«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#208, 2004-11-20 | #209, 2004-11-23 | #210, 2004-11-24


ՍԵՐԳԵՅ ԲԱԼԱՍԱՆՅԱՆ

Երեկ առավոտյան, Հանրապետական հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում վախճանվեց մեր ժամանակների խոշոր սեյսմոլոգներից մեկըՙ պրոֆ. Սերգեյ Բալասանյանը: Նա հիվանդանոց էր տեղափոխվել նոյեմբերի 19-ին: Նույն օրը Աշտարակի խճուղու վրա, Գյումրիում դասախոսություն կարդալուց հետո, վերադարձի ճանապարհին, չպարզված հանգամանքներում ենթարկվել էր ավտովթարի, որի մասին մեր թերթը գրել էր երեկվա համարում: Դեռ շատ կգրվի այս խոշոր գիտնականի մասին, որի վաստակը մեծ է ոչ միայն հայկական, այլեւ համաշխարհային սեյսմոլոգիայի ասպարեզում: Մինչ այդ, ստորեւ ներկայացնում են տարաբախտ գիտնականի կենսագրությունից հակիրճ տվյալներ:

Սերգեյ Յուրիի Բալասանյանը ծնվել է 1948 թ. օգոստոսի 16-ին, Բաքվում, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, բանաստեղծ Վրույր Բալասանի (Յուրի Բալասանյանի) եւ պատմաբան Սոֆյա Տեր-Հովակիմովայի ընտանիքում: Նույն թվականին Բալասանյանների ընտանիքը տեղափոխվել է Երեւան:

Ավարտելով Երեւանի 71 միջնակարգ դպրոցը, Ս. Բալասանյանը 1967 թ. ընդունվել եւ 1973 թ. ավարտել է Երեւանի պետական համալսարանի երկրաբանական ֆակուլտետի երկրաֆիզիկայի բաժանմունքը:

Համալսարանը ավարտելուց հետո Ս. Բալասանյանը երկու տարում, ավարտել է Երեւանի պետական համալսարանի ասպիրանտուրան, ստանալով 1975 թ. երկրաբանա-հանքաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան: Պաշտպանությունից հետո նա հրավիրվել է աշխատելու գլխավոր երկրաֆիզիկոսի պաշտոնում ՀՍՍՀ նախարարների խորհրդին առընթեր Գունավոր մետալուրգիայի վարչության երկրաբանահետախուզական արտադրական տրեստում:

1976 թ. Ս. Բալասանյանը հրավիրվել է աշխատանքի Անդրբայկալի Համալիր գիտահետազոտական կենտրոնում եւ միաժամանակ Չիտայի պոլիտեխնիկական ինստիտուտում, որտեղ նա ստեղծել է երկրաֆիզիկայի ամբիոն եւ ընտրվել է այդ ամբիոնի առաջին վարիչ, պատրաստելով երկրաֆիզիկոսներ Սիբիրի եւ Հեռավոր Արեւելքի համար: Միաժամանակ, Ս. Բալասանյանը հիմնել է հատուկ կոնստրուկտորական բյուրո եւ մշտական գործող երկրաֆիզիկական արշավախումբ, որի ստորաբաժանումները կատարում էին հատուկ գիտահետազոտական աշխատանքներ ամբողջ Խորհրդային Միության տարածքում:

1987 թ. Մոսկվայում Ս. Բալասանյանը պաշտպանեց տեխնիկական գիտությունների դոկտորի գիտական թեզը, որը ԽՍՀՄ Բարձրագույն որակավորման հանձնաժողովի (ԲՈՀ) կողմից ճանաչվեց որպես նոր գիտական ուղղությունՙ Դինամիկ եւ ոչ գծային երկրաֆիզիկա: Նույն 1987 թ. նրան շնորհվեց պրոֆեսորի կոչում:

