է կատարվեն, հարկային մարմիններում համապատասխան բաժիններ բացվեն, աշխատակիցները պետք է տիրապետեն թվային ու համակարգչային ամբողջ բազային եւ այլն: Անցումային շրջանի առաջին փուլը կսկսվի նոյեմբեր-դեկտեմբերին, երկրորդ կեսըՙ 2005 թ. առաջին եռամսյակում: «Միայն դրանից հետո կարելի է խոսել կոնկրետ դրական արդյունքների մասին», այս համոզմունքը հայտնեց հարկային ծառայության պետի տեղակալը:

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4