«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#221, 2004-12-09 | #222, 2004-12-10 | #223, 2004-12-11


ՎԱՐԴԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ. «ԺԱՄԱՆԱԿՆ Է ՄՏԱԾԵԼ ԵՐԿՐՈՐԴ ՓՈՒԼԻ ՀԱՂԹԱՀԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ»

Մրցաշրջան-2004-ն առավել քան հաջող էր Երեւանի «Փյունիկի» համար, որը յուրօրինակ հեթ-տրիկի հեղինակ դարձավՙ նվաճելով երկրի չեմպիոնի տիտղոսը, ՀՀ գավաթն ու սուպերգավաթը: Թիմից Միխայ Ստոյկիցայի մեկնելուց հետո առաջնության 9-րդ տուրից «Փյունիկի» ղեկը ստանձնեց Վարդան Մինասյանըՙ գլխավոր մարզչի պաշտոնում նորամուտը նշելով 16 անընդմեջ հաղթանակներով: Այսօր բարձրագույն խմբի ամենաերիտասարդ մարզիչը խմբագրության հյուրն է:

- Ընթացիկ մրցաշրջանում էլ «Փյունիկը» մրցակցությունից դուրս էր: Շատերի կարծիքով, հերթական հաջողությունը հեշտությամբ ձեռք բերվեց: Ինչպիսի՞ն էր այն գլխավոր մարզչի աչքերով:

- Իհարկե, արտաքինից ամեն ինչ հեշտ է թվում: Իրականում հաջողությունը ձեռք բերվեց ծանր, քրտնաջան աշխատանքի շնորհիվ: «Փյունիկը» ծանր, երկարատեւ մրցաշրջան անցկացրեց: Արգենտինացի ֆիզպատրաստության մարզչի գլխավորությամբ նախապատրաստական փուլում մեծ ծանրաբեռնվածությամբ էին ֆուտբոլիստները պարապում: Տղաներից շնորհակալ եմ, որ դիմացան ծանրաբեռնվածությանը եւ կարծես մի շնչով անցկացրին ողջ մրցաշրջանը: Դա պայմանավորված էր ուսումնամարզական գործընթացի ճիշտ կազմակերպմամբ, ինչպես նաեւ ակումբի ղեկավարությանՙ գործի նկատմամբ պրոֆեսիոնալ մոտեցմամբ: Թիմը համալրվեց սեփական կադրերով: «Շիրակից» հրավիրված Կարեն Ալեքսանյանը, իմ կարծիքով, 3-րդ եւ 4-րդ շրջաններում գերազանց խաղ ցուցադրեցՙ դառնալով թիմի առաջատարներից մեկը: Թիմի առջեւ խնդիր էր դրվել նվաճել բոլոր մրցանակները, ինչը կատարվեց: Իսկ ամենագլխավոր խնդիրը չեմպիոնների լիգայում հաջող հանդես գալն է: Արդեն 3-րդ տարին թիմը հաջողությամբ հաղթահարում է չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի արգելքը: Ժամանակն է մտածել արդեն 2-րդ փուլի հաղթահարման մասին: Այս տարի թիմը պատրաստ չէր դրան: Նոր մրցաշրջանի խնդիրներից մեկն էլ լինելու է 2-րդ փուլի հաղթահարումը:

- Իսկ տեղի կադրերով հնարավո՞ր է այդ խնդիրը լուծել, թե՞ անհրաժեշտ կլինի լեգեոներների օգնությունը:

- Իմ համոզմամբ, լեգեոներները պետք է 2-3 անգամ մեր ֆուտբոլիստներից ուժեղ լինեն, որպեսզի նրանց հրավիրենք: Այդ դեպքում տեղացի ֆուտբոլիստներն իրոք նրանցից սովորելու բան կունենանՙ հատկապես պրոֆեսիոնալիզմի առումով: Ակումբի ղեկավարությունն արդեն աշխատանքներ է տանում եվրոգավաթների մեկնարկից մի քանի ամիս առաջ թիմը բարձրակարգ մի քանի լեգեոներներով համալրելու համար:

