«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#213, 2004-11-27 | #214, 2004-11-30 | #215, 2004-12-01


ԻՎ ԹԵՌՆՈՆ. «ԹՈՒՐՔԻԱՅԻ ՊԱՏՄԱԲԱՆՆԵՐՆ ԱՅՍՕՐ ԵՎՍ ԱՆԿԵՂԾ ՉԵՆ»

Հոկտեմբերի վերջերին Վենետիկում անցկացված գիտաժողովից հետո Փարիզի «Աշխարհ» թերթում հրապարակվեց հայտնի վիրաբույժ եւ ցեղասպանագետ Իվ Թեռնոնի հարցազրույցը, որը ներկայացնում ենք թարգմանաբար:

- Ինչպե՞ս պատահեց, որ վիրաբույժ Իվ Թեռնոնը դարձավ հեղինակավոր պատմաբան-ցեղասպանագետ:

- Այդ երկարատեւ գործընթացը շարունակվում է արդեն 40 տարի: Որպես վիրաբույժ ես մտահոգված էի Երկրորդ աշխարհամարտի տարիներին նացիստ բժիշկների կատարած նողկալի գիտափորձերից: Ես բացահայտեցի, որ դրանք ամբողջովին կապված են ցեղասպանությանՙ հրեաների ողջակիզման երեւույթի հետ: Սկսեցի զբաղվել այդ հարցի հետազոտմամբ, իմ բարեկամ, դոկտոր Սոկրատ Հելմանի հետ 10 տարի աշխատելուց հետո ընդլայնեցի թեման եւ անցա Հայկական հարցին: Ասում եմ Հայկական հարց, քանզի այն ժամանակ վստահ չէի, թե խոսքը ցեղասպանության մասին է: Ես չէի նախատեսել, որ բախվելու եմ ժխտողականության երեւույթին, որը հետզհետե ընդլայնվում է եւ այսօր երբեմն հանգեցնում միանգամայն անհեթեթ իրավիճակների: Հայոց ցեղասպանության խնդրի մեջ խորանալովՙ ես այլեւս անկարող էի շրջանցել այն: Հետագայում փորձեցի ցեղասպանության բնորոշման հարցը տեղադրել 20-րդ դարի նախճիրների ամբողջության մեջ: Ակնհայտ է, որ հիշյալ երկու դեպքերը (հրեաներ եւ հայեր), ինչպես նաեւ Ռուանդայում թութսիների նկատմամբ իրականացված գործողությունները, միանգամայն անվիճելիորեն բնութագրվում են որպես ցեղասպանություն: Ինչ վերաբերում է Կամբոջայում կարմիր քմերների գործած ոճիրներին եւ Ուկրաինայի 1932-33 թթ. սովին, դրանք դեռ պետք է քննության առնվեն: Կարծում եմ, որ բարդ ոլորտներում պետք է արտահայտվեն տարիների փորձ ունեցող հմուտ մասնագետները: Ահա թե ինչու առայժմ լոկ կսահմանափակվեմ վերոհիշյալ երեք ցեղասպանությունների համեմատական վերլուծությամբ, որոնց խորացված ուսումնասիրությունը թույլ կտա ավելի լավ ճանաչել ցեղասպանություն երեւույթն առհասարակ:

- Արդ, վիրաբույժ լինելը չի՞ տրամադրում նման հետազոտության:

- Բնավ: Ի դեպ, ընկերներիս խորհուրդներին հետեւելով ես, վիրաբույժ լինելուց բացի, դարձա նաեւ պատմության դոկտոր եւ սկսեցի հետազոտություններ անցկացնել ոչ թե սնափառությունից դրդված, այլ հեղինակավոր մասնագետ դառնալու նպատակով:

- Պատմեցեք, խնդրեմ, հոկտեմբերի վերջերին Վենետիկում Հայոց ցեղասպանության հարցերին նվիրված գիտաժողովի անցկացման մասին: Ովքե՞ր էին նախաձեռնողները:

- Այն տեղի ունեցավ հոկտեմբերի 28-30-ը: Նախաձեռնողներն էին Մխիթարյան միաբանության նախկին անդամ հայր Զեքիյանը եւ «Չինի» հիմնադրամըՙ հանձին պրոֆեսոր Ռիգոյի: Մասնակիցների թիվը 2 տասնյակ էր: Գիտաժողովն անցկացվում էր Սան Ջոռնո Մաջորե կղզում: Նպատակը հայ-թուրքական հարաբերությունների պատմության արծարծումն էր: Մասնակիցներ կային Հայաստանից, ԱՄՆ-ից (Ռուբեն Ադալյան), Կանադայից (պրոֆեսոր Ֆրենկ Չոլտ), Իսրայելից (պրոֆեսոր Չառնի), Ֆրանսիայից (Ռեմոն Գեւորգյանը եւ ես): Կային նաեւ իտալացիներ: Գիտաժողովը բնականոն կընթանար, եթե չլինեին մի քանի թուրք ճոռոմախոսներ ու սադրիչներ: Անշուշտ, խոսքը պրն Զարաքոլուի կամ Թաներ Աքչամի մասին չէ, որոնք միանգամայն անկախ պատմաբաններ են, այլՙ Ստամբուլից եւ Անկարայից եկած պատմաբանների: Այսպես, պրոֆեսոր Բեքթայը հրահրիչ ելույթ ունեցավՙ ասելով, թե Հայոց ցեղասպանության սկզբունքը քննարկման թեմա չէ: Նրա խոսքերով, Թուրքիան պատրաստ չէ ճանաչելու Հայոց ցեղասպանությունը, եւ այնտեղ ցեղասպանության մասին խոսում են միայն առաջադեմ մարդիկ: Նա ասաց, որ հարկավոր է նախ Եվրոմիության անդամ դարձնել Թուրքիային եւ հետո միայն արծարծել նման հարցեր: Ծուղակն ակնհայտ էր: Հայտնի է, որ Թուրքիայի սահմանադրության 305-րդ հոդվածի համաձայն, Հայոց ցեղասպանության մասին խոսողը ենթակա է 10 տարվա բանտարկության: Իմ ելույթում ես խոսեցի պետական ժխտողականության մասինՙ Հայոց ցեղասպանությունը համեմատելով հրեաների ողջակիզման եւ Ռուանդայում թութսիների ցեղասպանության հետ: Բեքթայը կաս-կարմիր էր կտրել: Նա մեզ ցույց տվեց ակնհայտորեն կրճատված մի քանի փաստաթուղթ, ասելով, թե ինքը չի ժխտում ցեղասպանության փաստը: Մինչդեռ հայտնի է, որ Թուրքիայում դասավանդելիս արգելվում է խոսել ցեղասպանության մասին: Գերմանացի պրոֆեսոր Գյոնցն իր ելույթում պաշտպանեց պաստոր Լեփսիուսի դիրքորոշումը: Անկարայից եկած պրոֆեսորներից մեկին ասացի, որ ինքը չի ըմբռնում ցեղասպանության էությունը: Տվյալ հարցի շուրջ անհնար է որեւէ փոխզիջում. ցեղասպանությունը ճանաչում են կամ ժխտում: Ես պրոֆեսոր Բեքթային հորդորեցի իր տերերին հայտնել, որ ժխտումը լավագույն միջոցը չէ:

Գիտաժողովի ընթացքում պարզ դարձավ, որ Թուրքիայում առկա է երկու դիրքորոշում. երկուսն էլ կառավարության դիրքորոշումներն են: Մեկն ավելի կոշտ է եւ արգելում է ցեղասպանության որեւէ ճանաչում, մյուսն առերեւույթ հաշտության ձեռք է մեկնում, բայց թույլ է տալիս ժամանակ շահել մինչեւ դեկտեմբերի 17-ը, երբ Եվրոմիությունը պետք է հրապարակի իր որոշումը Թուրքիայի անդամակցության բանակցություններ սկսելու վերաբերյալ: Այս ամենը մտահոգիչ է, քանզի առկա է խաղարկման տպավորություն: Ծուղակները շատ են:

Այս ամենով հանդերձ, գիտաժողովն անցավ բարձր մակարդակով: Ելույթները մոտ ժամանակներս կհրապարակվեն:

- Գիտաժողովը փաստորեն քաղաքական բնույթ չստացավ:

- Ոչ, մեր աշխատանքը մտավոր բնույթի էր: Այդուհանդերձ, առկա է երկակի եզրակացություն: Նախ, հենց որ արծարծում ենք Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը, անմիջապես հայտնվում ենք քաղաքականության մեջ եւ բախվում անզիջում ու նենգ ժխտողականության: Երկրորդՙ Թուրքիայում ապրող, այսինքնՙ իշխանություններից կախման մեջ գտնվող մտավորականների եւ մյուս ցեղասպանագետների երկխոսությունն այժմ անհնար է դարձել: Ավաղ, անհնար է չկասկածել, թե Թուրքիայի մտավորականները կարող են անկեղծ լինել:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4