1991 թ., Սպիտակի 1988 թ. ավերիչ երկրաշարժից հետո, ունենալով կազմակերպչական մեծ փորձ եւ խորը մասնագիտական գիտելիքներ, պրոֆ. Ս. Բալասանյանը մշակել եւ ներկայացրել է ՀՀ գերագույն խորհրդին ու ՀՀ նախարարների խորհրդին ՀՀ կառավարությանն առընթեր Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության (ՀՀ ՍՊԱԾ) ստեղծման գաղափարը եւ նախագիծը: Նույն թվականին նախագիծը արժանացավ Հայաստանի քաղաքական ղեկավարության հավանությանը, որից հետո ՀՀ վարչապետի հրավերով պրոֆ. Ս. Բալասանյանը համաձայնեց աշխատել Հայաստանում, ստանձնելով ՀՀ կառավարությանն առընթեր ՍՊԱԾ-ի պետի պաշտոնը:

1991 -2002 թթ. պրոֆ. Ս. Բալասանյանը ստեղծեց Հայաստանի սեյսմիկ պաշտպանության համակարգըՙ կառավարվող ՀՀ ՍՊԱԾ-ի կողմից, որը 1998 թ. արժանացավ ՄԱԿ-իՙ Հայկական կառավարման մարմնի համար աննախադեպ գնահատականիՙ ՄԱԿ-Սասակավայի համաշխարհային մրցանակի Եվրոպայի հաղթող եւ ճանաչվեց աշխարհում երկրորդը: Նույն տարիներին պրոֆ. Ս. Բալասանյանը մշակել է երկու երկարաժամկետ ռազմավարական պետական համալիր ծրագրերՙ կապված Հայաստանում եւ Երեւան քաղաքում սեյսմիկ ռիսկի նվազեցման հիմնահարցերի հետ, որոնք 1999 թ. հաստատվել են ՀՀ կառավարության համապատասխան որոշումներով, ինչպես նաեւ նախաձեռնել եւ մշակել է ՀՀ սեյսմիկ պաշտպանության մասին մայր օրենքի նախագիծը, որը 2002 թ. ընդունվեց ՀՀ Ազգային ժողովի կողմից:

1991 թ. պրոֆ. Ս. Բալասանյանը ստեղծեց Հայաստանի սեյսմիկ պաշտպանության ֆոնդ (ՀՍՊՖ), իսկ 1998 թ.ՙ Հայկական սեյսմոլոգիական եւ երկրի ֆիզիկայի ընկերակցություն (ՀՍԵՖԸ) հասարակական կազմակերպությունները:

Պրոֆ. Ս. Բալասանյանը Ասիական սեյսմոլոգիական հանձնաժողովի նախագահն էր, որը միավորում է 24 անդամ երկրներ Ճապոնիայից մինչեւ Եգիպտոս, Եվրոպայի սեյսմոլոգիական հանձնաժողովի անդամ, Եվրոպայի խորհրդին առընթեր Երկրաշարժերի կանխատեսման հանձնաժողովի անդամ: Նա ռեգիոնալ սեյսմիկ պաշտպանության գաղափարի հիմնադիրն է, որը իրագործվում է մեր տարածաշրջանում 1991 թ-ից:

Պրոֆ. Ս. Բալասանյանը երկրաֆիզիկայի եւ սեյսմոլոգիայի բնագավառներում հեղինակ է ավելի քան 180 գիտական հրապարակումների, 4 մենագրության, 10 գյուտերի, որոնք լույս են տեսել Ռուսաստանում, Հայաստանում, ԱՄՆ-ում, Հոլանդիայում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Իտալիայում, Հունաստանում, Ճապոնիայում, Չինաստանում եւ այլ երկրներում: Նա ղեկավարել է ավելի քան 50 միջազգային եւ ազգային ծրագրեր, կազմակերպել է տասնյակից ավելի միջազգային համաժողովներ, կոնֆերանսներ, սեմինարներ:

1991 թ. նա պատրաստում է բարձրորակ կադրեր երկրաֆիզիկայի եւ սեյսմոլոգիայի բնագավառներում:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4