«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#218, 2004-12-04 | #219, 2004-12-07 | #220, 2004-12-08


ՓՈԽԱՐԺԵՔԻ ՎՐԱ ԱԶԴՈՂ ԵՐԵՔ ՀԻՄՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՆՆԵՐ ԿԱՆ

Որոնք ներկայացրեց Կենտրոնական բանկի նախագահ Տիգրան Սարգսյանը

Առաջին գործոնը բնակչության սպասումներն են, որոնք ձեւավորում են փոխարժեքը: Երկրորդըՙ համաշխարհային տնտեսության ցիկլերը, երրորդըՙ շոկերը, որոնք ճշգրտում են մտցնում իրավիճակի մեջ: Թվարկելով վերոնշյալ գործոնները, Տիգրան Սարգսյանը նշեց, որ Նոր տարվա նախաշեմին մարդկանց դոլարային խնայողությունները վերածվում են դրամի: Բացի այդ, փոխարժեքի վրա ազդում են Եվրոբանկի եւ ԱՄՆ ֆեդռեզերվի ղեկավարների հայտարարությունները: Մեր հարցին, թե արդյոք մեր շուկայում չկա՞ն խուճապային տրամադրություններ, որոնք կարող են հանգեցնել ավելի կտրուկ տատանումների, ԿԲ նախագահը, վերահաստատելով սպասումների ազդեցությունը փոխարժեքի վրա, կարեւորեց խուճապային տրամադրություններից զերծ մնալը: Ինչ վերաբերում է Կենտրոնական բանկին, ապա նա շարունակելու է կոշտ դրամավարկային քաղաքականության եւ փոխարժեքի վրա արհեստական միջամտության բացառման որդեգրած քաղաքականությունը:

Տիգրան Սարգսյանն առավել մանրամասն անդրադարձավ ԿԲ սղաճի զսպման քաղաքականությանը, ասելով, որ բնակչության համար ավելի կարեւոր է հենց գների մակարդակը, քան փոխարժեքը: Եթե Կենտրոնական բանկը իրականացնի հաստատուն փոխարժեքի քաղաքականություն, ապա կունենանք գների կրկնակի-եռակի բարձրացում: Մինչդեռ դրամի արժեւորումը զսպող ազդեցություն է ունեցել գների վրա: Կոնկրետ վառելիքի միջազգային գների բարձրացման պարագայում Հայաստանում դրանք չաճեցին: Եթե վառելիքի գները բարձրանային, ապա դրան կհետեւեր մյուս ապրանքների գների բարձրացումը:

Կենտրոնական բանկի նախագահի հավաստմամբ, հնարավոր չէ հաստատուն փոխարժեքի եւ գների զսպման միաժամանակյա գոյությունը: Դրան հասնելու գործիքներ չկան ինչպես Հայաստանում, այնպես էլ Եվրոպայում, ԱՄՆ-ում եւ աշխարհում ընդհանրապես: Նշվեց, որ Եվրոմիությունում սղաճը գտնվում է 2 տոկոսի, ԱՄՆ-ում 2,5 տոկոսի սահմաններում:

Շարունակելով դասախոսության վերածված իր խոսքը, Տիգրան Սարգսյանը շեշտեց, որ Հայաստանի Կենտրոնական բանկը չի կարող միջամտել համաշխարհային տնտեսության մեջ ձեւավորվող գործընթացներին, որոնք ազդում են նաեւ Հայաստանի վրա, ինչն, ի դեպ, տեղի չէր ունենում մի քանի տարի առաջ: Վերջին ամիսներին ձեւավորվող միտումները մտահոգում են նաեւ Եվրոմիության Կենտրոնական բանկին, որը հանդես է եկել խուճապային տրամադրությունները կանխելու նպատակով արված հայտարարությամբ: «Շուկայում եւ միայն շուկայական գործընթացով է որոշվելու փոխարժեքը», ընդգծեց ԿԲ նախագահը: Նա միաժամանակ տեղեկացրեց, որ նվազագույն սպառողական զամբյուղում ընդգրկված մթերքների հաշվառմամբ, Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, այս տարվա 11 ամիսներին տեղի է ունեցել 0,3 տոկոս գնանկում: Դա գլխավորապես պայմանավորված է եղել հացամթերքների եւ կարտոֆիլի կայուն գներով:

«Ինչպե՞ս են փոխարժեքի տատանումներն ազդում Հայաստանի տնտեսության վրա» հարցին Տիգրան Սարգսյանը նույնպես բավականին երկար պատասխանեց: Նա հայտնեց, որ առանց թանկարժեք մետաղների Հայաստանի հիմնական առեւտրային գործընկեր երեք պետություններումՙ Ռուսաստանում, Իրանում եւ Թուրքիայում առեւտրի պայմանները Հայաստանի արտահանողների համար չեն փոխվել, եւ ներկայացրեց այդ երկրներում գնաճի ու գների մակարդակի ցուցանիշները: Այնուհետեւ դոլարի արժեզրկման դեպքում բարենպաստ պայմաններ են ստեղծվում նոր տեխնոլոգիաների ներմուծման եւ բարձրորակ ապրանքների արտադրության համար, որոնք մրցունակ կլինեն միջազգային շուկաներում: Դրամի արժեւորման արդյունքում նվազում է մեր տնտեսության դոլարիզացիայի մակարդակը: Այսինքն, Հայաստանի քաղաքացիները կնախընտրեն իրենց խնայողությունները պահել ազգային արժույթով, ինչի շնորհիվ մեր կախվածությունը դոլարից կնվազի: Փոխարժեքի հետ կապված ներկայիս խուճապը առաջացավ նաեւ այն պատճառով, որ մեր բնակչության խնայողությունների 75 տոկոսը դոլարով էր: Այդ պատճառով նրանք, ըստ Տիգրան Սարգսյանի, պետք է հետեւեն ԱՄՆ ֆեդռեզերվի քաղաքականությանն ու հայտարարություններին: Նման վստահությունը ամերիկյան դոլարի նկատմամբ հասկանալի համարվեց, քանի որ իր ստեղծման պահից հայկական դրամը ապրել է հիպերինֆլյացիոն շրջաններ: Այդուհանդերձ, նա տեղեկացրեց, որ ներկայումս բնակչության եւ գործարարների մի մասը իր խնայողությունները դրամի եւ եվրոյի փոխակերպելու մասին է մտածում: Եթե դա տեղի ունենա եւ այդ խնայողությունները վերածվեն դրամի, ապա Կենտրոնական բանկը համարժեք չափով դրամ կթողարկի, ինչը չի ազդի գների մակարդակի վրա:

Շուկայում մի շարք ապրանքների գների թանկացման հարցի առնչությամբ ԿԲ նախագահն այն կարծիքը հայտնեց, որ ներքին շուկայում սպառվող հայկական ապրանքների գների աճը կախված է այդ ապրանքների պահանջարկի ավելի մեծ աճի հետ: Վերջինս էլ, ըստ Տիգրան Սարգսյանի, պայմանավորված է բնակիչների եկամուտների աճով: Մեր այն հարցին, թե այս թանկացումները, բացի պահանջարկի աճից, պայմանավորված չե՞ն նաեւ շուկայում գործող ընկերությունների գերիշխող դիրքի չարաշահումներով եւ հակամրցակցային պայմանավորվածություններով, Տիգրան Սարգսյանը չպատասխանեց, ասելով, որ այդ հարցն առնչվում է այդ նպատակով ստեղծված կառույցին (տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովին-Ա. Մ.):

ԿԲ նախագահին տրվեցին նաեւ այլ հարցեր: Պատասխանելով դրանցից մեկին, նա նշեց, որ Հայաստանի 21 բանկերը այս տարվա 11 ամիսներին արձանագրել են 11 մլրդ դրամի եկամուտ: Մինչդեռ 2 տարի առաջ այդ համակարգն աշխատում էր վնասով: Սակայն անառողջ բանկերին դաշտից դուրս բերելուց հետո ներկայումս Հայաստանն ունի առողջ բանկային համակարգ:

Հայաստանում փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման կոնկրետ դեպքերից Տիգրան Սարգսյանը հիշատակեց «Կրեդիտ Երեւանի» դեպքը, երբ վերջինս թողարկել էր մեծ քանակությամբ արժեթղթեր եւ փորձում էր դրանք իրացնել զարգացած երկրներում: Մեկ այլ դեպք էլ հայտնաբերվել է ԱՄՆ-ում, որի մասին տեղեկացրել են ԿԲ գործընկեր բանկերը եւ որի առնչությամբ քրեական գործ է հարուցված:

Ի դեպ, մամուլի ասուլիսը հրավիրվել էր ՀՀ կենտրոնական բանկի պետական արժեթղթերի հաշվառման եւ հաշվարկների իրականացման համակարգի ներդրման կապակցությամբ:

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4