«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#211, 2004-11-25 | #212, 2004-11-26 | #213, 2004-11-27


ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՈՒՄՆ Է ԵՐԿՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՔԸ

Գյումրու ռազմավարական պլանավորման համաժողովից

Չնայած վերջին շրջանում ամենաբարձր ամբիոններից եւ հանրապետական հեռուստաեթերից երբեմն հնչող ապակողմնորոշիչ հակառակ պնդումներին, Գյումրի քաղաքի ու մարզի հետերկրաշարժյան վերականգնման ուղղությամբ անելիքներ դեռ շատ կան: Մյուս կողմից, մինչեւ այժմ կատարվածը հիմք է տալիս մտածելու զուգահեռաբար նաեւ քաղաքի զարգացման քայլերի մասին: Վերջին խնդիրն առավել կարեւորվում է հանրապետության տարածքային զարգացման համատեքստում: Այս տեսակետից ողջունելի ձեռնարկում էր ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության ֆինանսական աջակցությամբ անցյալ շաբաթ Շիրակի մրցունակության կենտրոնի եւ Կրթությամբ զարգացման ակադեմիայի համատեղ կազմակերպած Գյումրու զարգացման ռազմավարական պլանավորման խնդիրներին նվիրված եռօրյա համաժողովը, որի բացման մասին «Ազգը» տեղեկացրել է: Քաղաքի «Արաքս» հյուրանոցային համալիրում տեղի ունեցած համաժողովին հրավիրվել եւ մասնակցում էին ՀՀ կառավարական որոշ օղակների, Շիրակի, Լոռու, Տավուշի, Արագածոտնի մարզերի, Գյումրու համայնքային իշխանության եւ քաղաքում ծրագրեր իրականացնող աջակից կազմակերպությունների ներկայացուցիչներ, գործարարներ, մտավորականներ:

Գյումրին որպես Հայաստանի հյուսիսի տարածաշրջանային կարեւոր կենտրոն, միջպետական նշանակության տրանսպորտային հանգույց, կարող է էական դեր ունենալ ինչպես մարզի, տարածաշրջանի, այնպես էլ հանրապետության ընդհանուր զարգացման գործում: Ելնելով այս դրույթից, ձեռնարկման կազմակերպիչները նպատակ էին դրել եռօրյա քննարկումների ընթացքում քաղաքի ներկայացուցիչների եւ այլ շահագրգիռ կողմերի հետ ձեւավորել Գյումրու ապագայի հեռանկարի ու դրան հասնելու ուղիների միասնական պատկերացում առաջիկա մեկուկես տասնամյակի համար: Նման խնդիրների հիմնավոր լուծման ու համապատասխան որոշումներ կայացնելու համար, իհարկե, շատ ավելի ժամանակ ու ջանքեր են պահանջվում: Տվյալ դեպքում թերեւս առավել հետաքրքրականը քաղաքի զարգացման ռազմավարական պլանավորման առաջարկվող մեթոդաբանությունն էր: Վերջինս ներկայացնող սփյուռքահայ փորձագետները, որոնց թվում էր ֆորումը նախագահող, Սի-էս-փի ֆրանսիական խորհրդատվական կենտրոնի Մերձավոր Արեւելքի եւ ԱՊՀ երկրների մասնաճյուղի գործադիր տնօրեն Րաֆֆի Սեմերջյանը, հաշվի էին առել քաղաքների զարգացման ընդհանուր սկզբունքներն ու դրանց կիրառելիության հարցերը Գյումրիում, անցյալ տարի ծրագրի հեղինակների ուսումնասիրածՙ Բեյրութի վերականգնողական զարգացման փորձը:

Հայտնի է, որ տնտեսական զարգացումն է այն առաջնահերթությունն ու հիմքը, որն ապահովում է նաեւ մյուս ոլորտների եւ քաղաքի, երկրի ընդհանուր զարգացումը: Համաժողովի ելույթներից մեկում մասնավորապես նշվեց, թե Հայաստանի տնտեսությունը հիմնված է դոնորների օգնության վրա, ինչը չի կարող իրական առաջընթաց ապահովել: Վերջինս ձեռք է բերվում երկրի տարածքների զարգացմամբՙ դրանց համեմատական կամ մրցակցային առավելությունների, մարդուժի, տնտեսական ռեսուրսների, կայուն հանրային ծառայությունների, տեղեկատվական ապահովվածության ու կառավարման կատարելագործման, այդ ամենի փոխկապվածության ապահովման հիման վրա: Ֆորումում հանդես եկած փորձագետները քաղաքի զարգացման ռազմավարության մշակման գործում կարեւորեցին, նախ, նրա ուժեղ ու թույլ կողմերի, հնարավորությունների ու վտանգների ամփոփ վերլուծությունը:

