«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#214, 2004-11-30 | #215, 2004-12-01 | #216, 2004-12-02


ԱԶԱՏՎԱԾ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԸ ՇԱՏ ԵՆ, ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄ ՍՏԱՑՈՂՆԵՐԸՙ ՔԻՉ

Դպրոցների օպտիմալացում կոչված միջոցառումների հետեւանքով Շիրակի մարզում միայն անցյալ ուստարում աշխատանքը կորցրել են 1000-ից ավելի մանկավարժներ, իսկ այս տարի նախատեսված էր նրանց թիվն ավելացնել շուրջ 600-ով: Սակայն, պարզվում է, ազատված ուսուցիչների ընդամենը մի փոքր մասը հնարավորություն կունենա օգտվելու Համաշխարհային բանկի վարկային ծրագրով նախատեսվողՙ 6-ամսյա դրամական փոխհատուցումից: Ինչպես հայտնի է, այս միանվագ վճարից կարող են օգտվել աշխատանքից ազատվելու պահին 50 եւ ավելի տարիք ունեցող այն մանկավարժները, որոնք ժամանակին դիմել ու հաշվառման են կանգնել աշխատանքի եւ զբաղվածության տարածքային կենտրոններում:

Զբաղվածության Գյումրու տարածքային կենտրոնի տնօրեն Ամալյա Ադամյանի տեղեկացմամբՙ մինչեւ նոյեմբերի կեսերը այստեղ հաշվառված է եղել աշխատանքից ազատված 77 ուսուցիչ, որոնցից հիշյալ ծրագրից կարող են օգտվել 45-ը: Ճիշտ էՙ հաշվառվող ուսուցիչների թիվն ավելանում է: Կենտրոնի տնօրենի հավաստիացմամբՙ գրանցվածները մինչեւ տարեվերջ կստանան հասանելիք գումարները:

Թվերի այսպիսի հարաբերակցությունից թերեւս կարելի է ենթադրել, որ աշխատանքը կորցրած ուսուցիչների մեծամասնությունը եղել են կամ թոշակային տարիքի, կամ 50-ից պակաս տարիք ունեցողները: Չի բացառվում, որ մի մասն էլ չիմացության կամ մեկ այլ պատճառով պարզապես չի դիմել հաշվառվելու:

ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4