- Ի դեպ, ինչպե՞ս ես գնահատում թիմի լեգեոներների ելույթը:

- Նրանց արդեն լեգեոներներ չենք էլ համարում, կարծես հայեր լինեն, այնքան են մերվել կոլեկտիվին: Լոմբեի ու Բետեի համար ամենահաջող մրցաշրջանն էր Հայաստանում, նրանք գերազանց հանդես եկանՙ հաշվի առնելով նաեւ ելույթները տարբեր հավաքականներում: Նդումբուկը վնասվածքի պատճառով մի փոքր հետ ընկավ մյուսներից, սակայն նա էլ լավ ֆուտբոլիստ է: Դիավարան շատ օգտակար ֆուտբոլիստ է, կոլեկտիվ խաղի կողմնակից, սակայն գոլային պահերը ոչ միշտ է կարողանում օգտագործել:

- Կարծում եմ, այս տարվա հաջողությունն ավելի է կարեւորվում, քանի որ ձեռք բերվեց հիմնականում տեղի ֆուտբոլիստների շնորհիվ, որոնց թվում էին նաեւ տակավին պատանի սեփական կադրերը: Ինչպես երեւում է, այսուհետեւ «Փյունիկն» առավելապես ապավինելու է սեփական կադրերին: Նորեկներից ովքե՞ր իրենց լավ դրսեւորեցին:

- 1986-87 թթ. պատանիներին, որոնց հետ հույսեր էինք կապել, փորձարկեցինք «Փյունիկում»: Արդեն 5-6 ֆուտբոլիստներ կան, որ համարյա մոտ են հիմնական կազմում ընդգրկվելուն: Կնշեի Մխիթար Գրիգորյանին, Ալեքսանդր Պետրոսյանին, մրցաշրջանի սկզբում թիմում լավ խաղ էր ցուցադրում Ժորա Հովհաննիսյանը: Ռոբերտ Արզումանյանը վերջնագծում լավ հանդես եկավ, Խորեն Վերանյանն էլ իրեն վատ չդրսեւորեց, ապագա ունեցող ֆուտբոլիստ է: Դե, Վալերի Ալեքսանյանին հիմնական կազմի ֆուտբոլիստ եմ համարում, պարզապես նրա բախտը չբերեց, երկար ժամանակ ապաքինվում էր վնասվածքից: Եթե լավ մարզավիճակում լինի, կարծում եմ, ազգային հավաքականում էլ կարող է խաղալ: Ընդհանրապես, եթե ամեն տարի կարողանանք 3-4 նոր, երիտասարդ ֆուտբոլիստներ պատրաստենք, որոնք ամրապնդվեն հիմնական կազմում, դա արդեն մեծ նվաճում կլինի:

- Վարդան, որպես ֆուտբոլիստ «Փյունիկում» 6 անգամ արժանացել ես չեմպիոնի տիտղոսին: Այս անգամ 7-րդ ոսկե մեդալը ստանալու ես որպես մարզիչ: Ինչպիսի՞ զգացում ունես:

- Միշտ էլ առաջին անգամ հաջողության հասնելն առանձնակի ուրախություն է պատճառում: Որպես գլխավոր մարզիչ սա իմ առաջին հաջողությունն է, ուստի տպավորություններն ու զգացումներն այլ են, քան ֆուտբոլիստ եղած ժամանակ: Ինչ խոսք, Միխայ Ստոյկիցայի կողքին աշխատելն ինձ մեծ օգուտ տվեց, շատ բան եմ նրանից սովորել ու շնորհակալ եմ դրա համար: Նա իրոք որ պրոֆեսիոնալ մարզիչ է:

- Ոմանց կարծիքով, բացառությամբ «Փյունիկի», թիմերի խաղամակարդակներում անկում էր նկատվում: Համամի՞տ ես այս տեսակետին:

- Եթե մրցանակակիրների մասին է, ապա «Միկայի» համար հակառակը կարող եմ ասել: Թիմն այս մրցաշրջանում ավելի ագրեսիվ ֆուտբոլ ցուցադրեց: «Միկան» իրոք արժանիորեն 2-րդ տեղը գրավեց: Իսկ ահա «Բանանցի» հարցում համաձայն եմ այդ տեսակետին: Իրոք, անցյալ տարվա համեմատ թիմի խաղում անկում նկատվեց, ինչն առաջին հերթին Հակոբյան եղբայրների բացակայությամբ էր պայմանավորված:

- Իսկ ինչո՞վ կբացատրես «Փյունիկի» եւ «Միկայի» միավորների ահռելի տարբերությունը (16):

- Դա նախ եւ առաջ պայմանավորված էր անձնական հանդիպումներում մեր առավելությամբ («Միկան» ընդամենը մեկ միավոր վաստակեց): Բացի այդ էլ, ի տարբերություն մեզ, «Միկան» համեմատաբար ավելի թույլ թիմերի հետ միավորներ կորցրեց: Մենք միայն վերջնագծում, երբ արդեն ամեն ինչ վճռված էր եւ դժվար էր տղաներին լրջորեն պայքարի տրամադրել, «Կիլիկիայի» հետ միավորներ կորցրեցինք:

- «Փյունիկի» երեք առաջատար ֆուտբոլիստներ պայմանագրեր են կնքել արտերկրի թիմերի հետ, ինչը թիմի համար հուսալի դարպասապահի եւ արդյունավետ հարձակվողների որոնման խնդիր է առաջացրել: Այս ուղղությամբ ինչպիսի՞ քայլեր են ձեռնարկվելու:

- Աշխատանք է տարվում տեղի թիմերից դարպասապահ ու կիսապաշտպան հրավիրելու: Ես արդեն ընտրել եմ թեկնածուներին, բայց առայժմ չեմ ուզում անուններ տալ: Նախապատրաստական փուլում կընդգրկենք «Փյունիկ-2»-ից եւ «Փյունիկ-3»-ից աչքի ընկած պատանիների: «Փյունիկի» մի քանի ֆուտբոլիստներ եւս մեկնելու են փորձաշրջանի եւ հնարավոր է, նրանք էլ պայմանագրեր կնքեն: Ուրախ կլինեմ տղաների համար, եթե հաջողվի նրանց ամրապնդվել տարբեր թիմերում: Դա կնպաստի թե՛ նյութական բարեկեցությանը, թե՛ ֆուտբոլիստների վարպետության աճին:

- Սարգիս Հովսեփյանը նշել էր, որ եթե այլ ակումբներից հրավեր չստանա, հրաժեշտ կտա ֆուտբոլին:

- Առայժմ կոնկրետ առաջարկ չկա, այսօրվա դրությամբ նա թիմում է:

- Նոր մրցաշրջանի նախապատրաստությունը հեռու չէ: Ինչպիսի՞ն են ծրագրերը:

- Դեկտեմբերի 9-10-ին բժշկական հետազոտության ենթարկվելուց հետո ամսի 11-ից կսկսենք մարզումները, որոնք 18-28-ը կշարունակվեն Ծաղկաձորում: Մինչ Մոսկվա մեկնելը հավանաբար ուսումնամարզական հավաք անցկացնենք Արարատում: Մոսկվայից վերադառնալուց հետո Երեւանում մեկ շաբաթ կմարզվենք, հետո նախատեսված է երկշաբաթյա հավաք Սոչիում, որտեղ արհեստական խոտածածկույթով նոր խաղադաշտ է կառուցված եւ հիանալի պայմաններ են ստեղծված: Այնտեղ ստուգողական հանդիպումներում կփորձարկենք ֆուտբոլիստներին: Հրավեր ունենք Տաշքենդից, որտեղ մրցաշար է կազմակերպվելու մրցանակային հիմնադրամով եւ հիմնականում հրավիրվելու են ԱՊՀ երկրների չեմպիոնները: Այն կանցկացվի փետրվարի 22-ից մարտի 1-ը: Դա մեզ համար շատ կարեւոր կլինի ՀՀ գավաթի խաղերից առաջ: Սա է առայժմ նախնական ծրագիրը:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4