Գյումրու համար ուժեղ կողմերի թվում նշվեցին քաղաքական կայունությունը, արտադրական եւ մարդկային ներուժի, համապատասխան կառույցների, ազատ տարածքների առկայությունը, աշխարհագրական դիրքի առավելությունները, պատմական քաղաք լինելն ու արհեստագործական ավանդույթները, գործարար որոշակի ակտիվությունը, անվտանգ սոցիալական միջավայրը եւ այլն, թույլ կողմերի թվումՙ բնակչության աղքատությունն ու ֆինանսական ռեսուրսների սահմանափակությունը, ժամանակակից տեխնոլոգիաների, նախաձեռնության եւ իրականացնելու համար անհրաժեշտ գիտելիքների, քաղաքի եւ իր ներուժի վերաբերյալ ներքին եւ արտաքին տեղեկատվության պակասը, իրավական եւ ֆիսկալ կարգավորման, ենթակառուցվածքների հետ կապված խնդիրները, արտաքին սահմանների փակվածությունը, կենտրոնական կառավարության ուշադրության պակասը: Թվարկված հնարավորություններն էին տարածաշրջանային խաչմերուկ եւ Հայաստանի երկրորդ մեծ քաղաք լինելը, գյումրեցի «սփյուռքի» առկայությունը (հնարավոր ներդրման առումով), Հայաստանի մարզերի ու քաղաքների զարգացմամբ շահագրգռված գործընկեր-դոնորներ գտնելը: Հնարավոր վտանգներից նշվեցին կոռուպցիան եւ կազմակերպված հանցագործությունը, ստվերային տնտեսության առկայությունը, բնակչության արտահոսքը, սահմանի բացվելու դեպքում թուրքական ապրանքների դեմպինգը եւ այլն: Այսպիսի վերլուծության հիման վրա որպես օրինակ առաջարկվեց Գյումրու զարգացման երեք սցենար. Գյումրին որպես փոքր եւ միջին ձեռնարկատիրության հովանի, քաղաքը որպես արհեստների եւ զբոսաշրջության կենտրոն, եւ Գյումրին որպես Հյուսիսային Հայաստանի տարածաշրջանային կրթական կենտրոն:

Քաղաքային զարգացման ռազմավարական պլանավորման առաջարկվող փուլերը կամ մեկը մյուսից բխելիք քայլերի հաջորդականության պատկերը ներկայացվեցին բուրգի տեսքով: Ըստ այդմ, առաջին քայլը վերը բերված նախնական վերլուծության հիման վրա զարգացման հեռանկարը որոշելն է, այսինքն որոշակի ժամանակի համար այդ զարգացման նպատակակետի ընտրությունն ու սահմանումը (ուր ենք ուզում հասնել): Երկրորդը այն արժեքների սահմանումն է, որոնք կարեւոր կհամարվեն նպատակակետին հասնելու ճանապարհին: Սրան հաջորդում են զարգացման ռազմավարական ուղղությունները որոշելը (ինչպես ենք տեղ հասնելու), այս վերջիններս կյանքի կոչելու ծրագրերը եւ, վերջապես, նախանշվող ցուցանիշները:

Ֆորումի երկրորդ կեսին անցկացվեցին գործնական աշխատանքներ, որտեղ երեք խմբի բաժանված մասնակիցների յուրաքանչյուր խմբին առաջարկվեց ներկայացված մեթոդական հենքի վրա ընդհանուր գծերով մշակել Գյումրու զարգացման ռազմավարության իրենց տարբերակը: Ըստ այդ երեք տարբերակների համադրումով ձեւակերպված միասնական պատկերացման, նշված հեռանկարում Գյումրին պետք է լինի Հյուսիսային Հայաստանի մրցունակ տնտեսությամբ, բարձր կենսամակարդակով, պատմամշակութային արժեքներով եւ ինքնատիպ քաղաքային ավանդույթներով կենտրոն: Այդ ճանապարհի արժեքային համակարգում կարեւոր համարվեցին մարդկային-մասնագիտական արժեքների զարգացումը, ճկուն տնտեսության, բարենպաստ եւ անվտանգ միջավայրի առկայությունը, եվրոպական սոցիալ-տնտեսական արժեքների ընդունումը, քաղաքի գիտակրթական ներուժի, ազգային եւ պատմամշակութային արժեքների պահպանումը: Ռազմավարական ուղղությունների հարցումը շեշտը դրեց այսպես կոչված քլասթերային զարգացման ռազմավարության վրա: Ընդհանուր կերպով ասածՙ քլասթերը (այսպիսի նոր բառերի հայերեն համարժեքները պետք է գտնել) փոխկապակցված ընկերությունների, մասնագիտացված մատակարարների, ծառայություններ մատուցողների եւ այլ շահագրգիռ միավորների ամբողջական ցանց է: Սրա հիման վրա որպես քաղաքի զարգացման հնարավոր ուղղություններ նշվեցին շինանյութերի արտադրությունը, տեքստիլ արդյունաբերությունը, գյուղմթերքների, մսամթերքի վերամշակումը, շրջակա բնական ռեսուրսների (մասնավորապես ցեոլիտի) արդյունաբերական յուրացումը, գիտա-կրթական, առեւտրա-արհեստագործական ճյուղերի, զբոսաշրջության զարգացումը, տրանսպորտային տարանցիկ հանգույցի գործառույթը: Ուրվագծվեցին նաեւ համապատասխան ծրագրեր ու առաջարկություններ:

Այն, ինչ համաժողովում ասվեց եւ առաջարկվեց, իհարկե, չի հավակնում վերջնական ու սպառիչ լինել: Սակայն այստեղ արտահայտված գաղափարները կարող են օգտակար լինել Գյումրու, ինչու չէՙ նաեւ այլ քաղաքային բնակավայրերի զարգացման համար: Ինչն էլ, թերեւս, կարող էր համարվել այս ողջունելի հավաքի գլխավոր նպատակը:

Համաժողովի աշխատանքի արդյունքների ամփոփմանը մասնակցեցին եւ ելույթ ունեցան Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Էվանսը, ՀՀ տարածքային կառավարման փոխնախարար Վաչե Տերտերյանը:

ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4